Երևանի ագրոքիմիական խնդիրների և հիդրոպոնիկայի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևանի ագրոքիմիական խնդիրների և հիդրոպոնիկայի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ, գիտահետազոտական հիմնարկություն Երևանում։ Կազմակերպվել է 1966 թվականի մայիսին՝ Հայկական ՍՍՀ ԳԱ Ագրոքիմիայի լաբորատորիայի հիմքի վրա, ակադեմիկոս Գ. Ս. Դավթյանի ղեկավարությամբ։ 1947 թվականից գործող լաբորատորիան մշակել է հողերի բերրիության և նրանց ագրոքիմիական բնութագրման, բույսերի արմատային և արտարմատային սննդառության, լեռնային շրջաններում հացահատիկային կուլտուրաների ու մարգագետինների պարարտացման հարցերը, կազմել ՀՍԱՀ հողածածկի ագրոքիմիական առաջին քարտեզը (1962 թվականին)՝ բնութագրելով գլխավոր հողատիպերը։

Ինստիտուտի կազմակերպումից հետո ընդլայնվեց ուսումնասիրվող պրոբլեմների շրջանակը։ Ինստիտուտում զարգանում են կենսաոլորտի ագրոքիմիայի և բույսերի արդյունաբերական, անհող արտադրության բնագավառի նոր ուղղություններ, լուծվում պրոբլեմներ՝ կապված կենսաոլորտի հետազոտության, պահպանման և շահագործման միջազգային ծրագրի հետ, մշակվում կարևոր սննդատարրերի միգրացիայի, բնության մեջ նրանց շրջանառության ու հաշվեկշռի, դրանց բարելավման ուղիների հարցերը, ինքնամեքենայացմամբ կարգավորվող արհեստական պայմաններում բույսերի անհող՝ հիդրոպոնիկ արտադրության ագրոքիմիական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական հիմունքները։ Ինստիտուտը ունի (1973 թվական) 6 լաբորատորիա՝ բույսերի սննդառության և մթերատվության, հիդրոպոնիկ միջավայրի միկրոֆլորայի և միաբջիջ ջրմուռների սննդառության, մթնոլորտային տեղումների և ոռոգման ջրերի ագրոքիմիայի, սննդատարրերի միգրացիայի, ռադիացիոն ագրոքիմիայի, փորձնակոնստրակտորական մշակումների։ Գործում են նաև Փորձարարական հիդրոպոնիկ կայանը, Դիլիջանի անտառային ագրոքիմիական կայանը, Արագածի ագրոքիմիական հենակետը, ստացիոնար դիտումների ցանց և օժանդակ արհեստանոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png