Դեղամիջոցներ անասնաբուժության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեղամիջոցներ անասնաբուժության մեջ, նյութեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կենդանիների ախտաբանական ցավային կենսընթացները կանխելու, վերացնելու կամ թուլացնելու նպատակով, նաև՝ որպես աճման, մթերատվության, պտղատվության և օրգանիզմի դիմադրողականության խթանիչներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղամիջոցները կարող են ունենալ տեղային (ըստ ներազդման հատվածի) և ընդհանուր կամ ներծծումային (արյան մեջ ներծծվելուց հետո) ազդեցություններ։ Դեղամիջոցների ազդեցության արդյունքը կախված է դեղաչափից, դեղաձևից, օգտագործման կրկնակիությունից, կենդանու տեսակից, տարիքից, սեռից, նաև դեղամիջոցների ներմուծման ուղիներից (ներքին, ուղիղ աղիքներ, ենթամաշկային, միջմկանային, ներերակային, աերոզոլային և այլն)։ Մի քանի դեղամիջոցների զուգակցման դեպքում հարկավոր է հաշվի առնել նրանց քիմիական, ֆիզիկական և դեղաբանական (համազդեցություն, հակազդեցություն) համատեղելիությունը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղամիջոցները դասակարգում են հիմնականում համակարգային սկզբունքից ելնելով։ Նյարդային համակարգի ֆունկցիաները կարգավորող դեղամիջոցներ (եթեր անզգայացման համար, պրեդիոն, քլորոֆորմ, թիոպենտալ նատրիում, քլորալհիդրատ), ցավամոքիչ կամ ցավը հանգստացնող (մորֆինի հիդրոքլորիդ, պրոմեդոլ, ացետիլսալիցիլաթթու, անալգին,ամիդոպիրին, բութադիոն և այլն), քնաբեր (բարբիտալ, բարբամիլ և այլն), նյարդային համակարգի ծայրամասային բաժինների ֆունկցիայի վրա ազդող (անզգայացնող դեղամիջոցներ՝ անեսթեզին, կոկաին, նովոկաին, քսիկաին), աղաղող (տանիններ),կապող (օսլայի, կտավատի սերմերի լորձ),մակակլանող՝ ադսորբող (ակտիվացրած ածուխ), շնչառությունը (կոֆեին, կորազող, լոբելինի հիդրոքլորիդ, ադրենալին, էֆեդրին, էուֆիլին), նաև մարսողությունը, արյունաստեղծումը, արյան շրջանառությունը կարգավորող միջոցներ։ Բացի այդ, առանձնացված են նյութափոխանակության (վիտամինային և հորմոնային պատրաստուկներ), միկրոօրգանիզմների (հակաբիոտիկներ, սուլֆանի լամիդային պատրաստուկներ) վրա ազդող, նաև հակամակաբուծային (հակաճիճվային, հականախակենդական և այլն) միջոցներ։ Դեղամիջոցների մեջ կան ուժեղ ազդեցությամբ (ցուցակ Б) և թունավոր (ցուցակ А) նյութեր, որոնք դեղատներում պահպանվում են առանձին պահարաններում՝ փակի տակ և կնիքով։ Անասնաբուժության մեջ օգտագործվող դեղամիջոցների տեսականին որոշում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական վարչությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։