Թուղթ ընդհանրական (գրություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Դ Կլայեցի

Թուղթ ընդհանրական, Ներսես Շնորհալու հորդորական գրությունը՝ ուղղված բոլոր հայերին։ Արտացոլում է 12-րդ դարի սոցիալ-տնտեսական հարաբերությունների, հասարակական ներհակությունների բնույթը Հայաստանում։ Այն նաև ամուսնաընտանեկան, քրեա-իրավական նորմերի հուշարձան է։ «Թուղթ ընդհանրական»-ն ուղղվել է աշխարհիկ և հոգևոր բոլոր խավերին, բացահայտել հոգևորականության այլասերումն ու հեղինակության անկումը, եկեղեցու հետ ազգային ինքնուրույնության պահպանման հարցում։ Ներսես Շնորհալին հոգևորականներին խրատել է՝ ագահության, հարստություն կուտակելու, անձնական տնտեսություններն ընդլայնելու տենչով մտահոգվելու փոխարեն նվիրվել ժողովրդի հոգևոր դաստիարակության գործին, լինել առաքինի, պարկեշտ, զերծ մնալ կաշառակերությունից։ Աշխատավորներին նվիրված բաժնում կամայականությունների, անօրինական հարկերի, ծայրահեղ շահագործման ենթակա ժողողովուրդների զանգվածների վիճակը թեթևացնելու նպատակով ֆեոդալներին հորդորել է լինել չափավոր, շինականին անտեղի չհարկել, չպատժել, չկողոպտել, մահվան չդատապարտել։ Նրանց հորդորել է նվիրվածություն հոգևոր կյանքին, հնազանդություն ֆեոդալներին։ «Թուղթ ընդհանրական»-ում հեղինակը սահմանել է ամուսնական տարիքը (տղաների համար՝ 15, աղջիկների համար՝ 12), կարևոր համարել ամուսնության կամավորությունը։ Խրատներում հատուկ տեղ է հատկացվել կանանց։ Գիտակցելով կենցաղ մուտք գործող ծայրահեղ նորաձևությունների վտանգավորությունը՝ կանանց խրատել է պճնամոլությամբ զբաղվելու, անձը ոսկով ու արծաթով զարդարելու փոխարեն լինել պարկեշտ, հոգեպես գեղեցիկ, զերծ մնալ աղանդներից, կավատությունից, անբարոյականությունից։ «Թուղթ ընդհանրական»-ը գրվել է հոգևորականության դերի բարձրացման, հերձվածողների դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով, արտացոլել է դասակարգային հակասությունների սրման, սոցիալական, իրավական անարդարությունների խորացման էությունը։ Այնտեղ հայ իրականության մեջ առաջին անգամ արծարծվում է աշխատավոր ժողովրդին կամայականություններից պաշտպանելու անհրաժեշտությունը։ «Թուղթ ընդհանրական» առաջին անգամ հրատարակվել է 1788 թվականին, Պետերբուրգում։ 1829 թվականին Վենետիկում հրատարակվել է լատինական, 1841 թվականին Պետերբուրգում՝ ռուսերեն մասնակի թարգմանությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 232