Դեղատների գլխավոր վարչության շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղատների գլխավոր վարչության շենք
Դեղատների գլխավոր վարչության շենքը
ԵրկիրՀայաստան
Շինության ձևՊատմամշակութային հուշարձան
Ներկա վիճակԿանգուն է

Դեղատների գլխավոր վարչության շենք, տեղական նշանակության պատմամշակութային շենք Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Պուշկինի փողոցում։ Կառուցվել է 1880-ական թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1880-ականներին Երևանի այն ժամանակ Թարխանովսկայա փողոցում՝ Սուրբ Զորավոր եկեղեցու հարևանությամբ։ Այդ տարիներին Ռուսական կայսրության բոլոր նահանգներում պայքար էր մղվում տարբեր համաճարակների դեմ։ Կարճ ժամանակ անց որոշվում է նահանգների վարչական կենտրոններում ստեղծել համաճարակային կայաններ ու դեղերի պահեստներ։

Ճարտարապետ Գուրեցկու նախագծով կառուցված շենքը 20-րդ դարի սկզբին տրամադրվում է Երևանի քաղաքային գործադիր մարմնի (ուպռավայի) բժշկական հարցերով զբաղվող հանձնաժողովին։ Շենքում գործել է նաև Երևանի առաջին դեղատներից մեկը։ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին շենքում էր գործում Հայաստանի կառավարության Հանրային խնամատարության նախարարությանը կից բժշկասանիտարական բաժինը։

Հայաստանի խորհրդայնացումից հետո 1920 թ. դեկտեմբերի 22-ի հատուկ դեկրետով կազմավորվեց Հայաստանի առողջապահության ժողկոմիսարիատը, որը գործեց այս շենքում մինչև 1936 թ.։

1936 թվականից հետո շենքում է գործել առողջապահության նախարարության Հայբուժպետառն ու դրա պահեստը։

Իսկ 1942 թ. շենքում տեղակայված է եղել Երևանի Քիմդեղագործարանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործարանի ողջ արտադրանքը՝ դեղերն ու բժշկական պարագաները ուղարկվել են ռազմաճակատ։

Հետպատերազմյան տարիներին այս շենքում է եղել Հայաստանի դեղատների գլխավոր վարչությունը, որը գործում է մինչև այսօր։

1980-ականներին շենքում է գործել Հայ դեղագործության թանգարանը, որը, սակայն, 4 տարի անց լուծարվել է[1]։

Շենքը երկար տարիներ ծառայել է Դեղատների գլխավոր վարչությանը, որին կից եղել է դեղատուն։ Այսօր էլ շենքում գործում է Արֆարմացիա դեղագործական ընկերությունը և դեղատունը։

2016 թ. շենքը վերականգնվեց Ուիգմոր քլինիք ընկերության կողմից։ Նախատեսվում է այնտեղ հիմնել կլինիկա։ Վերանորոգումից հետո շենքն ունենալու է երկու մուտք (մեկը Պուշկինի, մյուսը՝ Ղազար Փարպեցու փողոցի կողմից) և կայանատեղի՝ շենքի հետնամասում։

Շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը երկհարկանի է, կառուցված է սև տուֆից։ Ունի ներքևից դեպի վեր ձգվող, դասական ոճով կառուցված խոյակներ։ Լուսամուտների վերին մասերը զարդարված են շենքի երկայնքով ձգվող բազմաշերտ քիվերով։

Նախկինում ունեցել է միայն մեկ մուտք՝ Պուշկինի փողոցի կողմից։ Ղազար Փարպեցու փողոցի կողմի մուտքն ավելացվել է հետագայում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դեղատների գլխավոր վարչության շենք. ավելի քան 130 տարի ծառայելով առողջապահությանը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/163