Թուրքահայաստանի մասին դեկրետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թուրքահայաստանի մասին դեկրետա, ընդունել է ՌԽՖՍՀ ժողկոմխորհը 1917 թվականի դեկտեմբերի 29-ին (հրապարակվել է դեկտեմբերի 31-ին)։ Դեկրետի նախագիծ կազմելու համար 1917 թվականի նոյեմբերին ՌԽՖՍՀ ժողկոմխորհը կազմել էր հանձնաժողով, որի մեջ մտել էին Ի. Ստալինը (կոմունիստ), Պ. Պռոշյանը (ձախ ԷսԷռ), Պ. Աքսելրոդը (մենշևիկ)։ Հետագայում Աքսելրոդի փոխարեն հանձնաժողովի մեջ մտավ դաշնակցական Ստեփան Զորյանը (Ռոստոմ)։ Հանձնաժողովի աշխատանքներին աջակցեցին հայկական գործերի կոմիսարիատի գործիչներ Վ. Ավանեսովը, Վ. Տերյանը, Ս. Լուկաշինը և ուրիշներ։ Հանձնաժողովը կազմեց ծրագիր, որի համաձայն արևմտյան Հայաստանը պետք է դառնար անկախ պետություն, իսկ արևելյան Հայաստանը մնար Ռուսաստանի կազմում՝ ներքին ինքնավարության իրավունքով։ Այս ոգով կազմվեցին նաև արևմտյան Հայաստանի մասին զեկուցագիրն ու նրա անկախության մասին դեկրետի նախագիծը։ Զեկուցագրում նկարագրված էր թուրք, կառավարող շրջանների կողմից ծրագրված բնաջնջման ենթարկվող արևմտահայերի վիճակը։

Թուրքահայաստանի դրոշ

«Թուրքահայաստանի ճակատագրի հարցը, ասվում էր զեկուցագրում.եղել է հայ կյանքի ամենասուր, ամենածանր, ամենացավոտ հարցը։ Արդեն շատ տասնյակ տարիներ, ոչ միայն հայ ինտելիգենցիայի, այլև բանվորական ու գյուղական դեմոկրատիայի ամենալայն մասսաների բոլոր մտքերն ու ամբողջ ուշադրությունը պինդ գամված են եղել հայկական կյանքի այդ «անիծյալ հարցին»։ Զեկուցագրում բացահայտված էր հայկական հարցի լուծման նշանակությունը հայ ժողովրդի համար, խստորեն քննադատվում էին իմպեր. պետությունները, որոնք միջազգային ասպարեզ դուրս եկած հայկական հարցը օգտագործում էին իրենց շահադիտական նպատակների համար։ Զեկուցագրում բերվում էին հայ բնակչության բնաջնջման ընթացքը ցույց տվող անառարկելի թվական տվյալներ, դեռևս XVII դարում հայերը կազմում էին արևմտյան Հայաստանի ամբողջ բնակչության 98%-ը, իսկ 1914 թվականին՝ միայն 42%-ը։ Սակայն թուրք, կառավարողներին այդ վիճակը ևս չէր բավարարում։ Երիտթուրքերի կառավարությունը իր պանթյուրքիստ. ծրագրերը իրագործելու, հայկական հարցից մեկընդմիշտ ազատվելու համար վճռեց ֆիզիկապես բնաջնջել հայերին և տիրանալ նրանց տարածքին։

Զեկուցագրի հետ ժողկոմխորհի քննարկմանը ներկայացվեց նաև «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախագիծը։ Հանձնաժողովը դեկրետի հիմքում դրել էր հետևյալ կարևորագույն դրույթը. «Ռուսաստանի ... կառավարությունը պաշտպանում է Ռուսաստանի կողմից օկուպացված «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն», միաժամանակ Ռուսաստանի բանվորական և գյուղացիական կառավարությունը ցույց կտա ամեն տեսակ աջակցություն, որպեսզի նախնական երաշխիքներ ստեղծվեն հայ ժողովրդի իսկական և ազատ ինքնորոշումը հնարավոր դարձնելու համար»։ Նախագծի հեղինակները արևմտյան Հայաստանում հայկական պետության ստեղծման և պահպանման համար անհրաժեշտ էին համարում իրագործել հետևյալ միջոցառումները. ա. ձեռնամուխ լինել Ռուսաստանի սահմանները փախած թուրքահայերին անհապաղ բնակեցնել իրենց մշտական բնակության վայրերում. բ. պահանջել, որպեսզի հայրենիք վերադառնալու հնարավորություն տրվի բոլոր այն հայերին, որոնք պատերազմի ժամանակ բռնի արտաքսվել են Հայաստանից, գ. հայրենիք վերադառնալու հնարավորություն ստեղծել նաև այն հայերի համար, որոնք հարկադրված գաղթել են Եվրոպայի և Ամերիկայի տարբեր երկրներ։ Դեկրետի նախագծում միաժամանակ Թուրքահայաստանի գլխավոր կոմիսարին առաջարկվում էր թուրքահայերի ընտրովի ներկայացուցիչներից կազմակերպել խորհուրդ և նրա հետ ձեռնամուխ լինել գաղթականներին իրենց տեղերում վերաբնակեցնելուն։ Անհրաժեշտ էր համարվում ամենակարճ ժամկետում նախապատրաստական միջոցառումների նախագիծ մշակել և ներկայացնել ժողկոմխորհի հաստատմանը։ Վերոհիշյալ նպատակների համար հարկ եղած վարկերը պետք է դուրս գրվեին ռազմական ֆոնդի հաշվին։ Վարկի չափը պետք է որոշեր թուրքահայերի խորհուրդը Թուրքահայաստանի գլխավոր կոմիսարի հետ։ Բոլոր այս խնդիրները և միջոցառումները կարող էին կենսագործվել, հայկական պետությունը կարող էր ստեղծվել և գոյատևել միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ քանակությամբ ռուս, զորքեր թողնվեին արևմտյան Հայաստանում։ Դեկրետի նախագծի այդ մասում ասվում էր, որ անհրաժեշտ քանակությամբ ռուս, զորքեր կթողնվեն Հայաստանի սահմաններում (նախկին Էրզրումի, Վանի ու Բիթլիսի սահմաններում) այնքան ժամանակ, մինչև որ սուվերեն հայ ժողովուրդը ֆիզիկական հնարավորություն կստանա ազատ համաժողովրդական քվեարկությամբ վճռել անկախ Հայաստանի ներքին կարգի հարցը, մինչև որ կկազմակերպվի հայ ժողովրդական միլիցիա երկրի ներքին ու արտաքին անվտանգությունն ապահովելու համար։ Դեկրետի նախագծի այս կետը չափազանց կարևոր նշանակություն ուներ։ Նախ՝ անհրաժեշտ քանակով ռուս, զորք պետք է թողնվեր արևմտյան Հայաստանի սահմաններում, մինչև հայկական ժող. միլիցիայի ստեղծումը։ Իսկ առանց այդ միջոցառման դեկրետը իրական նշանակություն չէր կարող ունենալ։ Ապա կոնկրետ նշվում էր արևմտյան Հայաստանի պետության տարածքը, որն ընդգրկում էր էրզրումի, Վանի, Բիթլիսի նահանգները։ Դեկրետի նախագիծը իրական երաշխիքներ էր պարունակում արևմտյան Հայաստանում անկախ պետության ստեղծման և պահպանման համար։ «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախագիծը ժողկոմխորհում քննարկվել է 1917 թվականի դեկտեմբերին. 20, 23, 29-ին։ Դեկտեմբերի 20 և 23 թվականին ժողկոմխորհը Ստալինի և Պռոշյանի միջև առաջացած տարաձայնությունների պատճառով որոշում չի ընդունել, և հարցը հետաձգվել է լրացուցիչ նախապատրաստական աշխատանքի համար։ Դեկտեմբերի 29-ին ժողկոմխորհը որոշ փոփոխություններով ընդունել է դեկրետը։ Գտնելով, որ Թուրքահայսատանի լիակատար անկախության կենսագործումը հնարավոր է միայն մի շարք նախնական երաշխիքների առկայության պայմաններում (որոնք բացարձակապես անհրաժեշտ են հայ ժողովրդի ազատ հանրաքվեի համար)՝ ժողկոմխորհը տարօրինակ կերպով դեկրետի նախագծի միջոցառումների իրականացման միակ հիմնական երաշխիքը ձևակերպել է հետևյալ կերպ.

Դեկրետի իրականացման պարտականությունը դրվել է Կովկասի գործերի արտակարգ ժամանակավոր կոմիսար Ս. Շահումյանի վրա, որին սակայն այդ նպատակի իրականացման համար ոչ զինված ուժեր տրվեցին, ոչ էլ ֆինանս, միջոցներ։ Հատկանշական է, որ դեկ րետում ժողկոմխորհը խուսափեց նշել Թուրքահայաստանի պետության սահմանները։ Ստեղծված իրավիճակում, երբ ռուս, զորքերը հեռացան ոչ միայն արևմտյան Հայաստանից, այլև Անդրկովկասից, իսկ թուրք, զորքերը 1918 թվականի հունվարի վերջին արշավեցին Անդրկովկաս՝ հիմնականում արևելյան Հայաստանը գրավելու նպատակով, «Թուրքահայաստանի մասին» դեկրետը գործնական առումով դարձավ անարժեք։ Դեկրետի նշանակությունը միայն այն էր, որ նրանով խորհրդային Ռուսաստանի կառավաությունը ճանաչում էր հայ ժողովրդի պահանջատիրությունը, հայ ժողովրդի պատմական իրավունքները։ Սակայն 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայի պայմանագրով խորհրդային Ռուսաստանի կառավարությունը, բացարձակապես չունենալով դրա իրավունքը, արևմտյան Հայաստանը ճանաչեց Թուրքիայի բաղկացուցիչ մաս և դրանով իսկ փաստորեն հրաժարվեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։