Բյուրգերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բյուրգերություն (գերմ․ Burger — քաղաքացի), լայն առումով՝ արևմտաեվրոպական միջնադարյան քաղաքի բոլոր այն բնակիչները, որոնց վրա տարածվել է քաղաքային իրավունքը։ Նեղ իմաստով՝ Արևմտյան Եվրոպայի միջնադարյան քաղաքի բնակչության միջին խավը (հիմնականում արհեստավորները և մանր ու միջին առևտրականները), ի տարբերություն վերնախավի՝ պատրիկության, և ստորին խավի՝ պլեբեյության։ Ձևավորվել է քաղաքի և ֆեոդալ-սենիորի միջև մղված պայքարի ընթացքում (XI-XIII դարեր)։ Բյուրգերները ծագել են կախյալ գյուղացիներից և գյուղական արհեստավորներից, որոնք վերաբնակվել էին կամ փախել քաղաք։ Գործուն մասնակցություն է ունեցել ֆեոդալների դեմ մղվող պայքարում, նպաստել ապրանքա-դրամական հարաբերությունների զարգացմանը։ Բյուրգերությունը երկարատև պայքար է մղել պատրիկության դեմ և հաղթել շատ քաղաքներում։ Բյուրգերությունը ստեղծել է միջնադարյան քաղաքային մշակույթը, որը և նախապատրաստել է Վերածնության ժամանակաշրջանի հումանիստական շարժումը։ XVI —XVIII դարեր։ Բյուրգերության այն խավը, որն անցեյ էր արտադրության կապիտալիստական ձևերին, կազմել է բուրժուազիայի հիմնական բաղկացուցիչ մասը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 482