Երիզորդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երիզորդեր, ցեստոդներ (լատ.՝  Cestoidea), տափակ որդերի ենթատիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Հասուն երիզորդեր թղնաշարավոր կենդանիների և մարդու աղիքների մակաբույծներ են։ Հայտնի է ավելի քան 3000 տեսակ։ 32-ը մարդու օրգանիզմի մակաբույծներ են։ Մարմինը ժապավենանման է, հատվածավոր (2-ից մի քանի հազար հատված), երկարությունը մի քանի մմ-ից մինչև 20 մետր և կազմված է 3 բաժնից՝ գլխիկից (սկոլեքս), վզիկից և ստրոբիլից։ Գլխիկը կրում է ծծիչներ, կարթեր, կնճիթներ, որոնց միջոցով երիզորդերը ամրանում են տիրոջ աղիքի ներսի պատրն։ Վզիկի վերջին ծայրում անընդհատ առաջանում են նոր հատվածիկներ։ Մարմինը պատված է էպիտելով, մակերեսը կրում է միկրոսկոպիական ելուստներ՝միկրոտրիխներ, որոնք կարևոր են սնուցման պրոցեսում։ Չունեն արյան շրջանառության, շնչառության, մարսողուրյան օրգաններ, և սննդանյութերը ներծծվում են մարմնի մակերեսով։ Նյարդային համակարգը կազմված է գլխիկում տեղավորված կենտրոնական հանգույցից և դրանից դուրս եկող երկանյական լարից։ Հերմաֆրոդիտ են, հաջորդաբար առաջացող հատվածիկներում ձևավորվում են արական և իգական սեռական օրգանները, ապա ձվերով լցված արգանդը։ Դնում են հսկայական քանակությամբ ձվեր անզեն երիզորդը, օրինակ, տարեկան դնում է մինչև 600 միլիոն ձու։ Երիզորդերի զարգացումն ընթանում է միջանկյալ և վերջնական տերերի օրգանիզմներում, որոշ տեսակներ ունեն նաև 3-րդ՝ լրացուցիչ տեր։ Երիզորդերի կենսական ցիկլի ընթացքում զարգանում են կորացիդիում, պրոցերկոիդ, պլերոցերկոիդ թրթուրներ։ Մարդու օրգանիզմում առաջացնում են հիմենոլեպիդոզ, տենիիդոզ, Էխինոկոկոզ, դիֆիլոբոթրիոզ հիվանդությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 587 CC-BY-SA-icon-80x15.png