Բուսերի ցրտադիմացկունություն
Ցրտադիմացկանություն, 0°–ից ցածր ջերմաստիճաններին բույսերի դիմանալու ունակությունը։
Ընդհանուր մանրամասներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր տեսակներին պատկանող բույսերն օժտված են տարբեր աստիճանի ցրտադիմացկանությամբ, որը նրանց ժառանգական հատկությունն է։ Ցրտադիմացկանությունն ավելի լայն հասկացություն է, քան ցրտակայունությունը՝ ցածր դրական ջերմաստիճաններին (+2°, +8 °C) դիմանալու կարողությունը։ Ցրտադիմացկանության զարգացման հիմնական պայմաններն են՝ աճման պրոցեսների դանդաղումը և կոփման երկու փուլերի հաջորդական անցումը։ Միամյա աշնանացան բույսերը կոփման առաջին փուլն անցնում են օդի +6–0 °C ջերմաստիճանի պայմաններում, լույսի առկայությամբ, որի ընթացքում, ֆոտոսինթեզի պրոցեսի հետևանքով, տեղի է ունենում պաշտպանական նյութերի (շաքարների) կուտակումը։ Բազմամյա բույսերի համար, մինչև կոփման փուլերին անցնելը և աճման պրոցեսների դադարելը, անհրաժեշտ է, որ բողբոջներն ու կամբիումն անցնեն հանգստի շրջան։ Նշված բույսերը կոփման առաջին փուլն անցնում են +3°–ից մինչև –2 °C ջերմաստիճանի պայմաններում, որին բնորոշ է շաքարների կուտակումն ի հաշիվ բազմաշաքարների հիդրոլիզի։ Բոլոր բույսերի կոփման առաջին փուլում տեղի են ունենում միջբջջային էական փոփոխություններ, որոնց հետևանքով բջջի պարունակությունը զոլի վիճակից անցնում է գելի (դոնդողացում)։ Պրոտոպլաստի դոնդողացումը բարձրացնում է բույսի դիմադրողականությունը չափավոր ցրտերի և մեխանիկական ձևափոխությունների նկատմամբ։ Բարձր ցրտադիմացկանությունը զարգանում է բույսի կոփման երկրորդ փուլում, որն ընթանում է միայն բացասական ջերմաստիճանների պայմաններում (–3 °C–ից մինչև–15 °C և ավելի ցածր, նայած բույսի տեսակին)։ Այս պրոցեսում բջիջներից ջրի զգալի մասը դուրս է գալիս և սառչում միջբջջային տարածություններում։ Բջջում մնում է դժվար սառչող ջուրը, որը սակայն կրիտիկական ջերմաստիճանների երկարատև ազդեցության դեպքում սառցակալում է, և բջիջը մահանում է։ Կոփումը պաշտպանում է բույսերին ներբջջային սառույցի գոյացումից, բարձրացնում պրոտոպլաստի դիմադրողականությունը բջիջների ջրազրկման և միջբջջային սառույցի մեխանիկական ճնշման համատեղ ազդեցության նկատմամբ։ Առավելագույն ցրտադիմացկությունը ապահովում է այն դեպքում, երբ բույսը զարգացման և կոփման փուլերն անցնում է աստիճանաբար և տվյալ տեսակի համար օպտիմալ պայմաններում։ ժամանակակից գիտությունը բացահայտել է ցրտադիմացկանության գենետիկական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական էությունը, մշակել որոշ միջոցառումներ միամյա և բազմամյա բույսերի ցրտադիմացկությունը բարձրացնելու համար։ Կարևոր նշանակություն ունի նպատակային սելեկցիան, որի միջոցով ստեղծված են տարբեր կուլտուրաների համեմատաբար ցրտադիմացկուն սորտեր։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 170)։ |