Մելիք-Թանգի Բ
Մելիք-Թանգի Բ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1791 |
Ծննդավայր | Բռնակոթ, Հայաստան |
Մահացել է | 1866 |
Մահվան վայր | Բռնակոթ, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | Մելիք և Հազարապետ |
Թանգի Կարապետի Մելիք-Կարապետյան (հայտնի՝ Մելիք-Թանգի Բ,1791, Բռնակոթ, Հայաստան - 1866, Բռնակոթ, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), սյունյաց հայ մելիք, հազարապետ Մելիք-Թանգյան մելիքական տոհմից։ Սիսիանի Մելիք է կարգվել 1822 թվականին՝ փոխարինելով իր հայր Մելիք-Կարապետին։ Թանգի է կոչվել իր պապի՝ Մելիք-Թանգի Ա-ի անունով[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1791 թվականին ծնված Մելիք-Թանգի Բ-ն մելիքի տիտղոսը կրել է 31 տարեկան հասակում։ Մելիք-Թանգին ողջ Զանգեզուրում հռչակ է ստացել իբրև քաջ, անձնվէր, խոհեմ և արդարադատ իշխան։ Նրա իշխանության հաջորդ տարում՝ 1823 թվականին, ռուսների կողմից կատարվել է ամբողջ Ղարաբաղի պրովինցիայի, այդ թվում նաև Սիսիանի մահալի վերագրում։
Նրա իշխանության չորրորդ տարում՝ 1826 թվականին, սկսվել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը, որն ավարտվել է 1828 թվականին։ Նա շարունակել է իր հոր՝ Մելիք-Կարապետի քաղաքականությունը և մեծ աջակցություն ցուցաբերել Անդրկովկաս ներխուժած ռուսական զորաբանակներին։
Մելիք-Թանգին ռուսական կայսրության կողմից ստացել է հազարապետի զինվորական կոչում։
1848 թվականին նա նորոգել է Բռնակոթի եկեղեցին և կառուցել զանգակատուն, որը նվիրել է իր վաղամեռիկ որդի Ղազարի, եղբայր Ղուկասի և նրա որդի Կարապետի հիշատակին։ Զանգակատան ճակատային մասում փորագրված է.
![]() |
Ես Սյունյաց հազարապետ Մելիք-Թանկի-Մելիք-Կարապետեան շինեցի գաւիթս եւ կաթողիկես հիշատակ ի վերա գերեզմանի ﬕամոր որդի իմոյ աղա Ղազարին, եխբար Ղուկաս Բեկին, որդի Կարապետ աղին | ![]() |
1855 թվականին նա Որոտնաբերդի փլատակներից ներքև գտնվող կիրճում կառուցել է կամուրջ[2], որն օգտագործվում է մինչև օրս։
Մելիք-Թանգին կարևորել է նաև կրթության գործը։ Նա Տաթևի վանքին է նվիրել 40 դեսյատին հող։ 1841 թվականի սեպտեմբերի 2-ին Մելիք-Թանգին սյունիքի այլ իշխանավորների հետ նամակ է ուղղել Էջմիածնի վանքի տարածքում գտնվող ռուսական Սինոդին՝ խնդրելով հարկերից որոշ մասհանուﬓեր կատարել ինչպես Տաթևի վանքի վարժարանի, այնպես էլ ողջ կրթական գործի ֆինանսավորման համար։
Նա եղել է Մելիք-Թանգի մելիքիական տոհմի ամենաերկարակյաց մելիքը։ Իշխել է 1822 թվականից մինչև իր մահը՝ 1866 թվականը։ Նրան հաջորդել է իր որդի Մելիք-Ղուկաս Թանգյանը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ae/Meliq-Tangi_II%2C_tombstone.jpg/220px-Meliq-Tangi_II%2C_tombstone.jpg)
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելիք-Թանգի Բ-ն մահացել է 1866 թվականին՝ 75 տարեկան հասակում։ Թաղված է իր կողմից կառուցված եկեղեցու զանգակատան ներսում։ Նրա վրա դրված է մեծ տապանաքար։ Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ։ Գավիթում լցված աղը վնասել է տապանաքարի վրայի արձանագրությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Առաքելյան, Հենզել (2017). Բռնակոթ. ՎՄՎ-ՊՐԻՆՏ. էջեր 43–46.
- ↑ Azgagrakan handes: patkerazard. 1898.