Գեորգի Ասատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Ասատուրյան
Ծնվել էմարտի 15, 1924(1924-03-15)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 8, 2013(2013-03-08) (88 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ

Գեորգի Գարեգինի Ասատուրյան (մարտի 15, 1924(1924-03-15), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 8, 2013(2013-03-08), Երևան, Հայաստան)[1], ՀՀ արվեստի և սպորտի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրական կողմից Գեորգի Ասատուրյանը մշեցի էր, մայրական կողմից՝ կարսեցի։ Հայրը եղել է Անդրանիկի զինվորներից։ Դեռ դպրոցական տարիներից ի հայտ են եկել նրա կազմակերպչական ունակությունները, ինչպես նաև հետաքրքրությունը արվեստի նկատմամբ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Երևանի պետական թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, պրոֆեսոր Վավիկ Վարդանյանի ղեկավարած կուրսը[2]։

Աշխատանքային և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական գործունեությունը սկսել է որպես Կոմերիտմիության Սպանդարյանի շրջանի առաջին քարտուղար, հետագայում եղել է Քաղկոմի առաջին քարտուղար, ապա՝ Կենտկոմի 3-րդ քարտուղար։

Գեորգի Ասատուրյանի աշխատանքային գործունեությունը հարուստ է և բեղմնավոր՝ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության արվեստի գործերի գլխավոր վարչության պետի տեղակալ (1954-1958),  Հայֆիլհարմոնիայի տնօրեն և ռեժիսոր (1958-1963), Հայաստանի սպորտկոմիտեի նախագահ (1963-1967), Հայաստանի կինեմատոգրաֆիստների և կինոֆիկացիայի կոմիտեի նախագահի տեղակալ (1968-1969), Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության պատասխանատու քարտուղար և «Էկրան» ստեղծագործական արտադրական փորձարարական միավորման տնօրեն  (1969-1976), «Հայհամերգ» միավորման գլխավոր տնօրեն և գլխավոր ռեժիսոր (1976-1986), «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն (1986-1991), «Հայֆիլմ» կինոստուդիային կից կոմերցիոն միավորման տնօրեն (1991-1993), մարզամշակութային-տնտեսական «Արարատ-Օլիմպ» ՍՊ ընկերության տնօրեն (1993-2006)[3]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Ասատուրյանը անգնահատելի ավանդ է ունեցել հայրենական սպորտի և մշակույթի զարգացման ու մասսայականացման գործում։ Նրա անմիջական նախաձեռնությամբ և մտահղացումներով Հայաստանում բուռն ծաղկում են ապրել մշակութային զանգվածային միջոցառումների կազմակերպումը, սպորտի մասսայականացումը։ Գեորգի Ասատուրյանի ջանքերով է ստեղծվել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը, կազմակերպվել Պարի պետական անսամբլը, սկիզբ է դրվել «Ոսկե աշուն» տոնակատարությանը։ Նրա ունեցած միութենական լայն կապերն օգնել են «Էկրան» գեղարվեստափորձարարական միավորումը, ինչպես նաև Դիլիջանում Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը հիմնելու գործին։ Ասատուրյանի նախաձեռնությամբ է մեկնարկել Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայի շինարարությունը, իսկ հայկական ֆուտբոլն իր բարձունքին է հասել նրա շնորհիվ։ Անցյալ դարի 60-ական թվականներին Գեորգի Ասատուրյանն առաջին անգամ Սփյուռքի հայությանն է ներկայացրել հայ մշակույթի և արվեստի տարբեր ժանրերը։ Բազմաթիվ հայ արվեստագետներ, անվանի կատարողներ ու խմբեր նրա անմիջական ջանքերով հյուրընկալվել են արտասահմանյան տասնյակ երկրներում՝ դրանով իսկ նպաստելով հայապահպանության գործին և ազգային մշակույթի հանրահռչակմանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից Գեորգի Ասատուրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ է փակցված Երևանում` Խանջյան 31ա շենքի պատին[4].:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]