Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայր
Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայր, հանքավայր Հայաստանի Սյունիքի մարզում՝ Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան լանջին։ Հայտնի է 1945 թվականից։ Միջին ջերմաստիճանի, ջրաջերմային, չափավոր խորությունների հանքավայր է։
Հանքավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2000 - 2400 մ բարձրության վրա։ Հայտնաբերել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի արշավախումբը 1945 թվականին։ Հետախուզել է հանրապետության երկրաբանական վարչությունը 1947-51 թվականներին, շահագործվել է 1947-1977 թվականներին։
Հանքավայրի շրջանը կազմված է ստորին էոցենի հրաբխածին հաստվածքից (պորֆիրներ, դրանց տուֆեր և տուֆաբրեկչիաներ), հատված վերին էոցեն-օլիգոցենի գրանոդիորիտային փոքր շտոկներով։ Հանքայնացումը հարում է հյուսիսարևմտյան տարածման բեկորատման գոտուն, որը հատում է պրոֆիրիտներին ն մասամբ հետամտվում վերջիններիս և գրանոդիորիտների շփման մակերեսի երկայնքով։ Հանքանյութերը հիմնականում երակիկացանցավոր են, տեղադրված եղջրաքարացած պորֆիրիտներում՝ մասամբ անցնելով ինտրուզիայի ներկոնտակտային գոտին։
Ուժեղ բեկորատված պորֆիրիտների մեջ զարգացած են պղնձով և հատկապես մոլիբդենով արտակարգ հարուստ բրեկչիանման հանքանյութերը, որոնց մեջ պորֆիրիտների բեկորները ցեմենտացված են մոլիբդենիտով և խալկոպիրիտով։ Հանքայնացումը ընթացել է պիրիտային, խալկոպիրիտային, խալկոպիրիտ-մոլիբդենային և գալենիտ-սֆալերիտային հաջորդական փուլերով։
Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը դասվում է չափավոր խորություններում ձևավորված միջին ջերմաստիճանային հիդրոթերմալ տիպին։ Հանքանյութը հիմնականում արդյունահանված էր, հանքավայրը՝ փակված։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 296)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |