Գյուտ Գողթնեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուտ Գողթնեցի
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Գյուտ Գողթնեցի
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Գյուտա վանքի վանահայր


Գյուտ Գողթնեցի (Նաև՝ Վասակ Գողթնեցի, 5-րդ դար, Գողթն, Հայկական մարզպանություն - 6-րդ դար, Գյուտա վանք, Սյունիքի իշխանություն, Հայկական մարզպանություն), հայ հոգևորական, Գյուտա վանքի վանահայր, Գողթն գավառի Շաբաթ իշխանի որդին, Շապուհի եղբայրը, Գողթնեցիների նախարարական տոհմից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուտ Գողթնեցին մինչ հոգևորական դառնալը կոչվում էր Վասակ։ Նրա պապը՝ Գյուտը 5-րդ դարի սկզբում օժանդակել էր Մեսրոպ Մաշտոցին քարոզության ժամանակ։ Հոր՝ Շաբաթ իշխանի մահից հետո նրա երկու որդիները՝ Վասակը և Շապուհը տոհմական ժառանգության և հատկապես Որդուատ գյուղի համար պատերազմ են սկսում։ Պատերազմի ժամանակ Վասակը մահացու վիրավորում է Շապուհին, բայց զղջում է իր արածի համար ու ուխտում է ճգնավոր դառնալ, եթե եղբայրն առողջանա։ Շապուհն ապաքինվում է, իսկ Վասակը քաշվում է Բաղքի լեռները և իրեն նվիրում ճգնավորության։ 3 և կես տարի անց նա հեռանում է Երասխի ափին գտնվող Քարավազ կոչված վայրը և քարանձավներից մեկում ճգնում։ Ճգնելու շրջանում էլ սկսում է կոչվել Գյուտ։ Շուրջ տասը տարի անց այս վայրերում է հայտնվում մի թագավորազն՝ հետապնդելով մի եղջերվի։ Տեսնելով, թե Գյուտն ինչպես է արջի թաթը խնամում, և ազդվելով մենակյացի սրբությունից՝ թագավորազն իշխանավորը մկրտվում է՝ վերցնելով Քրիստոսասեր անունը։ Վերջինս, անհրաժեշտ դրամ բերելով, Գյուտի հետ մեկտեղ վանք է կառուցում, որը շատ չանցած՝ ավերվում է արքայազնի հոր կողմից, իսկ ճգնավորները փրկվում են՝ մինչ այդ վանքից հեռացած լինելով։ Այս իրադարձություններից հետո արքայազնի հայրը ծանր հիվանդանում է և որդու խորհրդով՝ բուժվելու համար վերականգնում է Քարավազի վանքը (Գյուտա վանք), ուր հավաքվում են 500-ի չափ ճգնավորներ, որոնցից 200-ը հաստատվում են վանքում, իսկ 300-ը՝ շրջակա քարայրներում։ Հետագա հարձակումներից մեկի ժամանակ նահատակվում են 84-ամյա Գյուտը և Քրիստոսասերը, որոնցից առաջինը թաղվում է եկեղեցու գավթում, իսկ երկրորդը՝ եկեղեցում։ Գյուտի աշակերտներից էր Սյունիքի Երիցակ եպիսկոպոսը, որին օգնել էր կառուցել Նոր Երուսաղեմ եկեղեցին[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 476.
  2. «Մուշե Ա Այլաբերցի (526-534)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.