Դավիթ Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Միրզոյան
Ի ծնեԴավիթ Միրզոյան
Ծնվել է1961
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ

Դավիթ Միրզոյան (1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Միրզոյանը ծնվել է 1961 թվականին, Երևանում։ 1983 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո աշխատել է Արտաշավան գյուղի ութնամյա դպրոցում որպես կերպարվեստի ուսուցիչ, նաև Երևանում՝ որպես արդյունաբերական դիզայներ, գծագրող։ 1986 թվականից Դավիթ Միրզոյանն աշխատել է Հայաստանի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում որպես նկարիչ ձևավորող, այնուհետև որպես ինտերիերների ձևավորող։ 1984 թվականից սկսած Դավիթ Միրզոյանը եղել է Հայաստանի նկարիչների միության կողմից պարբերաբար կազմակերպվող պլակատի մրցույթների հաղթող և ցուցահանդեսների մասնակից։ 1988 թվականին Դավիթ Միրզոյանը դարձել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ նկարիչների միության երիտասարդական սեկցիայի անդամ։ Դավիթ Միրզոյանը ղարաբաղյան շարժման հենց սկզբից եղել է շարժման ակտիվ մասնակից։ 1988 թվականին հանդես է եկել իր հանրահայտ պլակատով՝ «Եթե Ղարաբաղը պարտվի՝ այս վերջին պատառը ևս կուլ կգնա», որն անմիջապես լայն ճանաչում է գտել միլիոնավոր հայերի շրջանում և նույն թվականին տպագրվել սփյուռքահայ մամուլում։

1990-1991 թվականներին Դավիթ Միրզոյանի պլակատները տեղ են գտել սովետահայ հանրահայտ պարբերականներում։ 1996 թվականից սկսած Բելգիայում իր մի քանի անհատական ցուցահանդեսներից հետո Դավիթ Միրզոյանը 1998 թվականին ընդունվել է Բելգիայի Թագավորական նկարիչների միության անդամ։ 2004 թվականին Դավիթ Միրզոյանը ԱՄՆ-ում ավարտել է Բրիգամ Յանգի Համալսարանը մագիստրոսի աստիճանով արվեստի ու արվեստի տեսության գծով։ Համալսարանն ավարտելուց հետո Դավիթ Միրզոյանը եղել է դիմանկարի և ֆիգուրատիվ արվեստի մի շարք ցուցահանդեսների մրցանակակիր։

Դավիթ Միրզոյանը նաև արվեստին նվիրված հետազոտությունների, ակնարկների ու հոդվածների, նաև մի շարք քառյակների հեղինակ է[1]։

Հայրենիքի անմխիթար վիճակին Դավիթ Միրզոյանն արձագանքել է բազմաթիվ ուսումնասիրություններով, հոդվածներով, ակնարկներով ու աֆորիզմներով։ Դավիթ Միրզոյանը երկար է մտորել մեր ազգային խնդիրների շուրջ, այդ խնդիրների հիմնական պատճառն ու լուծումը գտնելու համար։ Տարիների մաքառումներից հետո Դավիթ Միրզոյանը բացահայտել և իր հոդվածներով ներկայացրել է ազգային ուսմունքի բացակայությունը որպես մեր ազգային բոլոր խնդիրների հիմնական պատճառ և առաջարկել միապետական կառավարման վերականգնումն ու ազգային ուսմունքի սերմանումը որպես միակ լուծում։ Դավիթ Միրզոյանը տարիների իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ կազմել և 2012 թվականին հրապարակել է Արարչական օրենքների հիմնարար դրույթներն ու Հայաստանի թագավորության ազգային Սահմանադրությունը, իր դրոշով, զինանշանով և օրհներգով։ 2013 թվականին Դավիթ Միրզոյանը գրել է ապագա միապետական Հայաստանը, ազգային ուսմունքի կարևորագույն դրույթներն ու Համայն Հայոց Արքայի կերպարը ներկայացնող «Վերածնունդ» վեպը։ Այն տպագրվել է 2014 թվականին, վերահրատարակվել՝ 2016 թվականին[2]։ 2015 թվականին լույս է տեսել Դավիթ Միրզոյանի «Հոդվածներ, ակնարկներ, աֆորիզմներ» ժողովածուն[3]։ 2019 թվականին տպագրվել է Դավիթ Միրզոյանի «Վերածնունդ» վեպի շարունակությունը՝ երկրորդ հատորը։

Դավիթ Միրզոյանը շարունակում է հանդես գալ համացանցում ազգային խնդիրների շուրջ իր հոդվածներով, ակնարկներով, աֆորիզմներով ու գրառումներով։ Մոտ ապագայում Դավիթ Միրզոյանը ծրագրում է տպագրել իր ուսումնասիրությունների, հոդվածների, ակնարկների ու աֆորիզմների համալրված ժողովածուն (ավելի քան 750 էջ)։ Դավիթ Միրզոյանի քառյակներն ու բանաստեղծությունները հետագայում կտպագրվեն առանձին գրքույկով կամ կընդգրկվեն «Հոդվածներ, ակնարկներ, աֆորիզմներ» համալրված ժողովածուի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]