Jump to content

Գրոսվենոր պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


«The Graphic» շաբաթաթերթում 1877 թվականի մայիսի 19-ին տպագրված Գրոսվենոր պատկերասրահի մուտքի փայտե փորագրանկարը

Գրոսվենոր պատկերասրահ, 1877 թվականին սըր Քութս Լինդսեյի ու վերջինիս կնոջ՝ Բլանշի կողմից Լոնդոնում հիմնադրված պատկերասրահ։ Առաջին տնօրեններից էին Ժոզեֆ Ուիլյամ Կոմինս Քարրը և Չառլզ Հալլեն։ Պատկերասրահը վճռորոշ դեր է խաղացել էսթետիկ շարժման համար, քանի որ տեղ է հատկացրել այն նկարիչներին, որոնց ավելի դասական ու պահպանողական Գեղարվեստի թագավորական ակադեմիան չէր ընդունել, այդ թվում՝ Էդուարդ Բուրն-Ջոնսն ու Ուոլտեր Քրեյնը[1]։

Գրոսվենոր պատկերասրահի հատակագիծը 1899[1]

Պատկերասրահը հիմնադրվել է 1877 թվականին Լոնդոնի Բոնդ փողոցում սըր Քութս Լինդսեյի ու վերջինիս կնոջ՝ Բլանշի կողմից։ Լինդսեյն ու իր կինը լավ կապեր ունեին ու սիրողական նկարիչներ էին։ Բլանշը սերում էր Ռոտշիլդ ընտանիքից, և նրա գումարի շնորհիվ է իրականություն դարձել ամբողջ նախագիծը[1]։

«Illustrated London News» շաբաթաթերթում 1877 թվականի մայիսի 5-ին տպագրված Գրոսվենոր պատկերասրահի ներսակողմի փորագրանկար — Արևմտյան պատկերասրահը[2]

Գրոսվենորում ցուցադրվում էին բրիտանական մեյնսթրիմից դուրս գտնվող նկարիչների աշխատանքները, այդ թվում՝ Էդուարդ Բուրն-Ջոնսը, Ուոլտեր Քրեյնը և պրեռաֆայելիտների այլ անդամներ։ Բայց այնտեղ ցուցադրված էին նաև այլուր, այդ թվում և թագավորական ակադեմիայում, լայնորոն ցուցադրության արժանացած նկարիչներ, ինչպիսիք են՝ Լոուրենս Ալմա-Թադեման, Էդուարդ Փոյնթերը և Ջեյմս Տիսոն։ 1877 թվականին Ջոն Ռասկինն այցելել է պատկերասրահ՝ Բուրն-Ջոնսի աշխատանքը տեսնելու։ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի նկարները նույնպես ցուցադրության մեջ էին, և այդ նկարների վերաբերյալ Ռասկինի կոպիտ ակնարկը հանգեցրել է հանրահայտ զրպարտության դատավարությանը, որը հարուցել էր նկարիչը քննադատի դեմ։ Որպես փոխհատուցում Ուիսթլերն ստացել է մեկ ֆարթինգ (14 պեննի)։ Դատավարության շնորհիվ պատկերասրահը էսթետիկ շարժման կենտրոնի համբավ է ձեռք բերել[2]։ Արվեստի քննադատ Հենրի Բլեքբուրնը տարեկան ցուցադրությունների մասին Grosvenor Notes (1877–82) վերնագրով պատկերազարդ ձեռնարկներ էր թողարկում։

1888 թվականին Լինդսեյի հետ տարաձայնության պատճառով Կոմինս Քարրը և Հալլեն հեռացել են պատկերասրահից ու հիմնել իրենց սեփական New Gallery անվամբ պատկերասրահը՝ իրենց հետ տանելով նաև Բուրն-Ջոնսին ու շատ այլ նկարիչների։ Ամուսնալուծությունը, ֆինանսական դժվարություններն ու անձնական կոնֆլիկտները Լինդսեյին դուրս են մղել պատկերասրահից, որն սկսել է ղեկավարել նրա նախկին կինը[1]։

Էլեկտրակայանի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին փարիզյան ցուցահանդեսից վերադառնալուց հետո Քրոուֆորդի կոմսը խորհուրդ է տվել Լինդսեյին պատկերասրահում էլեկտրական լուսավորում տեղադրել։ 1883 թվականին Siemens ընկերության գեներատորների ամրացված Marshall ընկերության երկու շարժիչներ են տեղադրվել պատկերասրահի հետևի բակում։ Տեղադրումը հաջողությամբ է ավարտվել, և հարևաններն սկսել են հոսանքի մատակարարում խնդրել, որից հետո Լինդսեյը, Քրոուֆորդն ու լորդ Վանտաժը հիմնադրել են Sir Coutts Lindsay Co. Ltd. ընկերությունը և 1885 թվականին կառուցել Գրոսվենորի էլեկտրակայանը։ Այն կառուցվել է պատկերասրահի տակ և ունեցել 1,000 կիլովատտ հզորություն։ Էլեկտրակայանը հոսանք էր մատակարարում հյուսիսում դեպի Ռիջենթս զբոսայգի, հարավում մինչև Թեմզա, արևմուտքում դեպի Նայթսբրիջ, արևելքում դեպի Անգլիայի գերագույն դատարան ընկած տարածքներին։ Սակայն այն նաև շատ խնդիրներ էր առաջացնում, այնքան շատ, որ Սեբաստիան Զիանի դե Ֆեռանտին խորհուրդ է տվել այն լուծարել 1885 թվականին, իսկ մինչ 1886 թվականի հունվարը Ֆեռանտին ինքն էր գլխավոր ինժեները և մի քանի ամսվա ընթացքում վերամշակել է համակարգն՝ այնտեղ ընդգրկելով Hick, Hargreaves ընկերության Corliss շոգեշարժիչը և իր սեփական նախագծով այլընտրանքային հոսանքի երկու գեներատոր Siemans սարքավորումների փոխարեն։ Deptford Power Station էլեկտրկայանի բացմամբ նրա կայանը դարձել է Էլեկտրական ենթակայան[1]։

  • Գրոսվենոր պատկերասրահի գրադարան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sheppard (General Editor), F. H. W. (1980). 'Bourdon Street and Grosvenor Hill Area', Survey of London: volume 40: The Grosvenor Estate in Mayfair, Part 2 (The Buildings). Institute of Historical Research. էջեր 57-63. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին. {{cite book}}: |last1= has generic name (օգնություն)
  2. 2,0 2,1 Teukolsky, Rachel (2009). The Literate Eye: Victorian Art Writing and Modernist Aesthetics (illustrated ed.). Oxford University Press. էջ 113. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.

Աղբյուրներ ու հետագա ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]