Երկու կապիտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկու կապիտան
ռուս.՝ Два капитана
В. Каверин «Два капитана». Обложка первого издания 1940.jpg
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
ՀեղինակՎենիամին Կավերին
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակություն1940[1]
ՎիքիքաղվածքԵրկու կապիտան

«Երկու կապիտան» (ռուս.՝ «Два капитана»), գրող Վենիամին Կավերինի արկածային վեպը, որը նա գրել է 1938-1944 թվականներին[2]։ Ունեցել է հարյուրից ավելի վերահրատարակումներ, թարգմանվել է բազմաթիվ օտար լեզուներով։ Վեպի հեղինակն արժանացել է Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի (1946)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում ներկայացվում է Էնսկ գավառական քաղաքից Ալեքսանդր (Սանյա) Գրիգորևի կյանքի մասին, որը պատվով անցնում է անապաստանության, հասունացման և պատերազմի փորձությունների միջով, որպեսզի ի վերջո նվաճի սիրելի աղջկա սիրտը և լուծի առեղծվածը, որի հետ սերտորեն կապված է նրանց ճակատագիրը։

Վաղ մանկության ընթացքում կրած հիվանդության պատճառով Սանյան չի կարող խոսել, թեև լսում ու հասկանում է ուրիշի խոսքը։ 1914 թվականի գարնանը գետի հոսանքը նրա բակում ափ է նետում ջրահեղձ եղած փոստատարի ու նրա նամակներով լի պայուսակը։ Իշխանությունները փոստը համարում են ջրից փչացած և չեն տանում այն, բայց նամակների մի մասը մնացել էր անվնաս։ Հարևանությամբ ապրող Դաշա մորաքույրն այդ նամակները երկար ժամանակ գրքի փոխարեն կարդում է երեխաների համար։ Սանյայի վրա հատուկ տպավորություն են թողնում բևեռային արշավախմբի մասնակիցների կողմից գրված նամակները, և նրա հիշողության մեջ մնում է դրանց բովանդակությունը։

1916 թվականի ամռանը Սանյան գիշերը գաղտնի գնում է խեցգետիններ բռնելու և ականատես է լինում պահակի սպանությանը։ Տղան պատահաբար հանցագործության վայրում կորցնում է հոր նվիրած մոնտյորի դանակը (շեղբի կոտրվածքի պատճառով)։ Սանյայի հորը ձերբակալում են, քանի որ հայտնաբերված դանակի բռնակի վրա գրված է նրա ազգանունը։ Համրության պատճառով Սանյան նույնիսկ մորը չի կարողանում պատմել սպանության իրական հանգամանքների մասին։

Ապրուստի միջոցների անբավարարության պատճառով Սանյան կրտսեր քրոջ հետ, որի անունը նույնպես Սանյա է (Ալեքսանդրա), ձմռանը ուղարկվում է գյուղ, որտեղ նրանք ապրում են իրենց հոր գյուղական տանը՝ իրենց բարեկամուհի Պետրովնայի հսկողության տակ։ Մի օր երեխաների տուն է գալիս աքսորավայրից փախած և խիստ սառչելուց կիսամեռ բժիշկ Իվան Իվանիչը և մի քանի օր թաքնվում է նրանց մոտ։ Հետաքրքրվելով Սանյայի վիճակով՝ բժիշկը հեռանալուց առաջ նրան ցույց է տալիս խոսքի զարգացման վարժություններ։ Ամեն օր կրկնելով դրանք՝ Սանյան սկսում է խոսել։

Նախքան Սանյան քրոջ հետ կվերադառնար գյուղից, նրանց հայրը մահանում է բանտում, իսկ 1917 թվականի աշնանը մահանում է նաև նրանց մայրը։ Որբացած երեխաներին պատրաստվում են որբանոց ուղարկել, բայց Սանյան իր ընկերոջ՝ Պետկայի հետ փախչում է տնից՝ ցանկանալով հասնել Թուրքեստան։ Ճանապարհին դժվարությունները հաղթահարել նրանց օգնում է փոխադարձ երդումը, որն ավարտվում է «պայքարել և փնտրել, գտնել և չհանձնվել» բառերով, որոնք դառնում են վեպի լեյտմոտիվը։ Մոսկվայում տղաները կորցնում են միմյանց, և Սանյան սկզբում ընկնում է անապաստանների բաշխիչ կետ, իսկ հետւ՝ դպրոց-կոմունա։

Մի օր Սանյան օգնում է շուկայից գնումներ կատարել ծեր Նինա Կապիտոնովնային, որը, ինչպես պարզվում է, ծնունդով Էնսկից էր։ Նրա հետ Սանյան հայտնվում է իր դպրոցի տնօրեն Նիկոլայ Անտոնովիչ Տատարինովի բնակարանում, որտեղ ապրում են նաև Նինա Կապիտոնովնայի դուստրն ու թոռնուհին՝ Մարիա Վասիլևնան և Կատյա Տատարինովան։ Կատյան Նիկոլայ Անտոնովիչի զարմուհին է։ Սանյան դառնում է հաճախակի հյուր է Տատարինովների բնակարանում։

Կատյայի հայրը՝ կապիտան Իվան Լվովիչ Տատարինովը, 1912 թվականին գլխավորել է Հյուսիսային ծովային ճանապարհով բևեռային արշավը, որն անհետ կորել է։ Տատարինովների ընտանիքի կյանքի փաստերը և մանկությունից ծանոթ նամակների բովանդակությունը Սայային բերում են այն համոզման, որ Մարիա Վասիլևնային սիրահարված Նիկոլայ Անտոնովիչը նպաստել է իր զարմիկի մահվանը։ Մարիա Վասիլևնան, հավատալով Սանյային, ինքնասպանություն է գործում։ Սանյային մեղադրում են զրպարտության մեջ և վռնդում Տատարինովների տնից ։ Այնուհետև նա երդվում է գտնել կորած արշավախումբը և ապացուցել իր ասածի ճիշտ լինելը։ Սանյան դառնում է օդաչու և տեղեկություններ հավաքում արշավախմբի կապիտան Տատարինովի մասին։ Այս որոնումները միահյուսվում են Կատյայի հետ նրա հարաբերությունների զարգացման և Սանյայի հարազատների, ընկերների ու ծանոթների կյանքին անցումների հետ։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ռազմաօդային ուժերի կապիտան Ալեքսանդր Գրիգորևը հարկադիր վայրէջք է կատարում արկտիկական ափին։ Հայտնաբերելով, որ վայրէջքի վայրի կոորդինատները համընկնում են մայրցամաքում կորած գիտարշավի վայրէջքի ենթադրվող կետի հետ, նա գտնում է ձյունապատ վրան, իսկ դրանում՝ կապիտան Տատարինովի աճյունը և պայուսակը՝ նրա թղթերով և ֆոտոպատմություններով։ Այդ գտածոները նրան թույլ են տալիս վերջնական լույս սփռել արշավախմբի հայտանգործության և մահվան հանգամանքների վրա։

Վեպի կարգախոսը՝ «պայքարել և փնտրել, գտնել և չհանձնվել», բանաստեղծ Ալֆրեդ Թեննիսոնի «Ուլիս» բանաստեղծության եզրափակիչ տողն է (բնօրինակում՝ To strive, to seek, to find, and not to yield), որն իր հերթին արդեն ռուս ծովագնաց, ծովակալ Իվան Ֆեոդորովիչ Կրուզենշտեռնի կարգախոսն էր։ Այս տողը փորագրված է Ռոբերտ Սքոթի՝ դեպի Հարավային բևեռ արշավախմբի կործանման հիշատակին նվիրված խաչին, որը տեղադրված է Օբսերվեյշն բլրի վրա։

Պատմական նախատիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավերինը նշել է, որ «Երկու կապիտան» վեպի ստեղծումն սկսվել է երիտասարդ գիտնական-գենետիկ Միխայիլ Լոբաշյովի հետ հանդիպումից[3][4], որը տեղի է ունեցել Լենինգրադի մերձակա առողջարանում 1930-ականների կեսերին։ «Դա մի մարդ էր, որտեղ տաքարյունությունը միավորված էր շիտակության, իսկ համառությունը՝ նպատակի զարմանալի հստակության հետ,— հիշել է գրողը։– Նա կարող էր հաջողության հասնել ցանկացած գործում»[5]։ Լոբաշյովը Կավերինին պատմել է իր մանկության, վաղ տարիներին ունեցած տարօրինակ համրության, որբության, անազատության, Տաշքենդի դպրոց-կոմունայի և այն մասին, թե ինչպես է հետագայում կարողացել ընդունվել համալսարան և դառնալ գիտնական։

Գլխավոր հերոսի ևս մեկ նախատիպ է դարձել ռազմական օդաչու Սամուիլ Կլեբանովը, որը հերոսաբար զոհվել է 1942 թվականին։ Նա գրողի համար բացահայտել է թռիչքային վարպետության գաղտնիքները[6]։

Կապիտան Իվան Լվովիչ Տատարինովի կերպարը հիշեցնում է մի քանի պատմական անալոգների[7][8]։ 1912 թվականին նավարկության են մեկնել երեք ռուսական բևեռային արշավախմբեր՝ «Սբ. Ֆոկա» նավով Գեորգի Սեդովի հրամանատարությամբ, «Սբ. Աննա» երկկայմ առագաստանավով՝ Գեորգի Բրուսիլովի ղեկավարությամբ և «Հերկուլես» միակայմանավով Վլադիմիր Ռուսանովի մասնակցությամբ։ «Սուրբ Մարիամ» երկկայմ առագաստանավի արշավախումբը վեպում գրեթե կրկնում է «Սուրբ Աննա» նավի ճանապարհորդության ժամկետները և երթուղին։ Կապիտան Տատարինովի արտաքինը, բնավորությունն ու հայացքները նրան նմանեցնում են Գեորգի Սեդովին[9]։ Կապիտան Տատարինովի արշավախմբի որոնումները հիշեցնում են Ռուսանովի արշավախմբի որոնման մասին։

Իվան Կլիմովի վեպի հերոսներից մեկի՝ «Սուրբ Մարիամի» ղեկապետի ճակատագիրը նման է «Սուրբ Աննայի» ղեկապետի իրական ճակատագրին[10]։ Վեպի սկզբի նամակների տեսարանը նույնպես ունի իրական հիմք. երբ Ալբանովը հեռացել է «Սուրբ Աննանյից», նա իր հետ տարել է արշավախմբի անդամների նամակները, որոնցից ոչ մեկը չի հասցել հասցեատիրոջը[11]։ Արթուր Գոտլիբը[12][13]՝ Պսկովի գիմնազիայի տնօրենը, որտեղ սովորել է հեղինակը, Նիկոլայ Անտոնովիչ Տատարինովի նախատիպն է, որը վեպի «ամենաբացասական» հերոսներից մեկն է։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առաջին հատորն առաջին անգամ հրապարակվել է «Костёр» մանկական ամսագրում 1938-1940 թվականներին[14]։ Առաջին ինքնուրույն հրատարակությունը լույս է տեսել 1940 թվականին Դետիզդատում՝ Յու Սիռնևի գեղարվեստական ձևավորմամբ և Վ. Կոնաշևիչի աշխատանքի ճակատազարդով[15]։ Առաջին ամբողջական հրատարակությունը լույս է տեսել 1945 թվականին նկարիչներ Բ. Դեխտերևի և Վ. Լադյագինի ձևավորումներով[16]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը երկու անգամ էկրանավորվել է․

2001 թվականին վեպի մոտիվներով բեմադրվել է «Նորդ Օստ» մյուզիքլը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվականին Մուրմանսկի մարզի Պոլյարնի քաղաքի գլխավոր հրապարակը կոչվել է Երկու կապիտանների հրապարակ։ Հենց այդտեղից են մեկնել Վլադիմիր Ռուսանովի և Գեորգի Բրուսիլովի բևեռային արշավախմբերը։ Դրանից բացի, հենց Պոլյարնիում է տեղի ունեցել վեպի գլխավոր հերոսների՝ Սանյա Գրիգորևի և Կատյա Տատարինովայի հանդիպումը երկարատև բաժանումից հետո։
  • 1995 թվականին «Երկու կապիտան» վեպի հերոսների հուշարձանը տեղադրվել է հեղինակի հայրենի Պսկով քաղաքում (գրքում ներկայացված է Էնսկ անունով)։
  • 2002 թվականի ապրիլի 18-ին Պսկովի մարզային մանկական գրադարանում բացվել է «Երկու կապիտան» վեպի թանգարանը[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://fantlab.ru/edition177677
  2. Мария Майофис (2017-06-16)։ «Как читать «Двух капитанов»»։ Arzamas.academy (ռուսերեն)։ Վերցված է 2019-11-08 
  3. В. Свирский. Откуда вы, герои книг? (Очерки о прототипах). Москва: Книга, 1972. Стр. 78.
  4. Ъ-Власть — «В России есть многообещающие трансгенные организмы»
  5. В. Каверин. Собрание сочинений. Том 1. Гос. Изд-во Худож лит-ры, 1963. Стр. 14.
  6. В. Каверин. Из разных книг. Молодая гвардия, 1961. Стр. 10.
  7. И. Я. Бражнин. Сумка волшебника. Лениздат, 1978. Стр. 307.
  8. Пути в незнаемое. Выпуск 16, 1982. Стр. 413.
  9. Кошин, 2013
  10. Г. И. Кублицкий. По материкам и океанам. Гос. изд-во детской лит-ры, 1957. Стр. 202.
  11. Кошин, 2014
  12. «Бирштейн А. Суета сует?»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-30-ին։ Վերցված է 2015-11-01 
  13. Маркова М. Т. Такие разные, разные лица… (Учителя мужской гимназии начала XX в.) Archived 2016-03-09 at the Wayback Machine. // Псков. 2008. — № 28 — 244 с. — ISBN 978-5-87854-423-8.
  14. «Вениамин Каверин «Два капитана»»։ Лаборатория Фантастики 
  15. Каверин В. Два капитана. — Москва, Ленинград: Детиздат ЦК ВЛКСМ, 1940. — 464 с. — 25 000 экз.
  16. Каверин В. Два капитана. — Москва, Ленинград: ДЕТГИЗ Наркомпроса РСФСР, 1945. — 344 с.
  17. «Музей» (ռուսերեն)։ Псковская областная библиотека для детей и юношества им. В.А.Каверина։ Վերցված է 2020-11-14 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Երկու կապիտան հոդվածին