Մեխա մանգա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մեխա (Ճապ՝ メカ, մէքա, անգլ՝ mechanism, մեխանիզմ) – անիմեի, մանգայի և գիտական ֆանտաստիկայի ժանր է, որի հիմնական բաղկացուցիչ մասն են հսկայական մարտական մարդանման մեքենաները, որոշ դեպքերում՝ քայլող ռոբոտները և այդ տիպի այլ մեքենաները։ Անվանումը գալիս է «Մեխանիկական» բառի ճապոներեն սլենգային կրճատումից։ Ի սկզբանե այդ բառով էին նկարագրում բոլոր բարդ տեխնիկական հարմարանքները, բայց ավելի ուշ տերմինը ամրապնդվեց որպես հենց ֆանտաստիկ մարդակերպ կառավարվող մարտական մեքենաներ նկարագրող եզր։
Ժանրի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ հսկայական մարդանման ռոբոտը հայտնվեց 1958 թվականի մանգայում, իսկ 1963 թվականին նաև «Tetsujin 28-go» (տառացիորեն՝ «Երկաթյա մարդ № 28») անիմեում, որն այս ժանրի հիմնադիրը հանդիսացավ։ Ամենամեծ զարգացումը այս ժանրը ունեցավ 1970-ական թվականներին՝ կոմիքսների նկարիչ Գո Նագայայի ղեկավարության ներքո։ Նա ստեղծել է սյուժեներ, որոնք հիմք են ծառայել այնպիսի դասական անիմե սերիալների, ինչպիսիք են «Mazinger Z»-ը (1972), «Գետտեր Ռոբո»-ն (1974), «Գրենդայզեր»-ը (1975), «Քոմբաթթլեր Վի»-ն (1976)։
70-ականների անիմե սերիալների սյուժեներում կարելի է նկատել հստակ կանոնավորություն՝ աննշան շեղումներով․ Երկրի վրա (մարդկություն) հարձակվում է այլմոլորակային (կամ ոչ մարդկային) ցիվիլիզացիա, որը նպատակադրված է ոչնչացնել/գերեվարել մարդկանց։ Մի տաղանդավոր գիտնական ստեղծում է սուպեր-ռոբոտների, որոնց կցում է երիտասարդ օդաչուի/երիտասարդների խումբ, ով որպես գլխավոր հերոս (կամ հերոսների խումբ) կռվում է թշնամիների դեմ։ Մի դեպքում գլխավոր հերոսը գիտնականի տղան/թոռն է, մյուս տարբերակում պրոֆեսորը ունի աղջիկ/թոռնուհի, որը հավատարմորեն հետևում է գլխավոր հերոսին և նրա հանդեպ մտերմական (սիրային) զգացումներ է ցուցաբերում։ Սակայն որոշ սերիալներում այս կանոնավորությունները երբեմն խախտվում են։ Օրինակ «Steel Jeeg»-ում (1975-1976) գլխավոր հերոսը արդեն չափահաս է, «Goliath»-ում աղջիկն է դառնում գլխավոր հերոս-օդաչուն։ Սովորաբար հսկայական ռոբոտների կառուցումը վերագրվում էր այլմոլորակային կամ հնագույն ցիվիլիզացիաներին։
Վաղ 70-ականների մեխա-սերիալներում գոյություն ուներ բարու և չարի հստակ բաժանում։ Թշանմիները (այլմոլորակայինները, եզակիորեն՝ հրեշները) ներկայացվում էին որպես միայն բացասական հատկանիշներով օժտված, կամ ընդհանրապես բանականությունից զուրկ էակներ։ Իսկ գլխավոր հերոսը պայքարում է նրանց դեմ՝ վերջիվերջո հաղթանակի հասնելով։ Ուշ 70-ականների սերիալներում, որոնք ստեղծվում էին արդեն ավելի հասուն հանդիսատեսի համար, սյուժեն սկսում է բարդանալ և ավելի շատ ուշադրություն դարձնել թշանամիներին (այլմոլորակայիններին)՝ վերագրելով նրանց ավելի զարգացած կամ ընդհանրապես մարդկային հատկանիշներ։ Այսպիսով՝ բարու և չարի բաժանման գիծը աստիճանաբար կորցնում է իր հստակությունը, ինչպես, օրինակ, Chou Denji Machine Voltes V (1977) կամ Tousho Daimos (1979) սերիալներում, որտեղ սյուժեի հիմնական հիմք է ծառայում քաղաքականությունը, իսկ իրական բացասական դերերը տրվում են առանձին դավաճան հերոսների, որոնք հանդիսանում են կոնֆլիկտի գլխավոր պատճառը։ Gordian Warrior սերիալում առաջին անգամ ներկայացվում է հետապոկալիպտիկական կոնցեպցիան, որը ցուցադրում է նախկինում այլմոլորակայինների կողմից համարյա ոչնչացված Երկիրը։ Uchu Senshi Baldios (1980) սերիալը ավելի ծայրահեղ միջոցների է դիմում․ այստեղ «չարը հաղթում է բարուն»՝ այլմոլորակայինները հաղթում են մարդկանց և Երկրի վրա գլոբալ համաճարակ ստեղծում։
1979 թվականին լույս տեսած «Gundam» սերիալը ռեալիզմի տարրեր ներմուծեց ժանրի մեջ, և հետագայում մեխան բաժանվեց երկու ենթաժանրերի՝ «սուպեր-ռոբոտներ» և «ռեալիստական ռոբոտներ»։
«Ռեալիստական» կամ իրական ռոբոտների ժանրը սկսեց հսկայական մեխանիզմներին դիտարկել որպես ուղղակի մեքենաների (մասնավորապես՝ դիզայներները սկսեցին մեխաներին վերագրել կեղծ-ռեալիստական հատկանիշներ) և կենտրոնանալ մարդկանց զգացմունքների և մտքերի վրա (ինչպես, օրինակ, Full Metal Panic անիմեում)։ Gundam-ի և այլ նմանատիպ անիմեների միջև եղած հիմնական տարբերությունն այն էր, որ տվյալ անիմեի ռոբոտները ոչ թե յուրահատուկ մարտական միավորներ էին, այլ արտադրվում էին մասսայական օգտագործման համար։ Ռոբոտների կառավարումը իրականացվում էր ղեկանիվների, կոճակների և ոտնակների օգնությամբ, իսկ, օրինակ, ավելի վաղ մեխա-սերիալներում ռոբոտների կառավարությունը հիմնված էր օդաչուների պայմանական բացականչությունների վրա։ 80-ականների մեխա-սերիալները արդեն նախատեսված են մեծահասակների համար, այդ պատճառով սուպեր-ռոբոտի և դեռահաս օդաչուի կոնցեպցիան մղվում է հետին պլան։ Այս ժամանակաշրջանի մեխա-սերիալների սյուժեն մեծ մասամբ կապված է անորոշ ապագայի հետ, որտեղ մարդկության տեխնոլոգիաների մակարդակը բավականին բարձր է ռամզական նպատակներով սերիական մեխա-ռոբոտներ արտադրելու համար։ Միառժամանակ այդպիսի ապագայում մարդկությունը տիեզերքի սահմաններից դուրս է գալիս և բնակեցնում այլ մոլորակներ։ Նման գաղութներում հիմնականում ստեղծվում է հակաուտոպիական իրավիճակ։ Գլխավոր հերոսը սովորաբար ծանր անցյալ է ունենում։ Նա հասարակությունից վտարված է լինում, և հիմնական ապրուստի վայր չունենալու պատճառով անընդհատ ճանապարհորդում է։ Շուտով նրա շուրջ հավաքվում են նորանոր համախոհներ, որոնք ի վերջո կազմում են թշնամական ուժերի դեմ պայքարող խումբ։ Մեխա-ռոբոտին գլխավոր հերոսը, որպես կանոն, պատահականորեն է ստանում՝ դրան լքված գտնելով։ Այլ իրավիճակում հերոսը կարող է միանալ որևէ ռազմական խմբավորման՝ աշխատելով որպես ոստիկան/պահակախմբի անդամ, և այդ դեպքում նա նույնպես ստանում է իր մեխա-ռոբոտը։
Իրենց հերթին «Սուպեր-ռոբոտները» 1995 թվականից՝ «Եվանգելիոն» անիմեի լույս տեսնելուն պես, հաջողությամբ էվոլյուցիա ապրեցին և մեխայի ենթաժանրից վերածվեցին ինքնուրույն ժանրի։ Այս սերիալում ռոբոտները կենսաբանական հյուսվածքների և մեխանիկական դետալների միացություններ են։ Շեշտը նույնպես դրվում է հիմնականում հերոսների վրա, սակայն այստեղ մեխաները սկսեցին ավելի սերտորեն կապվել ընդհանուր սյուժեին՝ ձեռք բերելով հատուկ ֆանտաստիկ կամ միստիկ հատկանիշներ և դառնալով հերոս-ռոբոտների տարատեսակ, որոնք շատ հաճախ ցուցաբերում են ինքնուրույն գործողություններ կատարելու հատկություն։
Հատկությունները, կազմվածքը և նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար մեխաները՝ այսպես կոչված «հսկայական ռոբոտները» (ճապ.՝ 巨大なロボット), մեծ մարդանման ռազմական մեքենաներ են, որոնք կառավարվում են դրանց ներսում նստած օդաչուի կողմից։ Սովորաբար այս ռոբոտների գլխավոր նպատակը իրենց նման մեխանիզմների կամ այլմոլորակային ծագում ունեցող էակների հետ կռվելն է, քանի որ դրանց ինչ-որ պատճառներով (հատուկ դաշտ, չափազանց արագ շարժունակություն կամ զորաշարժություն) հնարավոր չէ հաղթել սովորական միջոցներ օգտագործելով։ Եզակի դեպքերում նրանց ներկայացնում են որպես սովորական պատերազմներում օգտագործվող ռազմական ուժ և ավանդական ռազմական մեքենաներին հակամարտելու միջոց (այսպես, «Gasaraki» անիմեում մեխաները արագաշարժ ռազմական տեխնիկա են՝ քաղաքային պայմաններում թշանամու հետևակի կամ զրահամեքենաների դեմ պայքարելու համար)։
Մեխաների մարդակերպության աստիճանը կարող է շատ տարբեր լինել։ Եթե «ռեալիստաական ռոբոտների» ենթաժանրում շատ հաճախ աշխատում են ներկայացնել գոնե ռոբոտի արտաքին ռացիոնալ կառուցվածքը, ինչի պատճառով մարդակերպությունը կարող է տուժել, ապա «սուպեր-ռոբոտների» ենթաժանրում մեխաները բավականին արտահայտիչ կերպով մարդանման են և ունեն մարդու մարմնի բոլոր հիմնական կառուցվածքային յուրահատկություններն ու համաչափությունները, որոնք համապատասխանում են նորմալ մարդու մարմնին։
Համարյա բոլոր մեխաները ունեն «մարմին»՝ հիմնական զրահապատ կորպուսը, և «ոտքեր»՝ քայլական շարժիչ, որոնք շատ թե քիչ նման են կենդանիների կամ թռչունների ոտքերի, սովորաբար բաղկացած են երեք մասերից՝ «կոնքից», «ծնկներից» և «ոտնաթաթերից», սակայն կարող են նաև այլ տեսք ունենալ։ «Գլուխը» կարող է բացակայել կամ մարմնի վերին մասում անշարժ առարկայի դեր կատարել, «ձեռքերը» շատ նման են լինում մարդկային ձեռքերի, սակայն կարող են նաև պարզապես արտաքին զենքի կախիչներ լինել՝ տեղակայված լինելով կորպուսի կողքերում։ Քայլելու հնարավորությունից բացի մեխաները կարող են նաև օժտված լինել հավելյալ շարժիչներով, օրինակ՝ հրթիռային շարժիչներով, որոնք թույլ են տալիս կատարել բարձր թռիչքներ, բարձրությունից ընկնելու դեպքում՝ մեղմ վայրէջքներ, կամ նույնիսկ թռչել։
Մեխաները զինված են լինում ինտեգրված և/կամ կախովի զինատեսակներով։ Մի դեպքում դրանք նման են իրական տանկերի, զրահապատ մեքենաների կամ ռազմական ուղղաթիռների զենքերի (թնդանոթներ, հրաձիգեր, հրթիռային կայաններ, ֆուտուրիստական լազերային կամ այլ էներգետիկ զենք), իսկ մյուս դեպքերում համաչափորեն մեծացրած սովորական զենքի տեսակներ են (հսկայական արճանակներ, ավտոմատներ, հրացաններ և այլն)։ Դրանից բացի, մեխաները կարող են նաև «ձեռնամարտ» վարել՝ օգտագործելով դանակներ, թրեր, գուրզեր կամ պարզապես իրենց զրահապատ «մարմնի» մասերով հակառակորդին հարված հասցնելով։
Օդաչուի խցիկը սովորաբար գտնվում է ռոբոտի «մարմնի» կամ «գլխի» ներսում, սակայն հնարավոր են նաև այլ՝ ավելի էկզոտիկ տարբերականեր։ Կառավարումը բաժանվում է երկու տեսակի․ «տեխնիկական» տարբերակ՝ երբ օդաչուն, օգտագործելով այս կամ այն մանիպուլյատորները, ֆիզիկապես է կառավարում ռոբոտի «մարմնի» շարժումները, կամ որևէ այլ տարբերակ, երբ կա հնարավորություն օդաչուին գիտակցաբար անմիջականորեն կառավարման համակարգին միացնելու, և երբ օդաչուն կառավարում է մեխային՝ ինքն իրեն ռոբոտի հետ ասոցիացնելով և մտքում ճիշտ շարժումները ձևավորելով։ Սովորաբար օդաչուն մեկն է, սակայն կարող են հանդիպել դեպքեր, երբ ընդհանուր համակարգի կառավարումը իրականացվում է թիմի կողից։ Օրինակ՝ «Ջինքի մարտական ռոբոտներ»-ում, մեխան կառավարում են երկու հոգի՝ մեկը ռոբոտի վերին մասը, մյուսը՝ ներքևինը։
Տեխնիկապես մեխան հանդիսատեսի առջև հանդես է գալիս որպես յուրօրինակ «սև արկղ», այսինքն՝ հանդիսատեսին բացատրվում են միայն արտաքին հատկանիշների և տեխնիկական մանրամասների այն մինիմումը, որը հարկավոր է սյուժեի զարգացման համար։ Ներքին կառուցվածքի մանրամասները և աշխատանքի սկզբունքները չեն ցուցադրվում։ Շատ հաճախ մեխաները, որոնք կառավարվում են թե՛ դրական և թե՛ բացասական հերոսների կողմից, իրականում հանդիսանում են անծանոթ, մարդկային ուժերը և գիտելիքները մի-քանի անգամ գերազանցող տեխնոլոգիայի արտադրանքներ, և նրանց բոլոր հատկությունները բացահայտվում են հերոսների կողմից դեպքերի զարգացման ընթացքում։