Jump to content

Բյուրեղային քիմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվարցի բյուրեղ

Բյուրեղային քիմիա, գիտություն բյուրեղային կառույցների և նյութի բնույթի մեջ եղած կապի մասին։ Բյուրեղային քիմիան ուսումնասիրում է բյուրեղներում ատոմների քիմիական կապերը և ատոմների տարածական դասավորությունը, ինչպես նաև քիմիական նյութի ֆիզիկական և քիմիական հատկությունների կախումը բյուրեղի կառուցվածքից։ Բյուրեղային քիմիան քիմիայի բաժին է և սերտորեն կապված է բյուրեղագիտության հետ։

Բյուրեղաքիմիան գիտություն է բյուրեղներում ատոմների տարածական դասավորության, քիմիական կապի, բյուրեղային նյութերի ֆիզիկական ու քիմիական հատկությունների և կառուցվածքի միջև եղած կախվածության մասին։ Բ–ի խնդիրն է պարզել, թե բյուրեղային նյութերի ֆիզիկական հատկությունները (էլեկտրահաղորդականություն, մագնիսականություն, առաձգականություն, կռելիություն, ամրություն, գույն, փայլ, հալման ջերմաստիճան ևն) ինչ փոխհարաբերության մեջ են քիմ․ կապի, բյուրեղային ցանցում միջատոմային հեռավորությունների, առանձին քիմ․ տարրերի հետ։ Բ․ հնարավորություն է ընձեռում որոշակի որակ տվող տարրերի ավելացումով ստանալ անհրաժեշտ ֆիզիկական հատկություններով օժտված համաձուլվածքներ, կարգավորել տեխնիկական և թանկարժեք քարերի գույնը, ամրությունը ևն, կանխատեսել նոր բյուրեղային նյութեր։ Բյուրեղաքիմ․ ուսումնասիրությունների հիմքում ընկած են ստերեոքիմ․ և բյուրեղակառուցվածքային վերլուծությունները։ Առաջին դեպքում ուսումնասիրվում են միջատոմային հեռավորությունները, արժեքականության անկյունների չափերը և պարզվում են, թե տվյալ ատոմը քանի ուրիշ ատոմների հետ կարող է մերձավորագույն կապի մեջ լինել։ Դրանք բնութագրելու համար մտցված են կոորդինացիոն թիվ և կոորդինացիոն բազմանիստ հասկացությունները։ Բացահայտված է, որ ամեն մի տարրի ատոմի համար բնորոշ են որոշակի կայուն կոորդինացիոն թիվ և բազմանիստ։ Այդ օրինաչափությունը բացատրելու համար Բ․ օգտվում է քվանտային մեխանիկայի մեթոդներից։ Բյուրեղակառուցվածքային ուսումնասիրությունները տարվում են բյուրեղային նյութի մեջ մասնիկների հարաբերական տարածական դասավորությունը և տվյալ կառուցվածքի կայունությունը պարզելու նպատակով։ Այս ասպարեզում Բ․ սերտորեն առնչվում է բյուրեղաֆիզիկայի և պինդ մարմնի ֆիզիկայի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 483