Դասակարգի հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դասակարգի հոգեբանություն, դասակարգի կողմից իր կենցաղի պայմանների հոգևոր յուրացման ձև, որը ներառում է դասակարգի գիտակցությունը, պահանջմունքներն ու հետաքրքրությունները, նրա հայացքները, համոզմունքները, զգացմունքները, տրամադրությունը, ավանդույթները և որոշ այլ տարրեր։

Դասակարգի հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դասակարգ» հասկացությունն ի հայտ է եկել 18-րդ դարում։ Սոցիալական դասակարգը մարդկանց կազմակերպված, մեծ խումբ է, որը կոնկրետ սոցիումի տնտեսական և հասարակական հարաբերությունների համակարգում զբաղեցնում է ուրույն սահմանված տեղը։ Դասակարգերն ի հայտ են գալիս արդյունաբերական ուժերի զարգացման որոշակի մակարդակում, այսինքն՝ դասակարգերն առաջանում են որպես արդյունաբերական ուժերի զարգացման արդյունք։ Հասարակության մեջ դասակարգային տարբերություններն առաջանում են աշխատանքի հասարակական բաժանման և մասնավոր սեփականության հիման վրա։ Սոցիալական դասակարգը համարվում է հասարակական հարաբերությունների գլխավոր սուբյեկտներից մեկը, և հատկապես նրա անմիջական ազդեցության ներքո են զարգանում մարդկանց փոխազդեցությունը, փոխհարաբերություններն ու շփումը, ձևավորվում նրանց տրամադրությունն ու մոտիվացիան, սոցիալական ինքնազգացողությունը և իր կյանքից ու հասարակության մեջ զբաղեցրած դիրքից բավարարվածությունը կամ անբավարարվածությունը։ Դասակարգային հոգեբանության առանձնահատկությունների ուսումնասիրումը պետք է հիմնվի այն կարևոր մեթոդոլոգիական դրույթի վրա, որ հասարակական գիտակցությունը պայմանավորված է հասարակական հարաբերություններով։ Յուրաքանչյուր դասակարգային հասարակության մեջ նրա սուբյեկտների միջև հարաբերությունները, այսինքն ՝կյանքի օբյեկտիվ պայմանները, միանման չեն։ Ընդ որում մարդկանց դրության առավել սկզբունքային, խորը և կտրուկ փոփոխությունները պայմանավորված են տարբեր սոցիալական դասակարգերին նրանց պատկանելիությամբ։ Ուսումնասիրվող հասարակության սոցիալական դասակարգերի և միջդասակարգային շերտերի սոցիալ-հոգեբանական բնութագրերի գիտական հիմնավորման համար անհրաժեշտ է իմանալ և տարբերել. 1.դասակարգային հոգեբանության դետերմինանտները 2.նրա կրթության հիմքը։ Եթե որպես սոցիալական դասակարգի հոգեբանության դետերմինանտներ հանդես են գալիս դասակարգի սոցիալ-տնտեսական վիճակը, նրա տեղը հասարակական համակարգում, պատմական դերը, նրա զարգացման մակարդակը, սոցիալ-տնտեսական հարաբերությունները, ապա սոցիալական դասակարգի հոգեբանության կրթության հիմքը կազմում են նրա կյանքի պայմանները, հասարակական-պրակտիկ գործունեության բնույթը, այլ դասակարգերի և միջդասակարգային խմբերի հետ հարաբերությունները, սոցիալական փորձը, կենսակերպը և նրա ներկայացուցիչների բազում այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ բնութագրեր։ Դասակարգային հոգեբանության բնույթի վրա նշանակալի ազդեցություն են ցուցաբերում պատմական իրավիճակը, հասարակության մեջ դասակարգային ուժերի հարաբերակցությունը, տվյալ դասակարգի սոցիալական հիմքը, այլ դասակարգերի հոգեբանությունը, ազգային հոգեբանության առանձնահատկությունները։ Դասակարգի հոգեբանությունը նաև ձևավորվում է նրա գաղափարախոսության ազդեցության ներքո, եթե այն գոյություն ունի, և կրում է այլ սոցիալական դասակարգերի և միջդասակարգային խմբերի գաղափարախոսության ազդեցությունը։ Դասակարգային հասարակության մեջ հասարակական գիտակցությունը պայմանավորվում է դասակարգի հոգեբանությամբ։ Դասակարգի գիտակցությունը երկարատև սոցիալ-պատմական զարգացման արդյունք է, որի հիմքում ընկած են տվյալ դասակարգին պատկանող մարդկանց պահանջմունքների դինամիկան։ Դասակարգի գիտակցության զարգացումը ներառում է երեք պայմանականորեն բաժանվող մակարդակներ.

  • Տիպոլոգիական, որի դեպքում դասակարգի ներկայացուցիչները միմյանց ճանաչում են ըստ արտաքին հատկանիշների և ֆիքսում են իրենց արտաքին նմանությունը, սակայն բացակայում է միասնականության գիտակցումը և հետաքրքրությունների ընդհանրությունը;
  • Իդենտիֆիկացիոն /նույնականացնող/, երբ առաջնային ընդհանրության մակարդակում դրսևորվում է խմբային ինքնագիտակցություն, կապված կյանքի և գործունեության ընդհանուր պայմանների հետ, ինչպես նաև հետաքրքրություններով և պահանջմունքներով
  • Համերաշխության մակարդակը, որի դեպքում առաջանում է հետաքրքրությունների և արժեքների միասնության գիտակցում։

Դասակարգային հոգեբանության հիմքում ընկած են դասակարգի հետաքրքրքւթյուններն ու պահանջմունքները։ Սրանից հետևում է, որ դասակարգերի հակադրությունը դրսևորվում է նախ և առաջ նրանց պահանջմունքների և հետաքրքրությունների հակադրության մեջ, ինչը մի կողմից պայմանավորում է ներդասակարգային համախմբման միտումը, մյուս կողմից՝ միջդասակարգային սահմանազատումը։ Սոցիալական դասակարգի հոգեբանությունը հանդես է գալիս որպես նրա հետաքրքրությունների, հայացքների, պատկերացումների, զգացմունքների հոգևոր ընդհանրության արտացոլում։ Ստորին մակարդակում այդ ընդհանրությունն արտահայտվում է դասակարգի ներկայացուցիչների սոցիալ-հոգեբանական բնութագրերի նմանության մեջ, որոնք արտացոլում են նրանց կենցաղային պայմանների և սոցիալական վիճակի ընդհանրությունը։ Ավելի բարձր մակարդակում այն սահմանվում է դասակարգի ներկայացուցիչների կողմից իրենց պատկանելիության գիտակցմամբ։ Դասակարգի ներկայացուցիչների հոգևոր ընդհանրության ամենաբարձր մակարդակը համարվում է համերաշխությունը, ինչը բնութագրվում է համոզմունքների և գործողությունների միասնությամբ, դասակարգի անդամների փոխօգնությամբ և աջակցությամբ, դասակարգի նպատակներին հասնելու համար համատեղ գործողության պատրաստականությամբ։ Դասակարգային համերաշխությունը ձևավորվում է ոչ թե միանգամից, այլ դասակարգի զարգացման բավական երկարատև գործընթացում։

Դասակարգի հոգեբանության առանձնահատկությունը /սպեցիֆիկան/[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկացած դասակարգի հոգեբանություն իրենում ներառում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են ` պահանջմունքները, հետաքրքրքությունները, զգացմունքները, տրամադրությունը, հայացքները, համոզմունքները, արժեքները, ավանդույթները և այլն:Սովորաբաար դրանք տարբերվում են ըստ իրենց բովանդակության, հարաբերակցության և ուղղվածության: Մի դասակարգի հոգեբանությունը մյուսից տարբերվում է ըստ այն բանի, թե ընդհանուր-հոգեբանական դրսևորումներից որոնք են նրանում գերակշռում և թե ինչպիսին է դրանց բովանդակությունը տվյալ պատմական պահին, քանի որ դասակարգի զարգացման գորճընթացում նրա հոգեբանությունը կարող է փոփոխվել:Դասակարգային հոգեբանության մեջ իրենց արտացոլումն են գտնում նաև մարդկանց ազգային-հոգեբանական առանձնահատկությունները, որոնք նրան տալիս են որոշակի ազգային սպեցիֆիկա: Անհրաժեշտ է նկատի առնել, որ տարբեր դասակարգերի պատկանող սոցիալական խմբերի ներկայացուցիչների մոտ կարող են լինել մի շարք հոգեբանական գծերի նմանություններ:Սա բացատրվում է նրանով,որ հիմնական դասակարգերի և միջին շերտերի ներքին տարատեսակությունը կապված է սոցիալական խմբերի գոյության հետ, որոնք տարբերվում են իրենց դասակարգային դիրքի հիմնական հատկանիշներով, բայց նման են աշխատանքային գործունեության բնույթով, նրա կազմակերպման ձևերով և այլ բնութագրերով:Հասկանալի է, որ մարդու դասակարգային դիրքը ներգործում է նրա հասարակական կեցության բոլոր կողմերի վրա, և, հետևաբար, այդ կեցությունն արտացոլող նրա գիտակցության, հոգեբանության վրա:Այդ ներգործությունն իրականանում է երկու` սերտորեն փոխկապակցված մեխանիզմների միջոցով. Առաջին հերթին ՝ մարդու անձնային կյանքի փորձի միջոցով, ինչը կախված է այն դասակարգի սոցիալ-տնտեսական պայմաններից, որին տվյալ մարդը պատկանում է/ լիովին պարզ է, որ աշխատավոր մարդու կենսափորձն ամողջովին տարբերվում է խոշոր կապիտալիստի կենսափորձից, ով ձեռթ է բերել բոլորովին այլ սոցիալ-տնտեսական պայմաններ/: Այս սոցիալական միջավայրն անհատին շրջապատում է նրա գիտակցության ձևավորման առաջին իսկ քայլերից։ Օրինակ, որևէ ապահովված ընտանիքի զավակը, հավանաբար, նախևառաջ կսովորի ամենաարտոնյալ մասնավոր դպրոցներից մեկում, որտեղ սովորում են այլ հարուստ ծնողների երեխաներ։ Այնուհետև բարձրագույն կրթություն կստանա ամենաթանկարժեք համալսարաններից մեկում, որը հասանելի չի շարքային քաղաքացիների համար։ Ավելի ուշ նա կդառնա հեղինակավոր մասնավոր ակումբներից մեկի անդամը։ Իսկ կապրի նա հարուստ և մեկուսացված առանձնատանը, ուր նա շրջապատված կլինի ծառայողներով և պահակախմբով՝շփվելով միայն իր շրջանի հասակակիցների հետ։ Պարզ է, որ գործազուրկի կամ նույնիսկ որակավորում ստացած աշխատողի զավակի սոցիալականացումը կընթանա բոլորովին այլ պայմաններում և այլ շրջապատում։

Դրա հետ մեկտեղ այս կամ այն դասակարգին մարդկանց պատկանելիությունը բնավ չի նշանակում նրանց հոգեկան կյանքի միանշանակ սոցիալական պայմանավորվածությունը։ Սոցիալական միջավայրը ներառում է ոչ միայն տվյալ դասակարգի կենսապայմանները, այլև հասարակական կյանքի օբյեկտիվ պայմանների ողջ համագումարը, որոնք բնութագրում են տվյալ հասարակական-տնտեսական ֆորմացիան։ Այս ամենից հետևում է, որ աշխատավորի հոգեբանությունը պայմանավորված է ոչ միայն բանվոր դասակարգին պատկանելիության փաստով, այլև նրանով, թե ինչպիսի հասարակության պայամաններում է նա ապրում։ Բացի դրանից, մարմնավորելով յուրաքանչյուր ֆորմացիայի առանձնահատկությունները և յուրաքանչյուր դասակարգի կենսապայմանները նրա ներսում, հոգեբանությունը կրում է կոնկրետ պատմական բնույթ.նրա վրա իր դրոշմն է թողնում հասարակության տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման մակարդակը։ Դասակարգային հոգեբանությունը ամորֆ/անձև/ չէ։ Այն կարող է որոշակի փոփոխության ենթարկվել իր ներկայացուցիչների պատմականորեն փոփոխվող կենսապայմանների ազդեցության ներքո, այս կամ այն դասակարգային ուժերի հարաբերակցության ազդեցության ներքո, սոցիալական բազայի փոփոխության ներքո։ Այն կարող է դետերմինացվել ազգային ավանդույթներով և սովորույթներով, այլ դասակարգերի հոգեբանությամբ։ Դա շատ ակնհայտորեն է լինում մեծ սոցիալական ցնցումների շրջանում։ Որոշակի հոգեբանական տարբերություններ կարող են լինել նաև մի երկրի պրոլետարիատի տարբեր խմբերի ներկայացուցիչների մոտ։ Ուստի որոշակի սոցիալական խմբի ներկայացուցիչների հոգեբանությունը հասկանալու համար, օրինակ, բավարար չէ, հաստատել բանվոր դասակարգին նրանց պատկանելիությունը, անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրանց մասնագիտությունը, կրթությունը և որակավորումը, նրանց աշխատավարձի մակարդակը և մի շարք այլ գործոններ։ Հարց է առաջանում.եթե գիտակցության վրա դասակարգային դիրքի ազդեցությունն այդքան սերտորեն միահյուսվում է բազում այլ գործոնների ազդեցության հետ, եթե յուրաքանչյուր մարդու հոգեբանությունը համարվում է ոչ միայն ազգային, մասնագիտական և այլն, ապա կարելի է արդյոք դասակարգային հոգեբաննությունն ընդհանրապես դիտարկել որպես հատուկ սոցիալ-հոգեբանական երևույթ։ Սոցիալական հոգեբանությունն այս հարցին պատասխանում է հաստատական/դրական/:Իհարկե, յուրաքանչյուր մարդ վառ անհատականություն է և դասակարգի դիրքի ազդեցությունը նրա գիտակցության վրա բեկվում է նրա անձնային կենսափորձից, բնավորության և խառնվածքի առանձնահատկություններից ելնելով։ Սակայն յուրաքանչյուր մարդու անհատական ինքնատիպության մեջ այս կամ այն չափով դրսևորվում են համադասային գծեր։ Դասակարգի կյանքի սոցիալական պայմանները թեև չեն կազմում անհատի հոգեբանական գծերի ողջ ամբողջությունը, սակայն դրանք ճնշում են որոշակի գծեր, խթանում ուրիշների զարգացմանը և դրանով իսկ ձևավորում են տվյալ դասակարգին բնորոշ անձի գծեր։ Ուստի տվյալ դասակարգի ներկայացուցիչներին բնորոշ հոգեբանական գծերի ամբողջության մեջ էլ հենց դրսևորվում է դասակարգային հոգեբանության ռեալությունը։ Հարկ է նաև նշել, որ վերջինս չի համարվում տվյալ դասակարգը կազմող մարդկանց հոգեբանական հատկանիշների և որակների գումար։ Սոցիալական հոգեբանությունն այն դիտարկում է որպես տվյալ դասակարգի ներկայացուցիչներին բնորոշ հոգեբանական գծերի ամբողջություն։

Դասակարգի հոգեբանության բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգի հոգեբանությունը ներառում է նրա պահանջմունքները, հետաքրքրությունները, արժեքային կողմնորոշումները, դերային պատկերացումները, վարքագծի նորմերը, ավանդույթները և այլ սոցիալ-հոգեբանական դրսևորումներ։ Նրա հիմքը նախևառաջ ձևավորում են դասակարգը կամ միջդասային խունբը կազմող մարդկանց պահանջմունքները։ Հասարակության տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման յուրաքանչյուր մակարդակում դասակարգային դրությունը պայմանավորում է նրանց հասանելի հոգևոր և նյութական բարիքների ծավալն ու կազմը, նրանց գործունեության հիմնական բովանդակությունը, այս կամ այն իրերին տիրելու նրանց իրական հնարավորությունները։ Պահանջմունքների բովանդակությունը կախված է այն բանից, թե ինչ ունի մարդը, դասակարգի ներկայացուցիչը, և ինչը նրան չի բավարարում։ Նրա գործունեության սպեցիֆիկան նրանում զարգացնում է որոշ պահանջմունքներ և ճնշում մյուսները։ Դասակարգային հոգեբանության բովանդակության մեջ էական նշանակություն ունի նաև հասարակական գիտակցոության այնպիսի տարր, ինչպիսին է հետաքրքրությունները։ Դասակարգի հետաքրքրությունները, համարվելով նրա կարևորագույն շարժիչ ուժերից մեկը, պայմանավորված են տվյալ հասարակության արդյունաբերական հարաբերությունների համակարգում դասակարգի դրությամբ։ Դրանք կարող են տարբերվել հասունության մակարդակով, ինչը հիմնականում կախված է դասակարգի օբյեկտիվ պահանջմունքների զարգացման մակարդակից։ Սակայն գոյություն ունեն նաև այլ գործոններ, օրինակ սուբյեկտիվ, որոնք կարող են ազդել նրանց վրա։ Դասակարգի հետաքրքրությունների ուղղվածությունը բավական լայն է՝ այն շոշափում է տվյալ հասարակության մեջ գործող բոլոր ինստիտուտների, նորմերի և արժեքների ամբողջությունը։ Տարբեր դասակարգերի հետաքրքրությունների բախումը դրսևորվում է քաղաքական ոլորտում, քանի որ քաղաքական հետաքրքրություները համարվում են մյուս բոլոր հետաքրքրությունների ընդհանրացված դրսևորումը, այդ թվում և տնտեսական։ Դասակարգի հետաքրքրությունների ճնշման բոլոր փորձերը, հատկապես պետության կողմից, նրա ներկայացուցիչների կողմից ընկալվում է որպես ոտնձգություն իրենց կյանքի հանդեպ։ Սոցիալական իրականությունը ցույց է տալիս, որ ոչ մի դասակարգ, ոչ մի միջդասային խումբ իր հետաքրքրություններից ինքնակամ չի հրաժարվում՝բարոյա-հոգեբանական պատկերացումների կամ հումանիստական կոչերի հիման վրա։ Դասակարգային հետաքրքրությունների կոնֆլիկտը սովորաբար հանգեցնում է դասակարգային պայքարի առաջացմանը։ Նշենք, որ ինչպես ցույց է տալիս համաշխարհային պատմությունը, դասակարգային հետաքրքրությունները շատ հազվադեպ են հանդես գալիս մաքուր ձևով։ Սովորաբար նրանք ընդգրկում են գաղափարական, կրոնական կամ բարոյա-էթիկական ձևեր, որոնց օգնությամբ դասակարգային հետաքրքրությունը ձեռք է բերում ընդհանուր կամ նույնիսկ համընդհանուր հետաքրքրության ձև։ Հետաքրքրության սուբյեկտիվ կողմը կայանում է նրանում, որ այն իրենից ներկայացնում է հոգեկանի գործունեության արդյունք, ուստի և այն իր վրա կրում է հասարակական հոգեբանության այլ տարրերի ազդեցությունը, մասնավորապես, արժեքները, վարքագծի նորմերը և այլն։ Դասակարգի արժեքների ձևավորման և զարգացման հիմքում ևս ընկած են նրա պահանջմունքները։ Հայտնի է, որ արժեքները օբյեկտիվորեն պայմանավորված են դասակարգի գործունեության տնտեսական պայմաններով։ Եթե բուրժուազիայի «ավանդական» արժեքների հիմքում ընկած են սեփականությունը և շահույթը, մենեդջերի արժեքային համակարգում շեշտը դրվում է կառավարողի մասնագիտական որակների, նրա կոմպենտենտության վրա։ Նյութական արժեքներից բացի, որոնք համարվում են իրենց վրա ուղղված հետաքրքրությունների օբյեկտ, օբյեկտի դերում կարող են հանդես գալ նաև հասարակական գիտակցության որոշ ֆենոմեններ, որոնք այդ հետաքրքրություններն արտահայտում են իդեալական ձևով / սկզբունքներ, իդեալներ, նորմեր և այլն/, այսինքն՝ հոգևոր արժեքները։ Բուրժուայի համար, օրինակ, նման արժեքներ են համարվում անհատական ազատությունը, անձնային անկախությունը տարբեր ներգործություններից։ Այստեղ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ տվյալ դասակարգի հասարակական գիտակցությունում սեփականությունը, անձնային ազատությունը և տնտեսական իշխանությունը դրսևորվում են որպես ամբողջություն, սերտորեն փոխկապակցված։ Անհրաժեշտ է նշել, որ դասակարգային հոգեբանության բովանդակության մեջ մտնում են տվյալ դասակարգը կազմող անձանց ոչ բոլոր պահանջմունքները, հետաքրքրություններն ու արժքեները, այլ միայն դրանցից նրանք, որոնք բնորոշ են համարվում տվյալ դասակարգի համար։ Իսկ ինչ վերաբերում է այս կամ այն դասակարգի ներկայացուցչի՝անձի հոգեբանական կառուցվածքին, ապա դասակարգային բնորոշ գծերը կախված տարբեր իրավիճակներից կարող են զարգանալ շատ կամ քիչ և ունենեալ արտահայտվածության այս կամ այն մակարդակ։ Դերային պատկերացումները դրանք դասակարգի պատկերացումներն են հասարակության մեջ իր զբաղեցրած տեղի մասին։ Դասակարգային հոգեբանության բովանդակության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում վարքագծի նորմերը։Դասակարգը կամ միջդասակարգային խումբը իրենց կողմից մշակած նորմերի օգնությամբ իր ներկայացուցիչներին ներկայացնում է այնպիսի պահանջներ, որոնք կանոնավորում, վերահսկում, ուղղորդում և գնահատում են այդ վարքագիծը։ Վարքագծի նորմերը մշակվում են նկատի առնելով դասակարգի հետաքրքրությունները, հասարակական հարաբերությունների համակարգը և պարտադիրի, հասանելիի, հնարավորի, խրախուսելիի, ցանկալիի, ընդունելիի կամ անցանկալիի, անընդունելիի և այլնի մասին պատկերացումները։ Նորմերի օգնությամբ դասակարգի պահանջները վերածվում են էտալոնների, մոդելների, անհրաժեշտ վարքագծի ստանդարտների և այդ ձևով հասցեագրվում են անձին։ Վարքագծի նորմերի խախտողների հանդեպ դասակարգը կիրառում է բացասական սանկցիաներ / քննադատություն, սպառնալիքներ, բոյկոտ, բամաբասանքներ և այլն/: Հարկ է նշել, որ տվյալ սոցիալ-դասակարգային միջավայրում ընդունված յուրացումն ու կիրառումը համարվում է անձի՝որպես դասակարգի ներկայացուցչի, ձևավորման կարևորագույն պայման։ Իր շուրջօրյա վարքագծում և շփման մեջ ընդունելով և իրացնելով նորմերի և դրանց հետ կապված արժեքների որոշակի համակարգ, մարդը ներառվում է այն անձանց խումբը, ովքեր ընդունում և պրակտիկորեն իրացնում են արժեքների նշված համակարգը։ Հակառակ դեպքում անձը կարող է մերժվել դասակարգի ներկայացուցիչների կողմից։ Ըստ վերոնշյալ տարրերի դիտարկման, մի շարք հետազոտողների, մասնավորապե Գ.Մ.Անդրևայի, դասակարգային հոգեբանությունը ներառում է «հոգեբանական կերտվածք», այսինքն՝սոցիալական դասակարգի որոշակի հոգեբանական բնույթը դրսևորվում է ավանդույթներում, բարքերում, սովորույթներում և այլն։ Ավանդույթները, սովորույթները և բարքերը կարևոր կարգավորիչ դեր են կատարում դասակարգի կամ միջդասակարգային խմբի անդամների վարքագծում, ուստի և կարևոր են դասակարգային հոգեբանության առանձնահատկությունների հասկացման համար։ Դասակարգային հոգեբանության բոլոր բաղադրիչները գտնվում են սերտ փոխկապվածության և փոխազդեցության միջև։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В.Т. Крысько ,Социальная психология,М.2006г.
  • Ա.Ի. Կրավչենկո, Սոցիոլոգիա, Ե.2004 թ.