Գայլաձկան հրամանով (հեքիաթ)
Գայլաձկան հրամանով | |
---|---|
Տեսակ | Ռուսական ժողովրդական հեքիաթներ և հեքիաթային սյուժե |
Բնագիր լեզու | ռուսերեն |
By the Pike's Magic |
Գայլաձկան հրամանով, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Հեքիաթի երեք տարբերակ հրատարակված է Ալեքսանդր Աֆանասևի կազմած «Ռուսական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուում՝ 164-167 համարների տակ, երբեմն ժողովածուի հղումը ցույց է տալիս հեքիաթի միայն մեկ տարբերակը՝ № 165[1]: Հայտնի է նաև Ալեքսեյ Տոլստոյի համանուն հեքիաթի վերամշակումը։ Հեքիաթի գլխավոր հերոսներն են պարզ և բարի տղա Եմելյան և գայլաձուկը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանեկան լուրջ գործերին Եմելյային թույլ չեն տալիս մասնակցել։ Նա չափազանց ծույլ է, երկար ժամանակ է պահանջվում նրան հորդորելու համար, որ կատարի որևէ աշխատանք, նույնիսկ մի չնչին գործ։ Միակ բանը, որ կարող է նրան տեղից շարժել, քաղցրավենիքի խոստումն է, որին նա չի կարող դիմակայել։ Հենց այստեղ է թաքնված առաջին հայացքից աննկատ հեգնանքը. ըստ վարկածներից մեկի՝ Եմելյա անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «աշխատասեր»։ Սակայն այս թվացյալ անհամակրելի կերպարը օժտված է այնպիսի հատկանիշներով, որոնք նրան դարձնում են իսկական հերոս. նա ճարպիկ է և հաջողակ, կարողացել է ջրհորի միջից ձեռքով գայլաձուկ բռնել և նրանից ստանալ մոգական ուժ (բանահյուսագետ Վլադիմիր Պրոպի տերմինաբանության մեջ գայլաձուկը դառնում է գյուղական հիմարիկի «կախարդական օգնականը»)։ Սկզբում Եմելյան օգտագործում է իր շնորհը կենցաղային նպատակների համար. դույլերին ստիպում է գնալ ջրի, կացնին՝ փայտ կոտրել, գավազանին՝ հարվածել թշնամիներին։ Բացի դրանից՝ նա առանց ձիերի ինքնաշարժ սահնակով շարժվում է առաջ, այնուհետև կառավարում վառարանը, քանի որ չէր ցանկանում լքել իր սիրելի «մահճակալը»։ Վառարանով երթևեկելու տեսարանը հեքիաթի ամենավառ դրվագներից մեկն է։ Հետաքրքիր է, որ կառավարելով իր «տրանսպորտային միջոցները»՝ Եմելյան անխղճաբար վրաերթի է ենթարկում մարդկանց («Իսկ ինչո՞ւ են նրանք սահնակի տակ ընկնում»)։ Բանահյուսագետներն այն կարծիքն են հայտնում, որ այս դրվագը ցույց է տալիս Եմելյայի թագավորական բնույթը, որը որոշ ժամանակ մնացել էր թաքնված, այնուհետև բացահայտվում է իր հերոսականությամբ և բացառիկությամբ։ Իրականում հենց տիրական ձևով երթևեկելու մասին լուրերը և տուժողների բողոքներն են ստիպում թագավորին ուշադրություն դարձնել իր հպատակներից ամենափոքրին։ Եմելյային նվերներով գայթակղելով՝ տանում են պալատ, և թագավորը նրան պահանջ է ներկայացնում, որը սահմանափակվում է բանավոր նկատողությամբ։ Եմելյան այդ ժամանակ հասցնում է հմայել թագավորի դստերը այնպես, որ երբ հերոսը վերադառնում է տուն, աղջիկը սկսում է կարոտել և պահանջել, որ վերադարձնեն գյուղացու որդուն։ Թագավորն իր համաձայնությունն է տալիս, բայց երբ Եմելյան կրկին պալատ է գալիս, նրան արքայադուստր Մարյայի հետ փակում են տակառում և նետում ծովը։ Սակայն կախարդական պարգևն այստեղ էլ է օգնում հերոսին. մոգական բառերը՝ «Գայլաձկան հրամանով, իմ կամքով», տակառը նետում են ափ, պալատ կառուցում և Եմելյային վերափոխելով՝ դարձնում գեղեցիկ տղամարդ (աղջկա խնդրանքով)։ Թագավորը, տեսնելով նոր պալատ իր երկրի տարածքում, զայրանում է և գալիս տեսնելու այդ հանդուգն արարածին, որ համարձակվել է պալատ կառուցել։ Նա չի ճանաչում Եմելյային՝ փոխված արտաքինի պատճառով, և միայն արարողության ժամանակ է հերոսն ինքն իրեն հայտնում և հիշեցնում թագավորի չար արարքը։ Արքան վախենում է, ընդունում Եմելյայի ուժը և համաձայնվում, որ նա արժանի է դառնալու իր փեսան։ Ինչպես և շատ ռուսական հեքիաթներում, այստեղ էլ պատմությունն ավարտվում է հարսանիքով։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1938 թվականին ԽՍՀՄ-ում «Սոյուզդետֆիլմ» մոսկովյան կինոստուդիայում ստեղծվել է ռեժիսոր Ալեքսանդր Ռոուի «Գայլաձկան հրամանով» ֆիլմը՝ Ելիզավետա
Տարախովսկայայի համանուն պիեսի հիման վրա, որի հիմքում ընկած էին «Գայլաձկան հրամանով» հեքիաթը և ռուսական ժողովրդական այլ հեքիաթներ։
- 1957 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է Իվան Իվանով-Վանոյի «Ինչ-որ թագավորությունում» մուլտֆիլմը։
- 1970 թվականին Ելիզավետա Տարախովսկայայի պիեսի հիման վրա ստեղծվել է «Գայլաձկան հրամանով» ֆիլմ՝ ռեժիսորներ Վլադիմիր Պեկարի և Վլադիմիր Պոպովի կողմից։
- 1984 թվականին ստեղծվել է «Գայլաձկան հրամանով» մուլտֆիլմ Սվերդլովսկի կինոստուդիայում, ռեժիսոր՝ Վալերիյ Ֆոմին։
«Գայլաձկան հրամանով» մուլտֆիլմին են նվիրված Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության վեց փոստային նամականիշ, որոնց վրա պատկերված են հեքիաթից դրվագներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Соколов и др., 1979, էջ 188—189
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Соколов М. П., Снегирёв В. В., Орлов В. А., Соколов Ю. М. Советский Союз на иностранных марках. — М., 1979. — С. 188. — 288 с. — 43 000 экз.
- Сказка «По щучьему веленью» Արխիվացված 2018-11-06 Wayback Machine
- Текст сказки с иллюстрациями Արխիվացված 2005-03-26 Wayback Machine
- Новиков Н. В. Образы восточнославянской волшебной сказки. Л.: Наука, 1974. С.116-126.
- Лозовская Н. В. Многоязыковой проект: Варианты сказочного сюжетного типа AT 675 («По щучьему веленью»)
- Значение имени Емельян Արխիվացված 2008-10-25 Wayback Machine