Գրականության տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրականության տեսություն (անգլ.՝ Literary theory), գիտություն գրականության մասին, գրականագիտության բաժիններից մեկը։

Գրականության տեսությունը՝ իբրև գրականագիտության մի ճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մասին գիտությունը՝ գրականագիտությունը, բազմապլան և բազմաբովանդակ է, դրա մեջ բազմաթիվ գիտակարգեր և գիտաճյուղեր են ընդգրկվում։ Դրանց մի մասը, ինչպես նշում է Վ. Պրոզորովը, սպասարկու, սակայն, միևնույն ժամանակ, կենսական նշանակություն ունի գրականության տեսության համար, որովհետև փաստական և էմպիրիկ հուսալիություն է հաղորդում գրականագիտությանը[1]։ Գրականագիտության մյուս գիտակարգերը դրա հիմնական ճյուղերն են համարվում. դրանք են, մասնավորապես, գրականության պատմությունը, գրականության տեսությունը և գրական քննադատությունը։ Գրականության պատմությունն ուսումնասիրում է տարբեր դարաշրջաններում ստեղծված գրական ստեղծագործությունները, տալիս է որևէ դարաշրջանի՝ գրականության ասպարեզում իշխող մտայնության պատկերը, ուսումնասիրում է գրական ուղղությունների և հոսանքների պատմությունն ու սկզբունքները։ Գրական քննադատությունը որևէ գրական երկի անմիջական արձագանքն է, այսինքն՝ տվյալ պահին ստեղծվող գրականության ուսումնասիրությամբ և վերլուծությամբ զբաղվող գիտակարգը։ Գրականության տեսությունն ուսումնասիրում է գրական ստեղծագործության պոետիկան, գրական սեռերն ու ժանրերը, գեղարվեստական խոսք կառուցելու միջոցներն ու ձևերը, գրականության այլ առանձնահատկություններ։ Ճշգրիտ մոտեցման պարագայում գրականության տեսությունը գրականության բնույթը և վերլուծության մեթոդները կանոնավոր կերպով ուսումնասիրող գիտություն է։ 19 - րդ դարից սկսած, սակայն, գրականության մասին գիտությունը (իր ճյուղերով), երբեմն նույնիսկ ի հաշիվ հենց գրականության, ներառում է նաև պատմության, բարոյախոսության, սոցիոլոգիայի և այլ՝ հիմնականում միջգիտակարգային թեմաներ՝ կախված տվյալ ժամանակում դրանց տրվող նշանակությունից և այդ թեմաների արդիականությունից։ Ժամանակակից մոտեցմամբ գրականության տեսությունը երբեմն դիտարկվում է ոչ թե որպես գրականագիտության, այլ որպես քննադատության մի ճյուղ՝ պարզապես կոչվելով«Տեսություն». այսպիսով՝ «տեսություն» հասկացությունը մի շարք գիտությունների համար դառնում է միջգիտակարգային եզրույթ[2]։ Մի շարք գրականագետներ գրականության տեսության մեջ են ներառում այն ամենը, ինչն առնչվում է գեղարվեստական տեքստի վերլուծությանը՝ անհամեմատելիորեն մեծացնելով դրա դերը և հավասարեցնելով այն գրականագիտությանը։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության տեսության, առհասարակ, գրականագիտության ծագումը կապվում է Արիստոտելի «Պոետիկայի» հետ։ Գրականության մասին ժամանակակից գիտությունը, սակայն, աստիճանաբար ձևավորվում է 19 - րդ դարում, երբ գերմանացի քննադատները սկսեցին ուսումնասիրել աստվածաշնչյան տեքստերը, ինչը հաճախ հակադրվում էր դրանց դասական մեկնաբանությանը։ «Բարձր» կամ «աղբյուրագիտական» քննադատությունը աստվածաշնչյան պատումները դիտարկում էր այլ ժողովուրդների պատմության լույսի ներքո, երևույթ, որ հետագայում՝ 20 - րդ դարում, ստրուկտուրալիզմի և նոր պատմականության հիմքն էր դառնալու։ Գրականության մասին գիտությանը որոշակի սահմանում տալու հարցում հակասական մոտեցումներ կային Ֆրանսիայում։ Նշանավոր քննադատ Սենտ- Բյովը, օրինակ, վստահ էր, որ գրական երկը կարելի է բացատրել հեղինակի կենսագրության լույսի ներքո, մինչդեռ վիպասան Մարսել Պրուստն իր կյանքը նվիրեց վերջինիս դրույթները հերքելուն՝ համոզված լինելով, որ հեղինակի կենսագրությունը չնչին կերպով է արտացոլվում նրա ստեղծած գեղարվեստական երկի մեջ:Այս բանավեճը նոր կյանք ստացավ ֆրանսիացի նշանավոր տեսաբան Ռոլան Բարտի «Հեղինակի մահը» հայտնի հոդվածում։ 19 - րդ դարում գրականության տեսության զարգացման հարցում մեծ է Ֆրիդրիխ Նիցշեի ազդեցությունը։ Համաձայն նրա իմացաբանական սկզբունքների՝ փաստերը փաստեր չեն դառնում, քանի դեռ մեկնաբանության չեն ենթարկվումՙ, իսկ դա անում է գրականությունը։ Նիցշեն, այսպիսով, մեծ դեր ունեցավ գրականության տեսության զարգացման գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 199 CC-BY-SA-icon-80x15.png