Բամբասանքն ու ասեկոսեն Գյումրիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյումրեցիները բամբասանքը համարել են քաղաքին բնորոշ շատ բացասական երևույթ, նրանք քննադատել են ու մերժել այդ սովորույթը։ Ազգագարագետ Կարինե Բազեյանի ուսումնասիրության համաձայն՝ գյումրեցիների մի մասը նշել է, որ բամբասանքը ստի վրա է հիմնված, մյուս մասն էլ՝ որ այն իրական հիմք ունեցող չարախոսություն է։ Ասեկոսեն համարվել է բամբասանքին հակառակ երևույթ։ «Ասեկոսեն տեղեկությունը փոխանցում է, իսկ բամբասանքը' չափազանցնում», «Ասեկոսեները անհիմն խոսակցություններ են, իսկ բամբասանքը զբաղմունք է»[1]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բամբասանքն ու ասեկոսեն հոմանիշներ են։ Հր․Աճառյանը նշել է, որ « բամբաս բառը կազմված է բամ (ասում եմ) և բաս (ասում է) բայաձևերից, որը բարբառներում հանդիպում է ասեկոսե, կասէ-կուսէ, ասուաս, ըսի-ըսավ և այլ ձևերով»[2]:5 Բամբասանքի բացատրությունը՝ «Մեղադրութիւն, պարսաւ, չարախոաոթիւն, տրտունջ, լուտանք, թշնամանք»[3], «Անբարյացակամ կամ վարկաբեկիչ տեղեկություն որևէ մեկի մասին, որ տարածվում է անստույգ, ոչ ճիշտ և մտացածին լուրերի վրա»[4]։ Քրիստոնեության մեջ բամբասանքը մոլորություն է, այն եղծում է մարդուն ֆիզիկապես և բարոյապես, արագացնում մարդու մահը։

Բամբասանքը ժողովրդական զրուցաբանության որոշակի ժանր է, որը հիմնվում է այս կամ այն երևույթի վրա, ունի սյուժե։ Բամբասանքը պատկերավոր արտահյտությունների ու կայուն կապակցությունների մի համախումբ է, որում կան՝

1․Աոած-ասացվածքներ, օրինակ՝

  • Կընգա խորատեն չի պակսի,
  • Ջուրը մտնին լողալ գիտեն, քյասարն հելնին դողալ գիտեն,
  • Մեր հացի մեջ աղ չկա

2․ Դարձվածքներ՝

  • Մե կովեն, տասը ծովեն։
  • Օրը մեգ է, ծեձը հազար։,
  • Քիչ այիբ ունեյիք, քոթեշ էլ հանեցիք։,
  • Բոլորն էլ մե սանդըռի կտավ են։

3․ Օրհնանքներ՝

  • Օղորմի քու անցավորներին։
  • Ասվաձ քեզի գյանք տա։
  • Օղորմի հիրան, լուսը կաթի գերեզմանին։

4․ Անեծքներ

  • Սաբըբի լուս քոռնա։
  • Գեդինը մտնիս։
  • Այ վայը էրգրիդ գլխուն։
  • Զուլումդ բըլի։
  • Բալեքդ թաղեմ։
  • էրթըլներդ էղնի, գալերըդ չէղնի։

5․ Լուտանքներ՝

  • թերմըշներ,
  • քյաֆթառ,
  • խուժըններ,
  • այլանտագ
  • մեյմուն,
  • չիչո։

Բամբասանքներում արտահայտված է նաև գյումրեցուն և շիրակցուն բնորոշ սրամիտ ու զվարճալի հումորը․

  • «Բըդի էրտամ թաղային լիազորի հանգըջեն թըղթով բռնեմ, օր ձեռներըս չըկեղդոդի»,
  • «Պեսոկը էնքան քիչ է լըցրե, օր ֆիշնեն գունը թռցրել է»,
  • «էշը հինքն է, խոդը հուրիշի հառաջը կդնե»,
  • «Օտը գիդես թե քիչըմ մաքրվավ. մէ այլանդագը հարձակուրդ գնաց»,
  • «Բոյին կիշկիմ, սոլերուն...սոլերն ուրանե բոյովին»[5]։

Ժողովուրդը բամբասանքը համարել է կանանց զբաղմունք։ Գյումրիում տարածված ժողովրդական իմաստություն կա՝ «Բամբասելը և խռովելը կնկա փեշակ է»[6]։ Սակայն այժմ սեռատարիքային որոշակի բաժանում այս իմաստով չկա, բամբասանքը պաչապ ու անգործ մարդկանց զբաղմունք է համարվում։ Թեեւ կան դեպքեր, երբ բամբասել են նաև աշխատավայրում։ Գ․ Բրուտյանը արել է մի գծանկար, որտեղ բամբասող կանայք են պատկերված, նրանց մեջ կա նաև իլիկ մանող կին։ թեեւ բամբասանքը միշտ մերժելի է եղել և քննադատվել է, սակայն մինչ այսօր էլ գոյություն ունի։ Կնոջ բարոյական կերպարում գյումրեցին կարևորել է նաև նրա խոսքը։

Կնիկը պտի խոսքի ետևն ու առաջը իմացող էդնի, բերանն էկած խոսքը չըսե, լավըմ չափե, ձևե, նոր խոսի, փորեն դուս էկող խոսքը բկի քյառթերուն քցե, մնացածը ծանդր ու թեթև էնե, նոր դուս հանե։ Կնիկր աղըլդչի, խաբարբզան, խաբար տանող ու բերող, ուրիշներուն իրար քցող (գժտեցնող) պտի չեղնի[7]։

Մականուն, պիտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրակի մարզի և մասնավորապես Գյումրու բնակչության շրջանում ընդունված էր բամբասկոտ(բամբասանքչի) մարդուն պիտակներ կպցնելը։ Օրինակ'

  • լըղլըղչի,
  • չիչո,
  • խաբարբզան,
  • խառնակչի,
  • խոսք տանող-բերող,
  • յոթ ծովի մերան (յոթ մածնի մերան),
  • ճալան-ճոթան։

Խորհրդային շրջանում տարածվել են նոր մականուններ՝

  • Չաստի ռադիո,
  • Բիբիսի,
  • Բանվոր թերթ,
  • Փայլակ,
  • Լրաբեր,
  • Թաղի տեղեկատու և այլն[8]

Թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաշատ քննարկվող թեմաներն էին կանանց գործերը, արտաքինը, վարքը, ընտանեկան հարաբերությունները։ Գյումրեցի կնոջ համար մաքրասիրությունը առաջնային տեղում էր՝ « ... թող բերանըմ էրկուս պակաս խորաթա էնե... յիստըկութենը խոմ փարով-փլով չէ, բան ու գործի անունն ինչ է»[9]։ Հատկապես քննարկվել են լվացք անելն ու բուրդ լվալը։ Ազգագրագետ Կարինե Բազեյանի դիտարկմամբ՝ ուսումնասիրված նյութերը վկայում են, որ 20-րդ դարասկզբին մեծ լվացքը արվել է Արփաչայում, Չարքզի ձորում, Գյումրի չայում։ Գյումրեցի կինը լվացքը յոթ ջուր էր լվանում, քիչ օճառ անելով՝ փորձում հնարավորինս մաքուր լվալ։ Տարին մեկ լվացվում էր ներքնակների բուրդը, իսկ վերմակները քանդում էին 3 տարին մեկ։ յս ամենը նույնպես դառնում էր բամբասանքի նյութ։

Բուռտըս լվացի, փռեմ քիչըմ չորնա, չըբղեմ։ Ես ըսի լըմգաձ Է, հըմը չէ. էնքան լավ լըվացվավ, աբրեշում դարձավ։ Տեսնեյր էրեգ էն Օսանն էլ էր բուռտ լըվացե. զուլումըդ բլի. քեզի կընիգ ըսողին ինչ ըսեմ, ճըմռտե, դրել էր էն կողմ, կըսեմ' ըխչ, լավ չես լվացե, կըսե ընձի ձեռ կուդա։ Այ վայս խ ելառ գըլխուտ. ես հընչի՞ բըդի քեզի պես լգդու հետ թուլ տամ խոսա՞մ, օր դու էլ քեզի երեվագայես։ Գիդե' չիդենք վօվ է[10] ...

Հատուկ քննարկման թեմա էր ձմեռվա «թադարուքը», տարբեր տեսակի պահածո և մուրաբա եփելը։

Մեր աշխադողներից մեգն էր ֆիշնի մուրաբա էպէ։ Ըսի՜ էրտամ շնորքը տեսնիմ. մուրաբա զուլումդ բլի. գուն չկար հէրեսը. մուրաբինը գունն է. մուրաբեն օր գունով չեղնի...չլցնես վազը կարմրի...հողը քեզի պես կնիգ ըսողի գըլխուն. պեսոկը էնքան քիչ է լըցրե, օր ֆիշնեն գունը թռցրել է. մե կովեն, տասը ծովեն, ջուր, ի՞նչ մուրաբա[11]։

Հ․ Մկրտչյանի հավաքագրած բամբասանքների նմուշներում հիշատակված են նաև գյումրեցի տղամարդու հատկանիշները՝

  • «տղեն կնգա գյամը բդի ձեոը պայե»,
  • «տղամարդը բդի խըմե»,
  • «էն թարֆեն օր գուգար, կըսեյն էրնեգ տիրոջդ, մյուս կընգտիգ ախ կենեյն, մէ անգամ հետը խոսայն, գիդես էդոնց պես ղզի՞գ էր»։

Քննարկվում էր նաև աղջիկների ու կանանց հագուստը, արտաքինը։ Հատկապես նոր ժամանակներում մեծ դժվարությամբ կենցաղ մտած նորաձևությունը։ հատկապես շպարը, միայն տղամարդու հագուստ համարվող տաբատը կանանց զգեստապահարան ներմուծելը, մազերը ներկելը։ Այս ամենը բացասաբար էր անդրադառնում նաև դեռ չամուսնացած աղջկա հեղինակությանը։ Երբ ավանդաբար ուզնկանները հետաքրքրվում և տեղեկություններ էին հավաքում աղջկա մասին, չարախոսությունը կարող էր մտափոխել ապագա խնամիներին։

Սոսկալի վիրավորված, Մկրտչի մայրը վերադարձավ տուն' արդեն ճանապարհին մտածելով, թե ինչ կերպ վրեժ լուծի ամբարտավաններից։ Չանցավ նույնիսկ մի օր, և ամբողջ Ձորի Բողազով տարածվեց նորությունը.-Մկրտչի մայրը գնացել է Հեղնարին ուզելու իր տղայի համար, բայց նկատել է, Որ աղջիկը հիվանդ է... Հեղնարի անունը միանգամից կոտրվեց։ Հարսնախոսների անընդհատ հոսքը նրանց տուն կտրուկ ընդհատվեց

Հայ առաքելական եկեղեցին բամբասանքը մեծ մեղք է համարում, հատկապես, եթե բամբասում են և վնասում աղջկա կամ տղայի հեղինակությունը՝ խանգարելով ընտանիք կազմելուն, «սրանք դասակից են մեր Տիրոջ մատնիչ Հուդային․․․»[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սոցհարցման արդյունքներ, թղթապանակ, 2007, ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ արխիվ։
  2. Հ. Աճաոյան, Արմատական բառարան, հ. 1, Եր., 1971, էջ 385:
  3. 6 Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ.1, Եր., 1979, էջ 430։
  4. ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հ.l, Եր., 1969, Էջ 277։
  5. Հ. Մկրտչյանի հավաքածու։
  6. Ն. Նիկողոսյան, Լենինական, ՀՀ ԳԱԱ ՀԼԼԻ բանահյուսության արխիվ, F F II, էջ 7468։
  7. Հ. Գյոլեցյան, Գյումրի (Ալեքսանղրապոլ Լենինական), ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ազգագրության բաժնի արխիվ, տետր 1, 1976, էջ 60։
  8. Կ․ Բազեյան, սոցհարցումների նյութեր։
  9. Հ. Գյոլեցյան, տետր 1, էջ 117։
  10. Հ. Մկրտ չյան, թղթապանակ 1978, էջ 71։
  11. 22 Հ. Մկրտչյան, թղթապանակ 1978, էջ 67։
  12. Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցի, Խրատի թանգարան, Ա. Էջմիածին, 2004, էջ 314։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ․ Բազեյան, Ասեկոսեների ու բամբասանքի կենցաղավարումը Գյումրիում, ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ, Գիտական աշխատանքներ, հ․10, 2007։

Ընթերցե՛ք «բամբասանք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Ընթերցե՛ք «ասեկոսե» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։