Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրություն, գույքային ապահովագրության տարատեսակ։ Ներառում է մշակաբույսերի, բերքի և բազմամյա տնկարկների, գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական կազմակերպությունների և ֆերմերային տնտեսական ունեցվածքի և գյուղատնտեսության հետ կապված այլ ռիսկերի ապահովագրությունը։

Մշակաբույսերի և տնկիների ապահովագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակաբույսերի և բազմամյա տնկիների ապահովագրությունը իրականացվում է երաշտի, փոթորկի, ջրհեղեղի, սառնամանիքի, կարկտահարության, տարբեր հիվանդությունների և վնասատու բույսերի պատճառած ամբողջական կորստից կամ վնասից։ Վնասի չափը որոշվում է ըստ ապահովագրության պայմանագրով սահմանված գնի։ Պայմանագրերը կնքվում են նախօրոք, մինչև ցանքը՝ հաշվի առնելով մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկությունները և նրանց աճի պայմանները։ Եթե տեղի է ունեցել մշակաբույսի ամբողջ բերքի կորուստ ողջ ցանքատարածության վրա, ապա վնասը որոշվում է Վ = Ամ x Մ բանաձևով, որտեղ Վ-ն վնասն է ցանքատարածության ամբողջ մակերեսի հաշվով, Ամ-ն մեկ հեկտարից ստացված ապահովագրված բերքի միջին արժեքն է, Մ-ն՝ ցանքատարածության ընդհանուր մակերեսը։

Կենդանիների ապահովագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների ապահովագրության պատահարներ են համարվում նրանց անկումը, հարկադրված վերացումը՝ հիվանդությունների, դժբախտ պատահարների, տարբեր աղետների և դեպքերի հետևանքով։ Ապահովագրությամբ հատուցվում են միայն ուղղակի վնասները և ոչ արտադրանքի կորուստը, որը համարվում է անուղղակի վնաս։ Կենդանիների անկման դեպքում վնասը հավասար է դրանց հաշվեկշռային արժեքին, հարկադրաբար ոչնչացման դեպքում վնասը որոշվում է հաշվեկշռային արժեքի և սննդի մեջ պիտանի մսի իրացման գնի տարբերության չափով։ Ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրական գումարները չեն կարող գերազանցել կենդանիների իրական արժեքները։

Գյուղացիական և ֆերմերային ապահովագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղացիական և ֆերմերային տնտեսութունների շենքերի, շինությունների, մեքենաների, մեխանիզմների և սարքավորումների անավարտ ու պատրաստի արտադրանքի, փոխադրամիջոցների ապահովագրությունն իրականացվում է գույքի ապահովագրության հիմնական սկզբունքներին համապատասխան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։