Վարակազերծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարակազերծում, դեզինֆեկցիա, արտաքին միջավայրում վարակիչ հիվանդությունների հարուցիչների, դրանց փոխանցողների, ինչպես նաև կրծողների ոչնչացումը ֆիզիկական, քիմիական և կենսաբանական մեթոդներով։ Ֆիզիկական մեթոդի դեպքում օգտագործում են լույսը, ուլտրամանուշակագույն ճառագայթները, բարձր ջերմաստիճանը, չորացումը, եռացումը, արդուկումը, այրումը, օդափոխությունը, խոնավ մաքրումը, փոշեծծիչներով մաքրումը և այլն։ Ցուրահատուկ տեղ են գրավում վարակազերծման խցիկները, ուր ազդող գործոններ են չոր, տաք օդը, ջրի տաք գոլորշիները (սովորական, բարձր և ցածր ճնշման պայմաններում), ինչպես նաև դրանց զուգակցումը քիմիական նյութերի (օրինակ, ֆորմալինի) հետ։ Քիմիական միջոցներից են քլորակիրը, քլորամինը, դիքլորամինը, լիզոլը, ֆենոլը, ֆորմալինը, նատրիումի մետասիլիկատը և այլն, որոնք օգտագործվում են գազային, հեղուկ կամ պինդ վիճակում։ Գործնականում առավել հաճախ կիրառվում է խոնավ մաքրման եղանակը։ Վարակազերծման կենսաբանական մեթոդն առայժմ լայն կիրառություն չունի և օգտագործվում է միայն կենդանի փոխանցողների ու կրծողների դեմ պայքարելիս։ Տարբերում են կանխարգելիչ, ընթացիկ և եզրափակիչ վարակազերծում․։ Կանխարգելիչ վարակազերծումը անցկացվում է անկախ վարակիչ հիվանդությունների առկայությունից և նպատակն է արտաքին միջավայրում հարուցիչների և դրանց փոխանցողների ոչնչացումը։ Հիմնականում կիրառվում է բուժական, նախադպրոցական և դպրոցական հիմնարկներում, սննդարդյունաբերության ձեռնարկություններում, հասարակական սննդի օբյեկտներում, կոմունալ տնտեսության հիմնարկներում (վարսավիրանոց, հյուրանոց և այլն), երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտում։ Կանխարգելիչ վարակազերծման խմբին են դասվում նաև կենտրոնական ջրամատակարարման ջրի ախտահանումը, տնտեսական թափոնների, աղբի ժամանակին հավաքումը, տեղափոխումը և վնասազերծումը, արյունածուծ երկթևանիների դեմ պայքարը։ Օգտագործում են 0,5-1,0%-անոց քլորակրի, 0,2—1,0%-անոց քլորամինի լուծույթներ, գազային քլոր, խոնավ մաքրում, եռացում, ստերիլացում՝ բարձր ճնշման տակ։ Ընթացիկ վարակազերծումը պարբերաբար անցկացվում է հիվանդի շուրջը (տանը կամ ստացիոնարում), նրա վարակելիության ողջ շրջանում։ Կախված վարակի բնույթից՝ ախտահանում են օդը, սպիտակեղենը, անկողնային պարագաները, ամանեղենը, սննդի մնացորդները և այլն։ Եզրափակիչ վարակազերծում կատարվում է հիվանդին (բացիլակրին) տվյալ շինությունից տեղափոխելուց անմիջապես հետո։ Վարակազերծման համար օգտագործում են տարբեր կառուցվածքի փոշեցրիչ և հեղուկացրիչ գործիքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։