Էպիգենետիկ հանքավայրեր
Էպիգենետիկ հանքավայրեր, օգտակար հանածոների հանքավայրեր, որոնք առաջացել են պարունակող ապարներից ավելի ուշ։
Ըստ ծագման կարող են լինել՝ մագմատիկ, կոնտակտային, հիդրոթերմալ, ինֆիլտրացիոն և որոշ դեպքերում՝ մետամորֆային (ալպիական երակներ)։ Էպիգենետիկ հանքավայրերի հանքամարմինները ներկայացված են տարբեր տիպի երակներով, երակիկների և ցանի զոնաներով։ Միներալային կազմությամբ Էպիգենետիկ հանքավայրեր են պղնձի և կապար–ցինկի հանքավայրերի մեծ մասը, ոսկու, անագի, վոլֆրամի, մոլիբդենի, սնդիկի, ծարիրի, հազվագյուտ մետաղների և այլ հանքավայրերը։ Էպիգենետիկ են համարվում նաև ասբեստի, ֆլյուորիտի, բարիտի և այլ ոչ–մետաղային օգտակար հանածոների հանքավայրերը։ Հայաստանում սև, գունավոր, ազնիվ, հազվագյուտ մետաղների բազմաթիվ հանքավայրեր (Աբովյան, Հրազդան, Շամլուղ, Ախթալա, Կապան, Քաջարան, Ագարակ ևն) նույնպես էպիգենետիկ հանքավայրեր են։ Էպիգենետիկ հանքավայրերին հակադրվում են սինգենետիկ հանքավայրերը, որտեղ օգտակար հանածոները առաջանում են պարունակող ապարների հետ միաժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 61)։ |