Թոմա Չորբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմա Չորբա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1864(1864-01-15)
ԾննդավայրՔիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 30, 1936(1936-12-30) (72 տարեկան)
ԳերեզմանՀայկական կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ռումինիայի թագավորություն
ԿրթությունԿիևի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունբժիշկ
 Toma Ciorbă Վիքիպահեստում

Թոմա Թեոդոսի Չորբա (ռում.՝ Toma Ciorba, հունվարի 15, 1864(1864-01-15), Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1936(1936-12-30)), բեսարաբցի բժիշկ, առողջապահական աշխատանքների կազմակերպիչ, հասարակական գործիչ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմա Չորբան ծնվել է Քիշնևում, որն այն ժամանակ Ռուսական կայսրության Բեսարաբիայի նահանգի կենտրոնն էր, 1864 թվականի հունվարի 15-ին, զինվորականի բազմազավակ ընտանիքում (վեց երեխաներից տարիքով ամենամեծն էր)։ 1875 թվականին ընդունվել է ամբողջ Բեսարաբիայում լավագույն կրթօջախի համբավին արժանացած արական գիմնազիան[1], 1885 թվականին՝ Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որն ավարտելով 1893 թվականին, վերադարձել է հայրենի բնօրրան՝ բնակչությանը բժշկական որակյալ ծառայություններ մատուցելու։

1893-1896 թվականներին Քիշնևում աշխատել է որպես սանիտարական բժիշկ՝ ձգտելով տներում, բակերում, փողոցներում, հասարակական վայրերում, սննդի և առևտրի օբյեկտներում սանիտարական պատշաճ կարգուկանոն հաստատելու միջոցով կանխել հիվանդությունների առաջացումն ու տարածումը[2]։ 1896 թվականին նախաձեռնել ու հիմնել է վարակիչ հիվանդությունների բուժման հիվանդանոց, որի գլխավոր բժիշկն էր հիմնադրման օրից մինչև 1932 թվականը։ Դա առաջին մասնագիտացված բժշկական հաստատությունն էր ամբողջ նահանգում։ Հիվանդանոցը ղեկավարելու հետ մեկտեղ նա այնտեղ աշխատում էր որպես վարակաբան, միաժամանակ մասնագիտական դասեր էր տալիս երիտասարդ, անփորձ բուժաշխատողներին, օգնում, որ հմտանան գործի մեջ։ Բացի այդ, 1893-1903 թվականներին համատեղության կարգով աշխատել է նահանգային հիվանդանոցում որպես հոգեբուժական բաժանմունքի օրդինատոր։ Ի դեպ, Չորբան մինչև 1935 թվականը հենց իր հիմնած հիվանդանոցում էլ ապրում էր։ Ընդ որում՝ ապրում էր չափազանց համեստ։ Իշխանությունների անբարեհաճ վերաբերմունքի և քաղաքում գործող մասնավոր բժիշկների անբարեխիղճ մրցակցության հետևանքով լուրջ դժվարությունների էր հանդիպում հիվանդանոցին անհրաժեշտ դեղորայքի, գույքի, նյութերի, պարագաների ձեռքբերման գործում, բայց առանց վհատվելու, համառ կամք դրսևորելով՝ միջոցներ էր փնտրում ու գտնում ծագած դժվարությունները հաղթահարելու, մարդասիրական իր առաքելությունը մինչև վերջ պատվով առաջ տանելու համար։ Աղքատ հիվանդներին երբեք չէր թողնում անօգնական վիճակում, հաճախ ինքն էր վճարում նրանց բուժման համար անհրաժեշտ դեղերի գումարը, ձմռանը մինչև անգամ վառելափայտ էր գնում և ուղարկում նրանց տները։ Լսելով նրա՝ որպես բարձրակարգ մասնագետի համբավը՝ հրավիրեցին Սանկտ Պետերբուրգ, բայց նա հրավերքը չընդունեց։

Քիշնևում 1903 թվականին կազմակերպված հրեական ջարդերից հետո Չորբան սանիտարական բժիշկ Մ. Բ. Ֆրենկելի հետ զբաղվեց քաղաքի հրեական գերեզմանատանը դիակները զննելու և փաստաթղթավորելու, ինչպես նաև՝ վիրավորներին հրեական հիվանդանոցում բուժելու գործով։ Նա նպաստեց ծաղիկ հիվանդության բուժման նպատակով պատվաստանյութի ստեղծմանը, հիմնեց այդ պատվաստանյութի արտադրության լաբորատորիա, ձեռնամուխ եղավ ծաղկի դեմ երեխաներին կանխարգելիչ նպատակով պատվաստելու՝ իր իսկ կազմած ծրագրի իրականացմանը։ Ի հավելումն այս ամենի՝ ներդրեց դիֆթերիան պատվաստանյութով բուժելու եղանակը։

1905 թվականին, երբ սկսվեց ռուս-ճապոնական պատերազմը, Կարմիր խաչի տեղական բաժանմունքի որոշմամբ՝ Չորբան գլխավորեց բեսարաբիական զինվորական հոսպիտալը, որին գործուղեցին Հեռավոր Արևելք[1]։ Մեկուկես տարի ծառայեց այստեղ որպես ռուսական կայսերական բանակի բժիշկ, այնուհետև նախաձեռնեց Կարմիր խաչի բուժքույրերի համար նահանգային միություն ստեղծելու, Կարմիր խաչի համաբուժարան հիմնադրելու աշխատանքները։ Կարևոր է շեշտել նաև հետևյալ՝ ամենևին էլ ոչ երկրորդական գործը. այդ նրա հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ Բեսարաբիայում պարտադիր կարգով մտցվեց բնակչության պատվաստումը ծաղիկ հիվանդության դեմ և ծծմբային թերապիան՝ դիֆթերիայի դեմ։ Եվս մեկ նշանակալից հանգամանք. առողջապահության բնագավառի բազմազբաղ ղեկավար, մասնագետ բժիշկ լինելով հանդերձ՝ նա հասցրել է հեղինակել մի շարք աշխատություններ Քիշնև քաղաքի սանիտարական վիճակի, իր ղեկավարած հիվանդանոցի, նահանգային հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի մասին[2]։

Առողջապահության բնագավառի մեծավաստակ գործիչը վախճանվել է 1936 թվականի դեկտեմբերի 30-ին։ Հուղարկավորվել է Քիշնևի Կենտրոնական (Հայկական) գերեզմանատանը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фома Федосеевич Чорба[3], Моисей Борисович Френкель, санитарные врачи. Отчёт о санитарном состоянии города Кишинёва в 1897 году. Кишинёв: Типография А. Гольденштейна, 1898. — 43 с.

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիշնև քաղաքի նախկին Գոսպիտալնայա փողոցը 1964 թվականին վերանվանվել է Թոմա Չորբայի պատվին։ Նրա անունն է կրում նաև իր իսկ հիմնած հիվանդանոցը, որի պատին 1965 թվականին տեղադրվել է Թոմա Չորբայի հիշատակը հավերժացնող հուշատախտակ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Тарнакин В., Соловьёва Т. Все заразные болезни Чорба прививал на себе // Кишинёвский Обозреватель. — 14.10.2010. — № 37.
  2. 2,0 2,1 2,2 Кишинёв. Энциклопедия. — Кишинёв: Главная редакция Молдавской Советской Энциклопедии, 1984. — С. 528.
  3. Գրքի տվյալներում անունը և հայրանունը Фома Федосеевич.