Երվանդ Օրդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Օրդյան
1918 - 1973
ԾննդավայրՂուլալի, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Երվանդ Մակիչի Օրդյան (1918, Ղուլալի, Հայաստան - 1973), հայ գնդապետ, մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1941)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1918 թվականին Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում[1]։

1935-1936 թվականների ուսումնական տարում ավարտում է շրջկենտրոն Բերդի միջնակարգ դպրոցը և աշխատանքի անցնում հայրենի Այգեձոր գյուղի դպրոցում՝ նախ որպես պիոներական ավագ ջոկատավար, ապա՝ ուսուցիչ։ 1939 թվականի դեկտեմբերին զորակոչվում է կարմիր բանակ։ Երեք ամիս ծառայելուց հետո գնդի հրամանատարությունը Երվանդ Օրդյանին ուղարկում է Ուկրաինայի Վինիցա քաղաքի գնդացրային ուսումնարան։ 1941 թվականին անցել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

1943 թվականին «Շամշադինի կոլխոզնիկ» շրջանային թերթում լույս տեսավ ռազմի վաշտից ստացված մի նամակ՝ ստորագրված զորամասի հրամանատար, գվարդիայի փոխգնդապետ Սոլովյովի և շտաբի պետ, գվարդիայի մայոր Միրոշնիչենկոյի ստորագրությամբ։ Նամակն ուղղված էր Երվանդ Օրդյանի հորը՝ Մակիչին, որտեղ նշված էր Երվանդի կատարած անօրինակ քաջության, Կարմիր դրոշի շքանշանով պարգևատրվելու և հրամանատարության կողմից ծնողներին հղված շնորհակալության մասին[1]։

Երվանդ Օրդյանը եղել է նախ՝ վաշտի, ապա՝ 287-րդ գումարտակի հրամանատար։ Նա հերոսաբար կռվել է Վոլգայի ափին, Ստալինգրադի մատույցներում, Վորոնեժի, Դոնեցկի ազատագրման համար մղված մարտերում։ 1943 թվականին շատ կարևոր մի բարձունք գրավելու համար Երվանդը պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով։ Արյունահեղ մարտերում վիրավորվել է երեք անգամ։ Պարգևատրվել է «Կարմիր աստղի» երկրորդ շքանշանով, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և 17 տարբեր մեդալներով։ Գվարդիայի մայոր Երվանդ Օրդյանը վերջին անգամ վիրավորվելուց և ապաքինվելու հետո ծառայում էր 5-րդ գվարդիական բանակում՝ որպես սպայական ռեզերվի գնդի հրամանատար։ Նա շարքային զինվորից հասավ գնդապետի զինվորական բարձր կոչման։ Հաջողությամբ ավարտեց գնդի հրամանատարի դասընթացները, նշանակվեց գվարդիական հրաձգային գնդի հրամանատար (1--ին Ուկրաինական ռազմաճակատ)[1]։

Հայրենական պատերազմի հաղթական ավարտից հետո Օրդյանը նշանակվել է Օդեսայի զինվորական պարետ։ Մի քանի անգամ ընտրվել է կուսակցության քաղաքային կոմիտեի պլենումի անդամ, Օդեսայի քաղաքային խորհրդի պատգամավոր[1]։

Վախճանվել է 1973 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]