Բազմաթերթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազմաթերթություն, ծաղիկների ոչ բնական կառուցվածք։ Կապված ծաղկաթերթերի քանակի ավելացման (իսկական բազմաթերթություն) կամ ծաղկաբույլերում խմբված ծաղկապսակների ձևի և չափերի փոփոխության (կեղծ բազմաթերթություն՝ աստղածաղկազգիներ) հետ։

Բազմաթերթություն կարող է լինել առէջների կամ վարսանդի՝ ծաղկաթերթերի վերափոխման (կակաչ, քաջվարդ), բնային ծաղկաբույլերի թվի մեծացման (լոբելիա, զանգակ), ծաղկաթերթերի կիսվելու ու մակաճման (գնարբուկ, նազվարդ, ֆուքսիա), բնային ծաղկաբույլերում ծաղկաթերթերի սաղմերի չափերի փոփոխության (գորտնուկ, քնախոտ), ծաղկակոթի վրա մեկը մյուսին հաջորդող մի քանի ծաղիկների առաջացման (բազմացման, օրինակ՝ վարդ, մատիոլա, մարգարտածաղիկ) հետևանք։

Եթե բազմաթերթ ծաղիկների և՛ առէջները, և՛ վարսանդը շարունակում են գործել, ապա սերմերը ձևավորվում են բնականոն (ֆուքսիա, շնորհիկ), իսկ եթե գործում են կա՛մ միայն առէջները, կա՛մ միայն վարսանդը (ծխածաղիկ, մեխակ), ապա սերմեր կարելի է ստանալ արհեստական փոշոտման միջոցով, իսկ վերարտադրողական օրգաններն ամբողջությամբ ծաղկաթերթերի վերածվելու դեպքում՝ սերմեր չեն գոյանում, և այդպիսի բույսերի բազմացումը հնարավոր է միայն վեգետատիվ ճանապարհով (արաբախոտ, աբուտիլոն)։ Վարդի, մեխակի, գեորգենու, քաջվարդի շատ տեսակների բազմաթերթ ձևերն օգտագործվում են ծաղկաբուծության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։