Թոռներ (հուշագրություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոռներ
թուրքերեն՝ Torunlar
Շապիկին` անհայտ ընտանիքի լուսանկար
ՀեղինակՖեթհիյե Չեթին
Այշե Գյուլ Ալթընայ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհուշագրություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզութուրքերեն
Լեզուհայերեն
Էջեր278
Հրատարակման տարեթիվ2011
Թարգմանիչ հայերենԼիլիթ Գասպարյան
ԳՄԴ63,3 (2Հ)+84 Հ-4

Թոռներ (թուրքերեն՝ Torunlar), Ֆեթհիյե Չեթինի և Այշե Գյուլ Ալթընայի Հայոց ցեղասպանության մասին հուշագրությունը, որտեղ ներկայացված են 1915 թվականին կամ էլ դրանից առաջ իսլամացված, ձուլված Անատոլիայի հայ երեխաների պատմությունները։

Հեղինակների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեթհիյե Չեթին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեթհիյե Չեթինը ծնվել է Մադենում։ Տարրական, միջնակարգ կրթություն ստացել է Մահմուդիյեում, Մադենում և Էլյազիգում։ Ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Եղել է Ստամբուլի փաստաբանների կոլեգիայի, Մարդու իրավունքների պաշտպանության գործադիր կոմիտեի անդամ և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի խոսնակը։

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանն է։

Այշե Գյուլ Ալթընայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունը անցել է Դիարբեքիրում, երիտասարդությունը՝ Ստամբուլում։ Ուսանել է քաղաքագիտություն և հասարակագիտություն Բողազջը համալսարանում։ Մշակութային մարդաբանության դոկտորի կոչում է ստացել ամերիկյան Դյուկ համալսարանում։ Սաբանջ համալսարանում դասավանդում է մարդաբանություն և մշակութաբանություն։ Հեղինակել է «Հայրենիք-ազգ-կանայք» (llestim, 2000), «Ռազմական ազգի ֆիլմը։ Միլիտարիզմը, գենդերականությունը և կրթությունը Թուրքիայում» (Palgrave Macmillan, 2004), «Էբրու. մշակութային բազմազանության արտացոլումը» (Metis, 2007), «Այսպես գեղեցիկ եմ» (Հյուլյա Ադակի, Էսին Դյուզելի և Նիլգյուն Բայրաքթարի համահեղինակությամբ, sel, 2008) գրքերը։ Այշե Գյուլ Ալթընայի «Թուրքիայում կանանց նկատմամբ բռնությունը» (Յեշիմ Արատի համահեղինակությամբ, 2007) աշխատությունը 2008 թվականին արժանացել է «PEN Դույգու Ասենա» մրցանակին։

Գրքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թոռներ» գրքում 1915 թվականին կամ էլ դրանից առաջ իսլամացված, ձուլված Անատոլիայի հայ երեխաների պատմություններն են։ Գիրքը վկայությունների ժողովածու է, որում մարդիկ պատմում են իրենց ապրած ողբերգական զգացումները, երբ տարիներ անց պարզել են իրենց մեծ մայրերի հայկական արմատների փաստը։ Իրենք մարդիկ են, որոնք ինչ որ կերպ դարձել են Ցեղասպանության զոհ[1][2]։ Հեղինակները գրքում ամբողջացրել են 24 պատմություն։

Մեջբերումներ գրքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր պատմություններում ցեղասպանության մասին, միանշանակ, խոսք կա, քանի որ մարդիկ հիշում են, թե ինչպես են իրենց ծնողները աքսորվել, բռնագաղթի ենթարկվել, կոտորվել։ Թոռները պատմում են իրենց տատիկների պատմությունները, թե ինչպես են ճանապարհին ծնողներին երեխաների աչքի առջեւ սպանել եւ այլն։ Ցեղասպանության մասին հիմնականում ավելի խտացված ներկայացնում է իմ գործընկերուհին` Այշեն։ Բավական խնդրահարույց վերջաբան է նա գրել։ Ես գիտեմ, որ Հայաստանում ընդունված չէ ցեղասպանություն բառը գրել չակերտների մեջ, բայց թուրքերեն դա ոչ թե հեգնանքի նշան է, այլ բառին հաղորդում է ավելի տպավորիչ իմաստ։
- Ֆեթհիյե Չեթին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թոռների» շնորհանդեսը
  2. «Ինքնությունը կորցրած հայերի պատմությունը` թոռների շուրթերով. «Ազգ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.