Գրաֆալո
Գրաֆալո անգլ.՝ The Gruffalo | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրավոր աշխատություն և բանաստեղծություն |
Ժանր | մանկական գրականություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Ջուլիա Դոնալդսոն |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Կերպարներ | Gruffalo? և Mouse? |
Նկարազարդող | Axel Scheffler? |
Հրատարակչություն | Macmillan Publishers |
Հրատարակվել է | մայիսի 5, 1999 և մարտի 23, 1999 |
Հաջորդ | The Gruffalo's Child? |
![]() |
«Գրաֆալո», անգլիացի գրող Ջուլիա Դոնալդսոնի մանկական գիրքը Ակսել Շեֆլերի նկարազարդումներով։ Լույս է տեսել 1999 թվականին՝ առաջին անգամ ներկայացնելով նոր հերոսի՝ անտառի թավամազ և ժանիքավոր բնակչին՝ Գրաֆալոյին (անգլերեն լեզվով՝ «Գրաֆալո»)։ Գրքի տեքստը չափածո է և կազմված հանգավորված երկտողերից։ Այն նախատեսված է 3-7 տարեկան երեխաների համար։
Գիրքը մեծ ժողովրդականության է արժանացել Մեծ Բրիտանիայում և թարգմանվել մի քանի տասնյակ լեզուներով։ Նրա տպաքանակները կազմել են մի քանի միլիոն օրինակ, գիրքը դարձել է պատմության մեջ ամենաշատ վաճառվողներից մեկը[1]։
2009 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է անիմացիոն ֆիլմ։ Ստեղծվել է նաև գրքի աուդիո տարբերակը և նրա հիման վրա բեմադրվել են մի քանի թատերական ներկայացումներ։
Գիրքը հայերենով թարգմանվել է 2020 թ․ Զանգակ հրատարակչության կողմից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուլիա Դոնալդսոնի խոստովանությամբ՝ Գրուֆալոյի մասին գրքի գաղափարի նախնական մշակումը տևել է շուրջ մեկ տարի, իսկ հենց տեքստի գրելը՝ երկու շաբաթ։ Սյուժեի հիմքում ընկած է չինական հեքիաթ աղջկա և վագրի մասին. աղջկա հետքերով գնում էր վագրը, և նա մտածում էր, որ բոլոր գազանները վախենում են իրենից, թեև իրականում նրանք վախենում էին վագրից[2]։
Սկզբում գրողը ենթադրում էր, որ իր գրքի հերոսը նույնպես կլինի վագրը, սակայն նա չի կարողացել գտնել tiger բառի հետ հագնավորվող բառ և արդյունքում հորինել է «Գրուֆալո» (Gruffalo) նոր կերպար, որը անգլերենով հանգավորվում է Know «իմանալ» բառի հետ հետևյալ երկտողում.
Silly old Fox, doesn’t he know
There’s no such thing as a …
Գրուֆալոյի արտաքին տեսքի մանրամասները նույնպես մասամբ պայմանավորված էին նրանով, որ որոշակի հանգեր ավելի հեշտ է ընտրել համատեքստի համար[3]։
Տեքստը ավարտելուց հետո Դոնալդսոնն այն ուղարկել է հրատարակչություն, սակայն մեկ տարի շարունակ պատասխան չի ստացել։ Այդ ժամանակ նա դիմել է նկարազարդող Ակսել Շեֆլերին, ում հետ մինչ այդ ծանոթ չէր։ Մեկ շաբաթ անց նա առաջարկ է ստացել հրատարակել գիրքը նույնիսկ այն դեպքում, եթե Շեֆլերը հրաժարվի այն նկարազարդել։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մկնիկը քայլում է անտառում և հերթով հանդիպում աղվեսին, բուին և օձին։ Նրանցից յուրաքանչյուրը, տեսնելով մկանը, ցանկանում է ուտել նրան և հրավիրում է հյուր։ Սակայն մուկը հրաժարվում է այն պատրվակով, թե հենց այդ ժամանակ ինքը հանդիպում ունի Գրուֆալոյի հետ։ Երբ զրուցակիցները հետաքրքրվում են, թե ով է Գրուֆալոն, մուկը նկարագրում է նրան՝ որպես խոշոր սարսափելի գազանի, որն ունի հսկայական ատամներ, ժանիքներ, ճանկեր, թունավոր գորտնուկ քթի վրա և մանուշակագույն փշերով մեջք։ Նա նաև ասում է, որ Գրուֆալոն սիրում է ուտել աղվեսներ, բուեր և օձեր, ինչի պատճառով մկնիկի զրուցակիցները սարսափով փախչում են։
Ծիծաղելով հիմար գազանների վրա, որոնք հավատում էին իր հորինվածքին, Մկնիկը թավուտում անսպասելիորեն հանդիպում է Գրուֆալոյին, որը լիովին համապատասխանում է իր նկարագրությանը։ Գրուֆալոն Մկնիկին հայտնում է, որ պատրաստվում է նրանից բուտերբրոդ պատրաստել և ուտել, սակայն մուկն զգուշացնում է Գրուֆալոյին, որ նա գործ ունի անտառի ամենասարսափելի կենդանու հետ։ Դա ապացուցելու համար մուկը կրկին անցնում է անտառով, այս անգամ՝ Գրուֆալոյի հետ և ցույց է տալիս վերջինիս, թե ինչպես են օձը, բուն և աղվեսը սարսափով փախչում իրենից։ Այնուհետև մկնիկն ասում է, որ դեմ չէ ուտել «մեջն ընկույզ լցված գրուֆալո»։
Համոզվելով, որ գործ ունի սարսափելի և վտանգավոր գազանի հետ, Գրուֆալոն վախով փախչում է, ինչից հետո մկնիկը կարող է հանգիստ նստել և համեղ ընկույզ ուտել։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999 – Nestlé Smarties Book Prize, մրցանակ մինչև հինգ տարեկան երեխաների համար նախատեսված տարվա լավագույն գրքի համար,
- 2000 – Blue Peter Book award, մրցանակ երեխաների համար բարձրաձայն կարդալու լավագույն գրքի համար։
- 2000 – Nottingham / Experian Children ' s Book award։
2000 թվականին գիրքը եղել է ամենաշատ վաճառվողը Մեծ Բրիտանիայում։
2009 թվականի նոյեմբերին BBC Radio 2-ի ունկնդիրների քվեարկության արդյունքում գիրքը հաղթել է «քնից առաջ լավագույն ընթերցանություն» անվանակարգում[4]
2010 թվականի բրիտանական հարցումների համաձայն՝ գիրքն առաջին տեղն է զբաղեցրել ամենասիրված մանկական գրքերի ցուցակում[5]։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր բլոգի գրախոսականում Օլգա Զլատոգորսկայան նշել է, թե «չնայած գրքի դրական տրամադրվածությանը, կարդալուց հետո մնում է տհաճ նստվածք» այն պատճառով, որ մուկն իր խնդրի լուծումը գտնում է սուտ ասելով. «Տողերի արանքում կարդացվում է բարոյախոսությունը. ստելը լավ է։ Եթե դու փոքր ես և թույլ, խաբիր և կեցցես»[6]։
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է կես ժամ տևողությամբ «Գրուֆալո» անիմացիոն ֆիլմը, որում կերպարներին հնչյունավորել են հայտնի դերասաններ։ Ֆիլմում ավելացվել է լրացուցիչ կերպար՝ սկյուռ, որը սկյուռիկներին պատմում է մկան և Գրուֆալոյի մասին։
Լև Դանիլկինին տված հարցազրույցում Ջուլիա Դոնալդսոնը խոստովանել է, որ ինքն ստացել է էկրանավորման այլ առաջարկներ ևս, որոնք մերժել է[7].
Աուդիոտարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին լույս է տեսել «Գրաֆալո» աուդիոգիրքը, որը հնչյունավորել է դերասանուհի Իմելդա Սթոնթոնը[8]։ Հրատարակությունը ներառում է նաև «Գրուֆալոյի երգը»։ Աուդիոգիրքը արժանացել է Spoken Book մրցանակի 2002 թվականին որպես երեխաների համար նախատեսված լավագույն աուդիոգիրք[9]։
Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գրաֆալո» գիրքը կարդում է բրիտանական «Դոկտոր Ով» սերիալի 5-րդ եթերաշրջանի 8-րդ էպիզոդի («Սոված Երկիր») հերոսներից մեկը։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «английская детская писательница»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-02-ին։ Վերցված է 2019-06-17
- ↑ «The Making of the Gruffalo. Julia Donaldson’s The Gruffalo bends all the rules for writing marketable picture books»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-19-ին։ Վերցված է 2011-09-03
- ↑ «Information on Julia Donaldson, children's author and creator of The Gruffalo»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-06-ին։ Վերցված է 2019-06-17
- ↑ BBC - Radio 2 - Jeremy Vine - Jeremy Vine's Bedtime Stories
- ↑ «Gruffalo tops list of children's favorite books»։ BBC News։ հոկտեմբերի 18, 2010։ Վերցված է հոկտեմբերի 19, 2010
- ↑ Журнал Ольги Златогорской
- ↑ Джулия Дональдсон. Кто, если не мышь (2 сентября 2010)
- ↑ The Gruffalo (story and song). With Imelda Staunton. Macmillan Digital Audio, 2002. ISBN 1405005181
- ↑ «Audio books written by children's author, Julia Donaldson»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-20-ին։ Վերցված է 2019-06-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|