Բույսերի տնկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի տնկում, սածիլների, արմատների, պալարների, սերմնաբույսերի ու տնկիների տեղադրումը հողամասում։ Ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառման դեպքում բույսերի տնկումը իրականացնում են միայն մեկ եղանակով՝ տեխնոլոգիական կանոնները պահպանելով։ Բաց գրունտի բանջարաբուծության տարածքների մակերեսի կեսից ավելին զբաղեցնում են սածիլային մշակաբույսերը։ Սածիլումը նախապատրաստում են հետևյալ կերպ․ մինչև հողից հանելը սածիլներն առատ ջրում են, անթաղար սածիլների արմատները թաթախում են գոմաղբահեղուկի և կավի շաղախանման խառնուրդի մեջ՝ ավելացնելով քառամեթիլ թիուրամ երկսուլֆիդ, խոտանում՝ հիվանդ, թերզարգացած և վնասված սածիլները։ Այնուհետև պատրաստի սածիլները տեղավորում են արկղերի մեջ և տեղափոխում սածիլման տեղամաս, որտեղ աշխատանքներն իրականացնում են սածիլատնկիչ մեքենաներով, երբեմն՝ նաև ձեռքով։

Տնկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղամբի անթաղարասածիլների տնկման խորությունը 5-10 սմ է, լոլիկինը՝ 10-12 սմ, թաղարասածիլներինը՝ 10 սմ-ից ոչ պակաս։ Հողի խոնավությունից և եղանակից կախված 1 բույսի հաշվով ծախսվում է 0,3-1 լ ջուր։ Ոչ սևահողերի շրջաններում կարտոֆիլը տնկում են թմբերի վրա, պալարները հողածածկում 8-10 սմ խորությամբ, անբավարար խոնավության շրջաններում կատարում են հարթ տնկում՝ նույն խորությամբ։ Ոչ սևահողերի գոտում բույսերի տնկման բարենպաստ խտությունը 1 հա-ում 50-55 հզ. է։ Կարտոֆիլը տնկում են կարտոֆիլացան մեքենաներով, որոնք ապահովում են 60-70 սմ միջ շար. և 20-40 սմ՝ միջբնային հեռավորոթյուն։ Կարտոֆիլը տնկում են հողի 7-8o C ջերմաստիճանի դեպքում։ Արմատապտղայինների մայրաբույսերի տնկումը (սերմեր ստանալու նպատակով) կատարում են սածիլատնկիչ մեքենաներով վաղացան հացաբույսերի հետ միաժամանակ։ Շաքարի և սեղանի ճակնդեղի, շաղգամի, գոնգեղի արմատապտուղները տնկում են 70x35 սմ սխեմայով, գազարինը՝ 70x25 սմ։ Տնկման խորությունը պետք է լինի այնպիսին, որ արմատապտուղների գլխիկները հողով ծածկված լինեն 2-3 սմ շերտով։ Կաղամբի մայրաբույսերը տնկում են 70x30-50 սմ սխեմայով, արմատների խորությունը՝ 15-20 սմ, ծայր. մասը պետք է մնա հողից դուրս։ Պտղատու և հատապտղատու մշակաբույսերի տնկումն իրականացնում են հիմնականում երկամյա տնկիներով, միայն հարավային շրջաններում կորիզավորներինը՝ միամյներով։ Տնկումից առաջ արմատներն ընկղմում են գոմաղբահեղուկի ու կավի խառնուրդի մեջ, որին ավելացնում են որևէ արմատարձակիչ նյութ, որպեսզի արմատները չչորանան։ Տնկում են գարնանը կամ աշնանը մեքենայական, կիսամեքենայական եղանակներով (փոսերի, ակոսների կամ խանդակների մեջ) կամ ձեռքով։

Ձեռքով տնկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքով տնկման դեպքում բները փորում են ձեռքով կամ փոսփորիչներով։ Փոսերի խորությունը հնդավոր տնկիների համար 0,6 մ է, տրամագիծը՝ 1 մ, կորիզավորների համար՝ համապատասխանաբար՝ 0,4 և 0,8 մ, հատապտղայինների համար՝ 0,4 և 0,6 մ։ Տնկիների արմատների վզիկը պետք է 3-5 սմ ցածր լինի հողի մակերևույթից, որպեսզի հողը նստելուց հետո հավասարվի մակերևույթին։ Տնկին ոչ շատ ամուր, 8-աձև կապում են փայտե ցցին, որը պետք է տնկու առաջին ճյուղից ցածրլինի, և, անկախ եղանակային պայմաններից ու տնկման ժամանակից, ջրում են։ Այնուհետև բնամերձ փոսերը մուչապատում են տորֆով, փտած գոմաղբով և այլն։ Տնկիներ ու սերմնաբույսեր տնկում են նաև անտառներում՝ դրանք վերականգնելու կամ ընդարձակելու, անտառապաշտպան շերտեր հիմնելու համար։