Բազմաբյուրեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեկտրատեխնիկական պողպատի լուսանկար, որտեղ պատկերված է բազմաբյուրեղի կառուցվածքը

Բազմաբյուրեղ, որևէ նյութի բյուրեղների զանգված (ագրեգատ) (ի տարբերություն միաբյուրեղի`առանձին բյուրեղի)։ Բազմաբյուրեղներ կազմող բյուրեղներն անկանոն ձևի պատճառով կոչվում են բյուրեղային հատիկներ կամ բյուրեղներ։ Բազմաբյուրեղներ են համարվում շատ բնական և արհեստական նյութեր (հանքանյութեր, մետաղներ, համաձուլվածքներ, կերամիկա և այլն), որոնց ֆիզիկական հատկանիշների վրա մեծ ազդեցություն ունի նյութի բազմաբյուրեղության չափը[1]։

Հատկություններ և ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաբյուրեղների հատկությունները պայմանավորված են դրանց բաղադրիչ բյուրեղային հատիկների հատկություններով, դրանց միջին չափսով (որը տատանվում է 1-2 միկրոմետրից մինչև մի քանի մմ, իսկ որոշ դեպքերում՝ մինչև մի քանի մետր), հատիկների բյուրեղագիտական կողմնորոշումով և միջհատիկային սահմանների կառուցվածքով։ Եթե հատիկները կողմնորոշված են քաոսային, և դրանց չափերը փոքր են բազմաբյուրեղի չափի համեմատությամբ, ապա բազմաբյուրեղում չկա ֆիզիկական հատկությունների անիզոտրոպիա, որով օժտված են միաբյուրեղները։ Եթե բազմաբյուրեղը ունի հատիկների գերակշռող բյուրեղագիտական կողմնորոշում, ապա բազմաբյուրեղը հյուսված է և ունի անիզոտրոպ հատկություններ։

Հատիկների սահմանների առկայությունը զգալիորեն ազդում է բազմաբյուրեղների ֆիզիկական, հատկապես մեխանիկական հատկությունների վրա, քանի որ սահմաններում կատարվում է հաղորդականության էլեկտրոնների, ֆոնոնների ցրում,տեղաշարժերի արգելակում և այլն։

Բազմաբյուրեղները ձևավորվում են բյուրեղացման, բազմատեսակ վերափոխումների ընթացքում և բյուրեղային փոշիների եռակալման արդյունքում։ Բազմաբյուրեղը պակաս կայուն է, քան միաբյուրեղը, հետևաբար, բազմաբյուրեղի երկարատև թրծման դեպքում տեղի է ունենում վերաբյուրեղացում (ուրիշների հաշվին առանձին հատիկների գերակշռող աճ), ինչը հանգեցնում է խոշոր բյուրեղային բլոկների ձևավորմանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Purdue University Categories of Solids

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 211