Զինախաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զինախաղեր, պատանիների, երիտասարդների և զինվորականների մրցություններ։ Պատանեկան զինախաղերը (բերդախաղեր, լախտախաղեր, մկնդախաղեր, ճիպոտներով թրակռիվ, դաշույնակռիվ և այլն) ունեցել են ռազմասպորտային բնույթ։ Խաղակիցներին իրավունք էր վերապահվում հարվածել հակառակորդին, բայց, դարերով մշակված կանոնների համաձայն, խեղումներ չառաջացնել (Մխիթար Գոշի Դատաստանագրքում խաղերում դիտավորություն ցուցաբերողներին պատժելու հոդված է նախատեսվել)։ Երիտասարդական զինախաղերի (սուսերախաղեր, նիզակախաղեր, պարանախաղեր, ավելի ուշ՝ հրազենով նշանառություն և այլն) մեծ մասը կատարվում էր ձիավարությամբ։ Օգտագործվում էին նաև իսկական զենք ու զրահ (սուր, նետ ու աղեղ, հրազեն, սաղավարտ, վահան, դիմակալ, լանջապանակ և այլն)։ Զինախաղին, որպես ռազմական վարժությունների, պետական կարևոր նշանակություն էր տրվում։ Թագավորները և իշխանները խրախուսելու համար պարգևատրում էին երիտասարդներին։ Արքունի և նախարարական զինավարժական այդ սովորությունները հարատևեցին մինչև հայկական պետականության վերացումը, բայց Զեյթունում, Սասունում և այլուր դրանք պահպանվեցին մինչև 19-րդ դարի վերջը։ Պարսից, արաբական, բյուզանդական և թուրք տիրակալներն արգելում էին հայկական զինախաղը, ուստի երիտասարդությունն օգտագործում էր հարսանեկան ծեսերը, ուխտագնացությունները և այլ տոնակատարություններ, որոնց ժամանակ ծիսական քողի տակ տեղի էին ունենում հեծյալ զինախաղերի որոշ տեսակներ։ Առանձնապես կարևոր էին բարեկենդանյան զինախաղերը։ Հարսնառի ժամանակ տղայի և աղջկա բարեկամների միջև մկունդներով խաղ «ճակատամարտ» էր տեղի ունենում։ Վասպուրականում պահպանված սովորության համաձայն, հարսնառի մասնակից յուրաքանչյուր տղամարդ կրում էր երկու մական, մեկը հարվածելու, մյուսը՝ վահանի փոխարեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 691