Բույսերի աճման կարգավորիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի աճման կարգավորիչներ, օրգանիկ միացություններ, որոնք (շատ փոքր կոնցենտրացիաներով) խթանում կամ ընկճում են բույսերի աճն ու մորֆոգենեզը։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի աճի բնական խթանիչներից են բուսահորմոնները (աուքսիններ, գիբերելիններ, ցիտոկինիններ, էթիլեն, աբսցիզաթթու), ոչ հորմոնային բնույթի արգելակիչները (որոշ ֆենոլներ, միզաթթվի ածանցյալներ և այլն), սինթետիկներից՝ աուքսինների տիպի խթանիչները (ինդոլիլ ճարպաթթուներ, ինդոլիլ քացախաթթուներ, նավթիլ քացախաթթուներ ) և սինթետիկ արգելակիչները (մորֆակտիններ, աճադանդաղիչներ, տերևազրկողներ և այլն)։ Բույսերի աճման կարգավորիչի օգտագործումը հանգեցնում է նյութափոխանակության տեղաշարժերի, որոնք նման են արտաքին միջավայրի որոշակի պայմանների (օրվա տևողություն, ջերմաստիճան) ազդեցությամբ առաջացածներին, վերարտադրողական օրգանների առաջացման արագացման, աճի ուժեղացման կամ արգելակման և այլն։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության մեջ լայնորեն օգտագործվում են բույսերի աճման սինթետիկ կարգավորիչները, օրինակ՝ ռետարդանտները (դանդաղացուցիչներ)՝ նյութեր, որոնք ընկճում են ցողունների աճը և կանխում բույսերի պառկումը (քլորխոլինքլորիդ, տուր, կամպոզան, գիդրել և այլն)։ Քլորխոլինքլորիդն օգտագործում են աշնանացան ցորենի պառկումը կանխելու, դաշտավլուկազգիների բազմամյա խոտաբույսերի սերմերի ավելացման, բամբակենու քիմիական էտման, լոլիկի սածիլների որակի և աճեցման բարելավման, խնձորենու պտղակրության սկզբի արագացման, մորենու բեղիկների աճման սահմանափակման և նրա բերքատվության բարձրացման համար։ Ավելացնելով բույսերի կենսունակության ընդհանուր պոտենցիալը՝ քլորխոլինքլորիդը բարձրացնում է կայունությունն աղերի ավելցուկի, ցածր և բարձր ջերմաստիճանների հանդեպ, նաև նպաստում բույսերի՝ հողի խոնավության խնայողի ծախսմանը։ Աշնանացան և գարնանացան ցորենի ցրտա- և երաշտակայունությունը բարձրացնող և պառկումը կանխող պատրաստուկներից է տուրը։ Էթիլեն արտադրող ռետարդանտ կամպոզանն օգտագործում են աշնանացան աշորայի, գարու, երկարակյաց վուշի, գիդրելը՝ կարտոֆիլի պալարների աճը կանխելու լոլիկի պտուղների միաժամանակյա հասունացումն ապահովելու նպատակով։ Մորֆոնոլ պատրաստուկն արագացնում է բամբակենու տուփիկների հասունացումը և դրանով կրճատում դաշտում նրա մնալու տևողությունը։ Բամբակահավաքից հետո ցանում են կերային խոտաբույսեր, որոնք նպաստում են հողի բաղադրության լավացմանը և բերքատվության բարձրացմանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։