Դրամական համակարգ
Դրամական համակարգ, դա յուրաքանչյուր երկրում պատմականորեն կազմավորված և ազգային օրենսդրությամբ սահմանված դրամական շրջանառության կազմակերպական ձև է։ Այն իրենից ներկայացնում է ապրանքների ու ծառայությունների շրջապտույտով միջնորդավորված փողի շարժումը և կոչված է սպասարկել շուկայական ողջ տնտեսության գործունեությունը։
Դրամական համակարգերը բնութագրվում են ընդունված դրամական մետաղով, դրամական միավորով, դրամահատման և դրամանիշերի էմիսիայի,դրանց փոխադարձ փոխարինելիության, իրական փողի և արտասահմանյան արժույթի հետ փոխանակվելու կարգով։ Դրամական համակարգերի տիպը, առաջին հերթին, պայմանավորված է այն մետաղով, որը տվյալ երկրում ընդունված է որպես համընդհանուր համարժեք և դրամաշրջանառության հիմք։ Այդ տեսակետից մետաղական դրամական համակարգերը լինում ևն մոնոմետաղային կամ բիմետաղային։ Առաջին դեպքում դրամական մետաղի դերում հանդես է գալիս ազնիվ մետաղներից մեկը՝ ոսկին կամ արծաթը, երկրորդում՝ ոսկին և արծաթը միաժամանակ։ Քանի որ ոսկին իր հատկություններով ավելի է համապատասխանում դրամաշրջանառության պահանջներին, ուստի XIX դ․ վերջերին այն դուրս է մղում արծաթյա մոնոմետաղային և բիմետաղային համակարգերը։
Դրամական համակարգն ունի կոնկրետ տարրեր ու գործիքներ, որոնցով ապահովվում է դրամական շրջանառության ընթացքը։ Դրանք են դրամական միավորները, գնի մասշտաբը, փողի տեսակները, էմիսիոն համակարգը, դրամաշրջանառությունը կարգավորող պետական ապարատը, վալյուտային պարիտետը և այլն։
Դրամական միավորը՝ դա պետության կողմից օրենքով սահմանված ազգային դրամանիշ է, որը ծառայում է բոլոր ապրանքների արժեքը չափելու և արտահայտելու համար։
Էմիսիոն համակարգը՝ դա ազգային Կենտրոնական բանկի կողմից բանկնոտներ, գանձարանային տոմսեր և մարադրամ թողարկելու՝ պետության էմիսիոն իրավունքով սահմանված կարգ է։
Փողի տեսակները՝ դրանք ընդհանրական համարժեքի դեր կատարող փոխանակային արժեքի տեսակներ են։
Գների մասշտաբը՝ դրամական միավորի մեջ ոսկու կշռային քանակությունն է, որը օրենսդրական կարգով ընդունվում է երկրում շրջանառություն կատարելու համար (ներկայումս այն գրեթե չի գործում)։
Վալյուտային պարիտետը՝ դա արտասահմանյան երկրների վալյուտաների նկատմամբ ազգային դրամի հարաբերությունն է և տարբեր երկրների վալյուտաների փոխանակային կուրսի կարգավորումը։
Ցանկացած երկրի դրամական համակարգ, լինելով ազգային, գործում է միջազգային դրամական համակարգի շրջանակներում, ենթարկվելով ու ղեկավարվելով բոլորի համար ընդունելի համարվող չափորոշիչներով ու կանոնակարգերով։ 1944 թվականից սկսած մինչև 1973 թ. ՄԱԿ-ի Բրետոն-Վուդյան (ԱՄՆ) կոնֆերանսի որոշմամբ միջազգային դրամական համակարգը իրենից ներկայացնում է յուրահատուկ միջպետական ոսկու դևիզային ստանդարտ
Յուրաքանչյուր դրամական համակարգ ունի որոշակի դրամական միավոր, որը դրամամետաղի հաստատված կշռային քանակություն է, բայց շրջանառության և վճարամիջոցի ֆունկցիաներում կարող է փոխարինվել արժեքի անվանական նիշերով (մետաղական և թղթադրամային)։ Օրինակ, ԱՄՆ-ում այդպիսի միավոր է ԱՄՆ դոլարը, Անգլիայում՝ ֆունտ ստեռլինգը, Ֆրանսիայում՝ ֆրանկը, և այլն։ Անվանական դրամական նիշերի շրջանառության համակարգերի դեպքում փողային ապրանքը հանդես չի գալիս ստակի ձևով, այլ գործում է թղթադրամի և բանկնոտների շրջանառության ձևով։
Հայաստանի դրամական համակարգը գործում է 1993 թ. նոյեմբերից, երբ ազգային էմիսիոն բանկը ստանձնեց արժույթ թողարկելու գործառույթը։ Հանրապետության պաշտոնական դրամական միավորը (արժույթը) դրամն է։ Օրենքով դրամի և ոսկու միջև հարաբերակցություն չի սահմանված։ Դրամի պաշտոնական կուրսը արտասահմանյան դրամական միավորների նկատմամբ որոշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից և հրապարակվում է մամուլում։ Գների ֆիկսված մասշտաբը բացակայում է։ Օրինական վճարային ուժ ունեցող փողի տեսակներն են բանկնոտները և մետաղադրամները, որոնք ապահովվում են հանրապետության Կենտրոնական բանկի բոլոր ակտիվներով։ Էմիսիա կատարելու, նրանց շրջանառություն կազմակերպելու, շրջանառությունից հանելու բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին։
Ժամանակակից դրամական համակարգերի բնորոշ գծեր են հանդիսանում՝
- շրջանառության մեջ դրամի թողարկումը ոչ միայն տնտեսության բանկային վարկավորումն ապահովելու, այլ նաև նշանակալի չափով պետության ծախսերն ու բյուջեի դիֆիցիտը ծածկելու համար,
- դրամական շրջանառության մեջ անկանխիկ շրջապտույտի գերակշռումը,
- դրամական շրջանառության պետական կարգավորման ուժեղացումը։
Այսպիսով, օրինական վճարամիջոցի ուժ ունեցող փողերը համարվում են բանկային տոմսեր (թղթադրամները) և մետազական դրամները։ Դրանք իրենց անվանական արժեքով պարտադիր կերպով ընդունվում են ամբողջ երկրի սահմաններում՝ բոլոր տեսակի վճարումներ կատարելու, անձնական հաշիվներում գրանցվելու, ներդրումներ կատարելու, որպես ակրեդիտիվներ ծառայելու կամ փոխանցումների ձևով արտահայտվելու համար։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 451)։ |