Բուծում ըստ գծերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուծում ըստ գծերի, տոհմաբուծական տնտեսություններում տոհմական աշխատանքների համակարգ։ Կատարվում է սերունդների մոտ լավագույն արտադրող-հիմնադիրների արժեքավոր որակների ամրապնդման և ուժեղացման համար։

Աշխատանքի փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գծերի հետ աշխատանքի փուլերն են․

  • Սերնդի գնահատման հիման վրա արտադրող հիմնադրի ընտրությունը
  • հիմնադրի սերնդի բազմացումը
  • ազգակից խմբի ստեղծումը
  • համահավասար զույգ ընտրության պայմաններում գծի տիպայնացումը առանձնացնելով արտադրող-շարունակողին, իսկ մայրական կազմում գծի կորիզը, ինբրիդինգի միջոցով գծի տիպի ամրապնդումը, գծի հարստացումն այլ գծերի արտադրողների օգտագործման միջոցով։

Բուծում ըստ գծերի թույլ է տալիս ցեղը բաժանել գենետիկորեն տարասեռ կառուցվածքային միավորների, որոնցում լավագույն կենդանիների արժեքավոր հատկանիշներն ամրապնդված ու զարգացած են դրանց սերնդի մեջ։ Հետագա տրամախաչման (կրոս գծերի) շնորհիվ ապրանքային հոտերում (նախրում) միավորվում են գծերի արժեքավոր որակները, և ամբողջության մեջ ցեղն ունի զարգացում։ Բուծում ըստ գծերի Ռուսաստանում առաջին անգամ կիրառել է ճորտ գյուղացի Վ. Ի. Շիշկինը 1820-30-ական թվականներին՝ օռլովյան վարգաձիու ստացման ժամանակ։ Տեսականորեն այն հիմնավորված է խորհրդային գիտնականներ Ե. Ա. Բոգդանովի, Մ. Ֆ. Իվանովի, Դ. Ա. Կիսլովսկու աշխատություններում։

Լայնորեն կիրառվում է գյուղատնտեսական կենդանիների բոլոր տեսակների հետ տարվող աշխատանքում. խոզաբուծության և թռչնաբուծության դեպքում ստանում են մասնագիտացված գծեր, որոնց զուգակցումն ապահովում է հետերոզիսի դրսևորումը։ Գծի օգտագործման տևողությունը 4-6 սերունդ է՝ կախված տնտեսության արժեքից և նպատակային ընտրասերմամբ ստեղծված՝ արժեքավոր որակների փոխանցման կայունությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։