Զեյթունի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զեյթուն գավառից)
Jump to navigation Jump to search

Զեյթունը գտնվում է Կիլիկիայի հյուսիսարևելյան մասում։ Այս լեռնային անառիկ շրջանը շատ բանով նման է Արևմտյան Հայաստանի Սասունին։ Զեյթունը մի լեռնային աշխարհ է, որը մտնում է Տավրոսի սիստեմի մեջ։ Երկիրը կտրտված է բազմաթիվ ձորերով ու կիրճերով։ Երբ Կիլիկյան հայկական թագավորությունը կորցրեց իր անկախությունը, ապա հայերի մի զգալի մասը այստեղ ապաստանեցին և վարում էին կիսաանկախ վիճակ։

Սասունն ու Զեյթունը բախտակից աշխարհներ են, նրանց մեջ ընդհանուր շատ բան կա, թե բնության, թե դիրքի, թե հերոսական անցյալի։ Ճշմարիտ է ասված, որ եթե Տարոնի գահը Սասունն է, ապա Կիլիկիայինը՝ Զեյթունը։ Երկուսն էլ լեռնային աշխարհներ են, անմատչելի երկրներ։

Զեյթունցիներն էլ իրենց անառիկ հայրենիքում կռվել են թուրք բռնակալների դեմ և հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմության մեջ փառավոր էջեր գրել։ Զեյթունցիները համառորեն կռվում էին սուլթանական Թուրքիայի դեմ։ Այդ պայքարի ամենափայլուն արտահայտությունն էր Զեյթունի 1862 թվականի ապստամբությունը, որն, ըստ էության, համաշխարհային բնույթ կրող հերոսամարտ էր։ Զեյթուն անունն էլ Սասունի նման ժամանակի ընթացքում մեր ազգային հպարտությունը դարձավ։

Զեյթուն գավառի կենտրոնը կոչվում էր Զեյթուն կամ Ուլինա։ Այս ավանը գտնվում է Կիլիկիայի Սիս քաղաքից հյուսիս՝ Մարաշի և Հաճընի միջև, Անդրտավրոսյան լեռնաշղթայի խորքում գտնվող մի բարձրավանդակի վրա։ Զեյթունը առողջ օդ ու ջուր ունի։

Ընդհանրապես կարծում են, որ «զեյթուն» բառը առաջ է եկել նրանից, որ Կիլիկիայի այդ մասում շատ ձիթենիներ կան և երկիրը ևս կոչվել է «Զեյթուն», որ թուրքերեն է։ Բայց այդ կարող էր տեղի ունենալ թուրքերի տիրապետությունից հետո։ Ղևոնդ Ալիշանը հավանական չի համարում այդ բացատրությունը, որովհետև, նկատում է նա, որ ձեռագրերի մեջ ասված է «Զեթուն» և ոչ թե «Զեյթուն»: Այսպիսի փոփոխություններ աշխարհագրական անունների միջև հաճախ է պատահում։ Թուրքերը փոխ առնելով հայկական անունները կամ աղճատել են, կամ տվել թուրքական նշանակություն։

Ինչ վերաբերում է երկրին, Ղ. Ալիշանը գտնում է, որ Զեյթունը, իբրև մի ինքնուրույն երկիր սկսել է կազմակերպվել Ռուբինյան կամ Սիսվանյան թագավորության անկումից հետո, երբ որոշ հայ իշխաններ շարունակեցին իրենց անկախությունը պահել լեռնային անառիկ տեղերում։ Այդ առթիվ Ալիշանը առաջ է բերում 1473 թվականին գրված մի հիշատակագիր, որի մեջ ասված է, թե հայոց մեծ զորավար Հեթումի կին Զարմանուհին իր ամուսնու դավաճանական սպանությունից հետո, պատերազմիկ մի խմբի գլուխ անցած քաշվել է լեռները, գնացել է Զեյթուն, տիրել է Կապան բերդին։

Այդ հիշատակարանը առաջ բերելով, Ալիշանը կամենում էր մի կապ գտնել Զեյթուն և Զարմանուհի անունների մեջ և նրան համարել Զեյթունի անկախության հիմնադիրը։

Տարագրումից առաջ Զեյթունի գավառի հայերի թիվը հասնում էր 20 հազարի։ Զեյթունցիների հայրենիքը չնայած լեռնոտ էր և երկրագործությանը քիչ նպաստավոր, բայց ժիր ու աշխատասեր զեյթունցիները իրենց դարատափերի վրա զբաղվում էին երկրագործությամբ, ինչպես նաև խաղողի և ձիթենիների մշակումով։

Զեյթունում կան շատ նվիրական վայրեր, բերդեր ու վանքեր, որոնք կիսավեր վիճակում մնում են լուռ վկա հայ կյանքի։ Զեյթունի մոտ է ս.Աստվածածնի վանքը, Մարմշել բերդը, որը պատկանել է Գոռ Վասիլին։ Նշանավոր են և գյուղերը իրենց անցյալով ու հնություններով։ Այսպես, Ֆռնուզը իր վանքով, Կիկսոն է աքսորվել Հովհ. Ոսկեբերանը։ Կիկսոնի և Ֆռնուզի միջև է գտնվում Ստեփանոս Ուլնիցու վանքը։

Ներկայում Զեյթունը գյուղ է Սյուլեյմանլը անվանումով (թուրք.՝ Süleymanlı), գտնվում է Մարաշ քաղաքի շրջակայքում։