Բառաշերտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բառաշերտեր, տարբերակվում են ըստ այն բանի, թե բառերը մարդկային գործունեության, բնության ու հասարակական կյանքի ո՞ր բնագավառին է սպասարկում։

Բառաշերտը կարող է արտահայտել բնության իրեր, առարկաներ, երևույթներ, օրինակ, հող, գառ, առյուծ, թռչուն, ագռավ, անձեր՝ մարզ, ուսուցիչ, Արամ, Հայկ, բուսական աշխարհ՝ ծաղիկ, վարդ, շուշան, ազգակցական կապեր, հարաբերություններ՝ հայր, մայր, պապ, տատ, հարս, զոքանչ, սկեսուր, մարմնի մասեր՝ գլուխ, ձեռք, աչք, ոտք, աշխատանքային, արտադրական գործիքներ՝ սղոց, կացին, տրակտոր, արհեստներ, մասնագիտացում, զբաղմունք (բանվոր, ծառայող, ուսուցիչ, հյուսն, բժիշկ, ֆիզիկոս), կենցաղային իրեր ու երևույթներ (եփել, լվանալ, խոհանոց), տարածք, աշխարհագրական վայր (Երևան, Արաքս, Մասիս) և այլն։ Բառախմբերի այս բազմազանությունը պայմանավորված է բառերի իմաստային դաշտի անմիատարրությամբ։

Լեզվի բառապաշարը գտնվում է անընդհատ փոփոխությունների մեջ, այն ավելի հեշտ է ենթարկվում արտաքին գործոնների ազդեցության, զգայուն է բնության մեջ ու հասարակական կյանքում կատարվող տեղաշարժերի նկատմամբ, դրանց ուղեկցում է բառեր կորցնելով, դուրս մղելով և նորերը ստեղծելով։ Որոշ հաշվումներով հիմնական բառաֆոնդից յուրաքանչյուր հազարամյակում դուրս է ընկնում 15 տոկոսը։ Կան մասնավոր դեպքեր բառապաշարային տեղաշարժերում։

Բառապաշարային տեղաշարժերի մասնավոր դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա․ Բառը փոխում է իր իմաստը, ինչպիսին տեղի է ունեցել վաճառել, մորթել, մարտկոց բառերի հետ տեղի է ունեցել։ Այսպիսի բառերին կարելի է հատկացնել առհասարակ բառիմաստի ընդլայնման, նեղացման, շրջման երևույթները, փոխաբերական իմաստներ ձեռք բերելը, մենիմաստութնուն, բազմիմաստություն և հակառակ անվանումները։

Բ.Բառը կարող է փոխել իր արտասանությունը՝ հնչյունափոխությամբ պայմանավորված, ինչպես, օրինակ, տեսանել > տեսնել, աւր > օր, սիւն > սյուն։

Գ.Բառը փոխվում է և՛ իմաստով և՛ արտասանությամբ, օրինակ, սեպուհական> սեփական։

Դ․ Բառը փոխում է անցում է կատարում ժողովրդախոսակցականից գրական լեզվի չեզոք բառաշերտին (ալրաթաթախ, բարալիկ, ձնհալ, լուսնահաչ), ոչ գործունը դառնում է գործուն (ծիծաղախիտ, դաստակերտ), գործականը հնանում է (լիկկայան, կուլակ), մուտք են գործում նորաբանություններ (տիեզերագնաց, մայրուղի), նորաբանությունները դառնում են համագործածական։

Ե․ Բառարգելում, երբ մերժվում է բառի գործածությունը տվյալ հանրության մեջ։

Զ․Մեղմասություն, երբ գռեհիկ կոպիտ կամ այդպիսին համարվող բառերը փոխարինվում են ավելի մեղմ բառերով ու արտահայտություններով (հղի–պատճառավոր, փսխել–սիրտը ետ տալ)։ Է․ Մաքրամոլություն, երբ լեզվի բառերը մաքրվում են օտար, անհարկի տարրերից։

Ը․ Բառափոխարինումներ, օրինակ, կայուն բառակապակցությունը փոխարինվում է բարդությամբ և հակառակը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ.Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1984