Բորդոյան հեղուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բորդոյան հեղուկ, պղնձարջասպի և կրակաթի կախույթ (1։ 0,75-1)։ Թույլատրվում է կիրառել բոլոր մշակաբույսի համար։ Օգտագործվում է խնձորենու և տանձենու գոնջության, խաղողի միլդյուի, կորիզավոր մշակաբույսի կոկոմիկոզի և կյլաստերոսպորիոզի, հաղարջենու անտրաքնոզի և սեպտորիոզի, կարտոֆիլի տոֆտորոզի, հատապտղային մշակաբույսերի բծավորության և բույսերի այլ հիվանդությունների դեմ պայքարելու համար։ Բորդոյան հեղուկով մշակումների ժամկետները և քանակը հաստատվում են ըստ հիվանդության հարուցիչի կենսաբանական առանձնահատկությունների ու եղանակային պայմանների։ Ծախսի չափաքանակը (կգ/հա՝ ըստ պղնձարջասպի) միանվագ սրսկումների դեպքում (մինչև բողբոջելը) խնձորենու, տանձենու, սերկևիլենու, խաղողի վազի, կորիզավոր և հատապտղային մշակաբույսերի դեպքում՝ 10-20 (խնձորենին, տանձենին, խաղողը մշակում են մինչև 6, կարտոֆիլը՝ մինչև 5, կորիզավոր մշակաբույսերը, գայլուկը, լոլիկը՝ մինչև 4, հատապտղային և ցիտրուսային մշակաբույսերը, ճակնդեղը, սոխը, վարունգը և այլ դդմազգիները՝ մինչև 3, առվույտը՝ մինչև 2 անգամ)։ Խնձորենու, տանձենու, խաղողի, կարտոֆիլի վերջին սրսկումը թույլատրվում է բերքահավաքից 15 օր, կորիզավոր մշակաբույսերինը, գայլուկինը, լոլիկինը՝ 8 օր, հատապտղային և ցիտրուսային մշակաբույսերինը, ճակնդեղինը, սոխինը, վարունգինը և այլ դդմազգիներինը՝ 5 օր առաջ։ Բորդոյան հեղուկը թունավոր է մարդկանց և կենդանիների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։