Թիֆենի Միլբրեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիֆենի Միլբրեթ
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1972(1972-10-23)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Պորտլենդ
Հասակ 1,57 ± 0,001 մետր[1]
Քաշ 61 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Թիֆենի Կարլին Միլբրեթ (անգլ.՝ Tiffeny Carleen Milbrett, հոկտեմբերի 23, 1972(1972-10-23)[1], Պորտլենդ), ամերիկացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ ԱՄՆ հավաքականի կազմում դարձել է աշխարհի (1999) և Օլիմպիական խաղերի (1996) չեմպիոն, Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր։ Երկու անգամ (2000 և 2001 թվականներին) ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է տարվա խաղացող։ Փորթլենդի համալսարանում ելույթների ժամանակ երեք անգամ ընտրվել է NCAA-ի խորհրդանշական 1-ին հավաքականի անդամ։ WUSA կանանց պրոֆեսիոնալ լիգայի MVP (2001), W-League (2006) և Women’s Professional Soccer լիգայի չեմպիոն (2010)։ ԱՄՆ ֆուտբոլի Փառքի ազգային սրահի անդամ (2018)։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլբրեթը (ծնունդով Փորթլենդից (Օրեգոն), սովորել է Փորթլենդի համալսարանում 1990-1995 թվականներին[2] և ներկայացրել է համալսարանական ֆուտբոլի հավաքականը կանանց մրցումներում 1990, 1991, 1992 և 1994 թվականների մրցաշրջաններում։ 1990 թվականի արդյունքներով Socccer America ամսագիրը նրան անվանել է ԱՄՆ-ի առաջին կուրսեցի լավագույն ֆուտբոլիստուհի, իսկ հաջորդ մրցաշրջաններից յուրաքանչյուրում նա ընդգրկվել է NCAA-ի 1-ին խորհրդանշական հավաքականում և դարձել է Հերման Տրոֆիի՝ ԱՄՆ-ի լավագույն ուսանող-ֆուտբոլիստների ամենամյա մրցանակի հավակնորդների քվեարկության եզրափակչի մասնակից[3]։ Չորս մրցաշրջանների ընթացքում «Փորթլենդ Փայլոտսի» կազմում Միլբրեթը 103 գնդակ է խփել մրցակիցների դարպասը և կատարել 40 արդյունավետ փոխանցում՝ 1994 թվականին համալսարանի հավաքականի պատմության մեջ առաջին անգամ նրա հետ դուրս գալով NCAA I դիվիզիոնի (քոլեջի գավաթ) Չորսի եզրափակիչ։ Ավարտելուց հետո նա «Փայլոտսի» ռեկորդակիրն էր և՛ խփած գոլերի քանակով, և՛ փոխանցումների քանակով, և քառորդ դար անց նա դեռ երկրորդ տեղն էր զբաղեցնում թիմի պատմության մեջ խփած գոլերի քանակով՝ զիջելով միայն Քրիստին Սինքլերին (և առաջ անցնելով նրանից այնպիսի ցուցանիշով, ինչպիսին է մեկ խաղում գոլերի միջին քանակը)[2]։

1991 թվականից հանդես է եկել ԱՄՆ-ի ազգային հավաքականում՝ առաջին անգամ նրա կազմում խաղալով 18 տարեկանում՝ աշխարհի առաջին առաջնությանը նախորդող մրցաշարում։ Ընդհանուր առմամբ 1991-1994 թվականներին ազգային հավաքականի կազմում անցկացրել է 20 խաղ։ 1995 թվականին մասնակցել է 21 հանդիպման, որոնցից 10-ում խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և խփել 3 գնդակ (թիմում լավագույն ցուցանիշը Տիշա Վենտուրինիի և Քրիստին Լիլիի հետ միասին) Շվեդիայում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ ամերիկուհիները դարձել են բրոնզե մեդալակիրներ[4]։ Հաջորդ տարի դարձել է Ատլանտայի օլիմպիական չեմպիոն՝ խփելով հաղթական գնդակը Չինաստանի հավաքականի դեմ եզրափակիչ խաղում[5]։ Հավաքականում ելույթների հետ միաժամանակ 1995-1997 թվականներին խաղացել Է Ճապոնիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում[4]։

1999 թվականին հավաքականի հետ հաղթանակ է տարել ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությունում՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուներից մեկը։ Հաջորդ տարի Սիդնեյի օլիմպիական ֆուտբոլային մրցաշարի եզրափակչում դարձել է գոլի հեղինակ[5], բայց ամերիկուհիները պարտվել են խաղում՝ մնալով երկրորդը[2]։ Մրցաշրջանի արդյունքներով ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիան Միլբրեթին ճանաչել է տարվա ֆուտբոլիստ։ 2001 թվականին նա երկրորդ անգամ անընդմեջ արժանացել է այդ կոչմանը[6]։

2001 թվականին ԱՄՆ-ի հավաքականի այլ խաղացողների հետ դարձել է Կանանց պրոֆեսիոնալ միացյալ ֆուտբոլային ասոցիացիայի (WUSA) հիմնադիրը[7], որտեղ խաղացել է «Նյու Յորք Փաուեր» ակումբում և ճանաչվել է լիգայի դեբյուտային մրցաշրջանում ամենաօգտակար խաղացող և հարձակման լավագույն խաղացող[8]։ WUSA-ն լուծարվել է 2003 թվականի սեպտեմբերին՝ աշխարհի առաջնության մեկնարկի նախօրեին[7], որտեղ Միլբրեթը ԱՄՆ հավաքականի հետ նվաճել է բրոնզե մեդալներ[2]։ Կարճ ժամանակ անց նա հեռացել է հավաքականից՝ այդ քայլը բացատրելով մարզիչ Էյպրիլ Հեյնրիքսի հետ գաղափարական տարաձայնություններով[9]։ Այն բանից հետո, երբ 2005 թվականի սկզբին Հեյնրիքսին հավաքականի մարզչի պաշտոնում փոխարինել է Գրեգ Ռայանը, Միլբրեթը որոշ ժամանակով վերադարձավ թիմ[10]։ Ընդհանուր առմամբ հավաքականում ելույթների ընթացքում անցկացրել է 206 հանդիպում[2] և խփել ուղիղ 100 գոլ։ Միլբրեթը ԱՄՆ-ի պատմության երկու ֆուտբոլիստուհիներից մեկն է (Միա Համմի հետ միասին), որը 100 և ավելի գոլ է խփել և համալսարանական թիմի, և ազգային հավաքականի կազմում[5]։

2004 թվականի մարտին ենթարկվել է ծնկի աճառային հյուսվածքների վիրահատության[11]։ 2006-2008 թվականներին ամերիկացի հարձակվողը խաղացել է կիսապրոֆեսիոնալ W-League-ում «Վանկուվեր Ուայթքեփս» ակումբում՝ 2006 թվականին նրա հետ նվաճելով չեմպիոնական տիտղոս[12]։ «Ուայթքեփսում» հանդես գալուն զուգահեռ խաղացել է Շվեդիայի առաջնությունում, որտեղ 2006 թվականի մրցաշրջանի վերջնամասում անցկացրել է 13 հանդիպում և 2007 թվականի մրցաշրջանի սկզբում «Լինչյոպինգ» ակումբի կազմում[13]։ 2009 թվականին, Women’s Professional Soccer նոր լիգայի ձևավորմամբ, միացել է «Գոլդ Պրայդ» ակումբին 1999 թվականի աշխարհի ևս մեկ չեմպիոն բրենդի Չեսթեյնի հետ[14]։ 2010 թվականին թիմը նվաճել է չեմպիոնական տիտղոսը՝ եզրափակչում 4:0 հաշվով հաղթելով «Ֆիլադելֆիա Ինդեպենդենս» ակումբին[15]։ Հաղթական մրցաշրջանից հետո «Գոլդ Փրայդ»-ը, սակայն, դադարել է գոյություն ունենալ ֆինանսավորման բացակայության պատճառով[16],,, և Միլբրեթը ավարտել է խաղային կարիերան «Բեյ Էրեա Բրիզ» ակումբում[17], որը հանդես էր գալիս Women's Premier Soccer League կիսապրոֆեսիոնալ ակումբում[18]։

Նախքան ելույթների ավարտը կամավորության սկզբունքով կատարել է «Փորթլենդ Փայլատսի» գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները, որոնց հետ 2005 թվականին նվաճել է բուհի պատմության մեջ առաջին NCAA չեմպիոնների կոչումը։ 2009 թվականից սկսել է աշխատել որպես մարզիչ MVLA ֆուտբոլային ակումբում (Լոս Ալտոս, Կալիֆորնիա)։ Խաղային կարիերայի ավարտից հետո շարունակել է զբաղվել մարզչական աշխատանքով՝ մնալով MVLA-ում Մինչև 2015 թվականը։ Դրանից հետո երեք մրցաշրջան աշխատել է Դենվերի «Կոլորադո Սթորմ» ակումբի հետ, որտեղ միաժամանակ մարզել է երկու մանկական ֆուտբոլային թիմեր և 13-19 տարիքային խմբերում զբաղեցրել մարզչական աշխատանքի գծով տնօրենի պաշտոնը։ Միլբրեթի հաջորդ աշխատավայրը Ֆլորիդայի «Տամպա Բեյ Յունայթեդ» ակումբն էր, որտեղ նա 18 ամիս անցկացրել է որպես մարզչական աշխատանքի և մարզիկների զարգացման տնօրեն՝ զուգահեռաբար մարզելով նաև պատանեկան թիմեր։ 2020 թվականի հունվարին նշանակվել է ԱՄՆ-ի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի գլխավոր մարզչի օգնական։ 2021 թվականի սկզբին վերադարձել է Փորթլենդի համալսարան, նաև կամավոր հիմունքներով կանանց թիմի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնում[2]։

2018 թվականին Թիֆանի Միլբրեթի անունը ներառվել Է ԱՄՆ-ի ֆուտբոլի Փառքի ազգային սրահի ցուցակներում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Tiffeny Milbrett - Women's Soccer Coach». University of Portland Athletics (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  3. «Hall of Fame: Tiffeny Milbrett (2012)». University of Portland Athletics (անգլերեն). 2021-01. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  4. 4,0 4,1 Amy Shipley (1999 թ․ հունիսի 18). «Milbrett: U.S. Women's Unsung Star». Washington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Tiffeny Milbrett - 2018 Inductee». National Soccer Hall of Fame (անգլերեն). U.S. Soccer. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  6. «Player of the Year Award». U.S. Soccer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  7. 7,0 7,1 Lauren Reichart Smith Women's United Soccer Association // American Sports: A History of Icons, Idols, and Ideas / Murray R. Nelson, editor. — Greenwood, 2013. — Т. 4. — С. 1481. — ISBN 978-0-313-39753-0
  8. John Jeansonne (2001 թ․ օգոստոսի 23). «WUSA Names Power's Milbrett 1st MVP». Newsday (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  9. Ridge Mahoney (2005 թ․ փետրվարի 17). «Tiffeny Milbrett reacts to Heinrichs resignation». Soccer America Magazine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  10. Lauren Peterson (2005 թ․ հուլիսի 24). «Back to Her Nature». Los Angeles Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  11. «12-year veteran felt stifled under Heinrichs». ESPN. 2004 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  12. Bob Mackin (2019 թ․ մայիսի 6). «Exclusive: Ex-Whitecaps captain casts doubt on 2008 investigation of W-League club's coach». The Breaker (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  13. «Slutspelat för Milbrett - just nu». MyNewsDesk (շվեդերեն). 2007 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  14. Jeff Rusnak (2009 թ․ մարտի 29). «New women's pro league among bright spots in a tough economy». South Florida Sun-Sentinel (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  15. Jeff Kassouf (2010 թ․ սեպտեմբերի 26). «FC Gold Pride overpowers Philadelphia, wins 2010 WPS Championship». The Equalizer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  16. Elliott Almond (2010 թ․ նոյեմբերի 16). «Players mourn the demise of FC Gold Pride». East Bay Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  17. Կաղապար:Olympedia
  18. Eric Louie (2011 թ․ ապրիլի 15). «Bay Area Breeze puts professional women's soccer on map for Dublin». The Mercury News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիֆենի Միլբրեթ» հոդվածին։