Գուրրեն Լագանն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուրրեն Լագանի երաժշտական շապիկը

Գուրրեն Լագաննը, որը Ճապոնիայում հայտնի է նաև Tengen Toppa Gurren Lagann (天元突破グレンラガン Տէնգեն Տոպպա Գուրեն Րագան, բառ․` «Երկինքը Ճեղքող Գուրրեն Լագանն») անունով, ճապոնական մեխա անիմե սերիալ է, որի անիմացիան մշակել է Gainax ստուդիան, և որը արտադրվել է Aniplex-ի և Konami-ի միահամուռ ուժերով։ Այն բաղկացած է քսանյոթ սերիայից, որոնք եթեր էին դուրս գալիս 2007 թ․ ապրիլի 1-ից 2007 թ․սեպտեմբերի 30-ը ճապոնական TV Tokyo հեռուստաալիքով։ Անիմեի ռեժիսոր էր հանդիսացել Հիրոյուքի Իմաիաշին, իսկ սցենարը գրվել էր փորձառու թատերագիր Կազուքի Նաքաշիմայի կողմից։ Սերիալի ցուցադրումից հետո լույս տեսավ «Gurren-Lagann: ore no ganmen pika pika» (ճապ՝ グレンラガン 俺の顔面ぴかぴか Գուրրեն Լագանն – Իմ գանմենը փայլում է) 12-րոպեանոց հատուկ սերիան։ Սրանից բացի լույս տեսան երկու լիամետրաժ ֆիլմեր, որոնց պարունակությունը նման էր սերիալի պարունակությանը՝ բացառությամբ մի քանի տեսարանների։

ANN-ի կարծիքով՝ «այս ստեղծագործությունը «Եվանգելիոնի» նման նորարարական չէ, և նրա ոգին ավելի շատ համապատասխանում է «Gunbuster 2» անիմեին։ Սակայն սա բացարձակապես չի խանգարում այն դիտելիս հաճույք ստանալուն»։

Գուրրեն Լագաննում գործողությունները տեղի են ունենում երևակայական ապագայում, որտեղ Երկիրը կառավարում է Սպիրալային Արքա Լորդգենոմը, որ ստիպում է մարդկությանը ապրել առանձնացված ստորգետնյա գյուղերում։ Սյուժեն կենտրորանում է ստորգետնյա գյուղերից մեկում ապրող երկու երիտասարդների՝ Սիմոնի ու Կամինայի վրա, որոնցից վերջինը ձգտում է բարձրանալ Մակերես։ Լագանն անունով մեխայի օգնությամբ Սիմոնը և Կամինան հասնում են Մակերեսին և սկսում են այլ մարդկանց հետ միասին մարտնչել Լորդգենոմի ուժերի դեմ։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ հազարամյակներ շարունակ ապրում են գետնի տակ՝ անընդհատ վախենալով ցնցումներից և փլուզումներից։ Այդպիսի գյուղերից մեկում՝ Ջիհայում ապրում են գլխավոր հերոսները՝ Կամինան և Սիմոնը։ Սիմոնը գտնում է շաղափ-բանալի (コアドリル Քոա Դորիրու, core drill) և փոքրիկ ռոբոտ, որին Կամինան հետագայում անվանեց Լագանն (ラガン Րագան)։ Հաջորդ օրը ստորգետնյա գյուղ անսպասելի փլվում է կենդանամարդու՝ մարդկանց և կենդանիների ուժերը իր մեջ համադրող արարածի ռոբոտը։ Ռոբոտից հետո ներքև է ընկնում նաև հրաձիգ աղջիկ Յոկոն՝ Րիտոնա գյուղից։ Շաղափ-բանալու միջոցով Սիմոնը աշխատեցնում է Լագաննին, հաղթում է գանմենին և դուրս է գալիս Մակերես։

Սերիալի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի կենտրոնական գաղափարը այսպես կոչված սպիրալային էներգիայով սնվող կենդանի էակների զարգացման և բազմացման հատկությունն է։ Բոլոր կենդանի էակները ունեն այդ հատկությունը, բայց դրանով հատկապես օժտված են մարդիկ։ Այլոմոլորակային զարգացած քաղաքակրթություններից մեկը որոշեց, որ անսահմանափակ զարգացումը կբերի Տիեզերքի կործանմանը և, իր սեփական զարգացումը զոհաբերելով, իրեն մտցրեց ստազիսային վիճակի մեջ՝ իր իսկ սեփական մոլորակի վրա։ Ինքնազոհությունից բացի՝ այս քաղաքակրթույունը սկսեց նաև բռնությամբ սահմանափակել այլ սպիրալային քաղաքակրթությունների զարգացումը, ինչի համար էլ անվնավեց հակասպիրալայիններ (対螺旋〔アンチスパイラル〕Տայրասեն (Անտիսուպայրարու))։ Երկիրը իր զարգացման ընթացքում նույնպես բախվեց հակասպիրալայինների հետ։ Նրանց դեմ մարտնչելու համար սպիրալային ասպետները (մարդիկ, որոնք ի զորու էին կառավարելու և օգտագործելու «Սպիրալի Ուժը») ստեղծեցին մարտական մեքենաներ, որոնք կոչվեցին գանմեններ (顔面 Գանմէն, դեմք)։ Գանմենը կարող է աշխատել թե՛ էլեկտրականություն օգտագործելով և թե՛ սպիրալային էներգիայի (էներգակիրը և աղբյուրը ռոբոտին կառավարողն է) հիման վրա։ Վերջինիս առկայության դեպքում գանմենի հնարավորությունները զգալիորեն շատանում են։ Կռվի ընթացքում մարդիկ պարտություն կրեցին․ Լուսինը տեղափոխվեց հարևան տիեզերական հարթություն, իսկ դրա փոխարեն տեղադրվեց սպիրալային ասպետների գլխավոր ռազմանավը՝ «Տաճարային Տերրան» (անգլ․՝Cathedral Terra), որը հակասպիրալայինների կողմից փոփոխվել էր և վերածվել մարդկանց ինքնավար ոչնչացման համակարգի։ Համակարգի ակտիվացումը տեղի է ունենում այն պահին, երբ մարդկային բնակչության թիվը հասնում է 1 000 000-ի։ Ոչնչացումը կատարվում է թե՛ բջջային սարքերի միջոցով, թե՛ «լուսնի» (տիեզերանավի) և երկրի կառավարվող բախման արդյունքում։ Ասպետներից մեկը՝ Լորդգենոմը (ロージェノム Րո։Դզէնոմու, Lord Genome), դառնում է «Սպիրալային Արքա» (螺旋王 Րասէն Օ։)։ Բիոտեխնոլոգիաներ օգտագործելով՝ նա ստեղծում է մարդկանց և կենդանիների խառնուրդներ՝ կենդանամարդկանց (անգլ․ beastman), որոնք օժտված են բարձր մարտական հատկանիշներով, բայց անպտուղ են (զուրկ են սպիրալային էներգիայից և բազմանալու կարողությունից)։ Նոր զորքերի օգնությամբ նա մնացած մարդկանց պահում է գետնի տակ՝ ողջ մնալու համար բավական, բայց հակասպիրալային մեխանիզմների ակտիվացման համար անբավարար քանակների շրջանակներում։ Այս ռեժիմով Երկիրը գույություն ունի բավականին երկար ժամանակ. կենդանամարդիկ հարձակվում են մարդկանց համայնքների վրա՝ ոչնչացնելով նրանց ավելցուկը և նրանց, ովքեր փորձում են դուրս գալ մակերես։

Անիմե ֆիլմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրրեն Լագանն։ Մանկության ավարտը (Gurren Lagann The Movie։ Childhood's End (劇場版 天元突破グレンラガン 紅蓮篇 Gekijōban Tengen Toppa Gurren Lagann Gurren-Hen) անվանվամբ անիմացիոն ֆիլմը լույս է տեսել 2008 թ․ սեպտեմբերի 6-ին ճապոնական կինոթատրոններում և DVD տեսքով։ Ֆիլմի ռեժիսոր է հանդիսացել Հիրոյուքի Իմաիաշին, իսկ սցենարը գրել է Կազուքի Նաքաշիման։ Ֆիլմը հանդիսանում է սերիալի առաջինից մինչև տասնհինգերորդ սերիաների միաձուլումը, որը ընդգրկում է շուրջ 20 րոպե նոր անիմացված տեսարաններ։ Ֆիլմի թողարկման հետ մեկտեղ Gainax-ը թողարկել է Gurren Lagann Parallel Works կոչվող երաժշտական տեսահոլովակների հավաքածուն, որը ընդգրկում է Գուրրեն Լագաննի հերոսների մասին ալտերնատիվ պատմություններ, որոնք տեղի են ունենում օրիգինալ սաունդթրեքերի ներքո։ Երկրորդ ֆիլմը՝ Գուրրեն Լագանն։ Երկնքի Լույսերը Աստղերն են (Gurren Lagann The Movie։ The Lights in the Sky are Stars (劇場版 天元突破グレンラガン 螺巌篇 Gekijōban Tengen Toppa Guren Lagann Lagann-Hen, Tengen Toppa Gurren Lagann The Movie։ The Spiral Stone Chapter) անվանումով ճապոնական կինոթատրոններում լույս է տեսել 2009 թ․ ապրիլի 25-ին։ Երկու ֆիլմերի համար էլ Շոկո Նակագավան երգել է թեմատիկ երգերը․ "Tsuzuku Sekai" (続く世界, «Շարունակվող Աշխարհ») երգը Մանկության Ավարտի և "Namida no Tane, Egao no Hana" (涙の種、笑顔の花, «Տխրության Սերմերը, Ժպիտների Ծաղիկները») երգը Երկնքի Լույսերը Աստղերն են-ի համար։ Տակու Իվասակին վերադարձավ ֆիլմի երաժշտությունը գրելու համար։

Մանգան[խմբագրել | խմբագրել կոդը]

Tengen Toppa Gurren Lagann մանգան, որը նկարազարդել է Կոտարո Մորին, սկսեց լույս տեսնել 2007 թ․ Media Works-ի Dengeki Comic Gao! ամսագրում։ Մանգայի թողարկումը Dengeki Comic Gao!-ում դադարեցվեց 2008 թ․ ապրիլին, երբ ամսագրի թողարկումը նույնպես դադարեցվեց, բայց 2008 թ․ Հունիսին այն շարունակեց լույս տեսնել արդեն Dengeki Daioh ամսագրում, և Ճապոնիայում ավարտվեց 2013 թ․ Հունիսի 27-ին։ Bandai Entertainment-ը լիցենզավորեց մանգան և թողարկեց այն անգլերենով Հյուսիսային Ամերիկայում (միայն մինչև վեցերորդ հատորը)։ Մանգայի պատմությունը նման է սերիալի սյուժեին, սակայն իրադարձությունների ընթացքում կան որոշ փոփոխություններ և հավելյալ պատմություններ, որոնք ավելի պարզ են դարձնում անիմեում առկա բացթողումները, օրինակ լուսաբանվում են Դայակկայի և Կիյոյի հարաբերությունները։ Tengen Toppa Gurren Lagann։ Gurren Gakuen-hen (天元突破グレンラガン −紅蓮学園篇−) սփին-օֆֆ մանգան թողարկվել է Comp Ace-ում 2008 թ․ օգոստոսից մինչև 2009 թ․ հունվարը։ Մանգան պատմում է օրիգինալ մանգայի հերոսների մասին, բայց տեղափոխում է նրանց զուգահեռ իրականությունում գտնվող դպրոց։ Մանգայում Սիմոնը իր ընկեր Կամինայի և մանկության ընկերուհի Յոկոյի հետ սովորում է Մեգա-Գուրրեն Ակադեմիայում (ダイグレン学園 Դաի Գոիրրեն Գակուեն)։ Սիմոնը, ով ապրում է քարուքանդ բնակարանում, երազում է ավելի լավ կյանքով ապրել և հանդիպում է առեղծվածային Նիային, երբ մի օր վերջինս իջնում է աստիճաններով։ Աղջկան միանգամից դուր է գալիս Սիմոնը և նա հայտարարում է, որ նա իր ամուսինն է։ Կամինայի համար Նիան դառնում է մեկ այլ «եղբայրիկ», քանի որ նրանք նման են իրենց տաքարյունությամբ։ Նիան ընդունվում է Մեգա-Գուրրեն Ակադեմիա, և նրանք երեքով սկսում են պայքարել Տեպպելին Ակադեմիայի աշակերտների հետ, որոնք ուզում են Նիային հետ վերադարձնել նրա հորը՝ իրենց տնօրենին։ Մեկ այլ սփին-օֆֆ մանգա Tengen Toppa Gurren Lagann 4-koma Kingdom։ Yoko no Oheso-hen (天元突破グレンラガン4コマKINGDOM ヨーコのおヘソ編 Tengen Toppa Gurren Lagann 4-panel Kingdom։ Yoko's Belly Button Chapter) անվանվամբ լույս էր տեսել 2008 թ․ Futabasha-ում և իրենից ներակայացնում է տարբեր կարճ պատմությունների հավաքածու։

Համակարգչային խաղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Tengen Toppa Gurren Lagann Chōzetsu Hakkutsu ONLINE (天元突破グレンラガン 超絶発掘ONLINE, բառաց. "Tengen Toppa Gurren Lagann: Առաջնակարգ Հողափորում Օնլայն") խաղը մշակվել է Konami-ի կողմից։ Խաղացողը իր վրա է վերցնում շաղափողի դերը և փորում է հողը հարստություններ գտնելու համար։ Խաղում կա նաև շաղափների խանութ, որտեղից կարելի է գնել տարատեսակ շաղափներ, և որի տերը օրիգինալ կերպար Ասակին է։ Խաղի թողարկումը արգելվեց դեռ բետա-թեստի ժամանակ, քանի որ խաղի տեղադրումը համակարգչի վրա ամբողջովին ավիրեց Windows համակարգը։ Konami-ն նույնիսկ ստիպված էր 500 ԳԲ-անոց արտաքին hard drive-եր ուղարկել բետա-թեստերներին, որպեսզի նրանք կարողանային պահպանել իրենց ֆայլերը համակարգերի փոփոխման ժամանակ։ 2007 թ․ Հոկտեմբերի 25-ին լույս տեսավ ևս մի խաղ Nintendo DS համակարգի համար, որը պարունակում էր ոչ միայն օրիգինալ սերիալի հերոսներին, այլ նաև ուներ մեկ այլ հավելյալ գլուխ, որը հանդիսանում էր նախապատվերային բոնուս։ 2010 թվականի Հունիսին Gainax-ը վերականգնեց սերիալին վերաբերող համակարգչային խաղերի իրավունքները Konami-ից, որը թույլատրել էր Banpresto-ին ընդգրկել խաղը իր վերջին 2nd Super Robot Wars Z։ Destruction Chapter հավաքածուի մեջ։

Երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի գլխավոր ետին պլանի երաժշտության կոմպոզիտոր է հանդիսանում Տակու Իվասակին։ Դրանից բացի օգտագործված են նաև չորս թեմատիկ երգեր՝ մեկ բացող թեմա (օփենինգ) և երեք եզրափակիչ թեմաներ (էնդինգ)։ Օփենինգը "Sorairo Days" (空色デイズ Սորաիրո Դեիզու բառ.՝ «Երկնագույն Օրեր») երգն է՝ Շոկո Նակագավայի կատարմամբ։ Տասնյոթերորդ սերիայից սկսած երգի առաջին մասի ու կրկներգի փոխարեն օգտագործվում են երկրորդ մասն ու կրկներգը։ Առաջինից մինչև տասնհինգերորդ սերիաների համար էնդինգ էր հանդիսանում High Voltage-ի "Underground" երգը։ Տասնվեցերորդ սերիայի համար օգտագործվել էր Շոկո Նակագավայի "Happily Ever After" երգը։ Տասնյոթերորդից քսանյոթերորդ սերիաներում հնչել է Afromania-ի "Minna no Peace" (みんなのピース Միննա նո փիսո, «Բոլորի Խաղաղությունը») երգը։

Tengen Toppa Gurren Lagann Character Song ժողովածուն թողարկվել է 2007 թվականի Հուլիսի 25-ին Aniplex-ի կողմից, և ընդգրկում է սերիալի գլխավոր հնչունավորող խմբի՝ Տեցույա Կակհիրայի (Սիմոն), Կացույուքի Քոնիշիի (Կամինա) և Մարինա Ինոուեի (Յոկո) պատկերային երգերը, որոնցից վերջինը հասանելի է նաև Dance Dance Revolution SuperNOVA 2 երաժշտական խաղում։ Սրա հետ մեկտեղ լույս են տեսել նաև մի-քանի ալբոմներ, որոնք հիմնականում բաղկացած են բեքգրաունդային երաժշտությունից։

Մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրրեն Լագանն անիմե սերիալը արժանացել է 2007 թ․ Japan Media Arts Festival-ի Excellence Prize մրցանակին։ Ռեժիսոր Հիրոյուքի Իմաիշին իր՝ անիմեի վրա աշխատելու տարում 12-րդ Animation Kobe փառատոնին ստացել է անձնական "Personal Best" մրցանակը։ 2008 թվականին Tokyo International Anime Fair-ում անցկացվող 7-րդ Tokyo Anime Awards մրցանակաբաշխության ընթացքում Գուրրեն Լագաննը արժանացավ "Best Television Production" մրցանակին։ Դրա հետ մեկտեղ "Best Character Design" մրցանակը տրվեց հերոսների դիզայներ Ացուշի Նիշիգորիին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]