Բարեկամության ծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թանգարան-այգի «Բարեկամության ծառ», եզակի թանգարան Ռուսաստանի, Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում։

Բարեկամության ծառն աճում է Ռուսաստանի տրոպիկական կուլտուրաների և ծաղկաբուծության պետական գիտահետազոտական ինստիտուտի ցիտրուսային այգու տարածքում։

1934 թվականին ինստիտուտի գիտնական Ֆ. Մ. Զորինը ցիտրուսային բույսերի նոր, ցրտադիմացկուն տեսակների ստացման համար այգում տնկեց վայրի լիմոնի ծառ։ Նրա սաղարթին նա հետևողականորեն պատվաստում էր ճապոնական մանդարինների, իսպանական նարինջների, իտալական լիմոնների, թուրինջների և այլ ծառերի ընդամենը 45 տեսակի ցիտրուսներ։ 1940 թվականին այդ ծառի վրա ի հիշատակ իր այցի հայտնի հետազոտող Օտտո Շմիդտը պատվաստում կատարեց։ 1957 թվականին երեք վիետնամացի բժիշկներ առաջարկեցին այդ եզակի ծառ-այգին անվանել Բարեկամության ծառ։

Այժմ այդ ծառին կան աշխարհի 167 երկրից ներկայացուցիչների պատվաստած ճյուղեր։ Նրա վրա արված է ավելի քան 630 պատվաստում։ Դրանք կատարվել են շատ երկրների նախագահների, հայտնի հասարակական և քաղաքական գործիչների, գիտնականների և մշակույթի գործիչների ձեռքերով։

Բարեկամության ծառի կողքին աճում են բարեկամության ծառերի ավելի քան 60 նոր տնկիներ։ Դրանք տնկել են տարբեր երկրներից և տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։ Այգում աճում են ԱՄՆ-ից, Լեհաստանից, Կանադայից, Ճապոնիայից և այլ երկրներից բերված ծառեր։

1981 թվականին Զորինի գործի շարունակող Լյուդմիլա Դմիտրենկոյի նախաձեռնությամբ այգում բացվեց թանգարան (ճարտարապետներ` Ե. Ի. Բորկալով, Ա. Ի. Սավելյով)։ Նրա ցուցանմուշներն են տարբեր երկրներից մարդկանց նվերները Բարեկամության ծառին։ Դրանք ազգային հուշանվերներ են, նամակներ, նկարներ, տարբեր երաժշտական գործիքներ, դրամներ և այլն։ Թանգարանում կան մոտավորապես 20 հազար նվերներ։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

354002 Ռուսաստան, ք. Սոչի, Ֆաբրիցիուսի 2/28

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зорин В., Дмитриенко Л. Дерево Дружбы.- Краснодар, 1975

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]