Տնտեսական ռեսուրսներ
Տնտեսական ռեսուրսներ, նյութական և ոչ նյութական միջոցների ամբողջություն, որն օգտագործվում է անհրաժեշտ արդյունքներ արտադրելու և ծառայություններ մատուցելու համար։ Ռեսուրսները լինում են բնության կողմից տրված և մարդու կողմից ստեղծված։ Տնտեսական ռեսուրսների հիմնական տեսակներն են աշխատանքը, կապիտալը, հողը, ձեռնարկատիրությունը։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունված է տնտեսական ռեսուրսները բաժանել 4 հիմնական խմբի՝
- Բնական ռեսուրսներ- սրանք պիտանի այն բոլոր տարրերն են, որոնք կան բնության մեջ՝ տնտեսական և արտադրական ռեսուրսների ձևով։ Բնական ռեսուրսները իրենց հերթին դասակարգվում են անսպառ և սպառվողների, իսկ սպառվողները՝ վերականգնվողների և չվերականգնվողների։
- Նյութական ռեսուրսներ- մարդու ստեղծագործական աշխատանքի արդյունք հանդիսացող բոլոր կարգի արտադրության միջոցներն են, որոնք առկա են կամ նյութաիրային արժեքների, կամ կապիտալի ձևով։
- Աշխատանք կամ մարդկային ռեսուրսներ- այս խմբին է վերաբերում տնտեսապես ակտիվ աշխատունակ բնակչությունը։
- Ֆինանսական ռեսուրսներ- սա դրամական միջոցների, ֆինանսական ակտիվների բոլոր տեսակների համակցությունն է, որին տնօրինում է հասարակությունը, և կարող է դրանք տրամադրել արտադրություն կազմակերպելու համար։
Տնտեսական ռեսուրսները կազմում են հասարակության պոտենցյալ արտադրական հզորությունները, սակայն գործնականում արտադրության մեջ օգտագործվում է դրանց միայն մի մասը, որն անվանում են արտադրության գործոններ։ Դրանք են՝
Աշխատանքը` իբրև արտադրության գործոն, ըստ Կարլ Մարքսի, աշխատուժի սպառման գործընթացն է, իսկ աշխատուժը մարդու ֆիզիկական և մտավոր ունակությունների ամբողջությունն է։ Մարդու ունակությունները տնտեսագիտական գրականության մեջ ներկայացվում է որպես աշխատանքային ռեսուրս կամ պարզապես` աշխատանք։
Կապիտալը արտադրության համար անհրաժեշտ հումքն է, նյութերը, էլեկտրաէներգիան, սարքավորումները, մեքենաները, մեխանիզմները, շենքերը, կառույցները, գիտատեխնիկական նվաճումները։ Դրանք անընդհատ կատարելագործվում են, որի շնորհիվ մեծանում է արտադրության արդյունավետությունը, ինչն էլ, իր հերթին, նպաստում է ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը։ Նեղ իմաստով կապիտալը դա իր է, որը ընդունակ է իր տիրոջը եկամուտ բերել։ Լայն իմաստով դա գործի մեջ ներդրված եկամտի աղբյուր համարվող աշխատանքով ստեղծված ֆիզիկական կապիտալ է՝ դրամական խնայողություններ, արտադրության միջոցներ, որոնք օգտագործում են արտադրության գործընթացում։
Հողը բնության պարգևն է՝ չվերարտադրվող ռեսուրս և խիստ սահմանափակ։ Այն հնարավոր չէ փոխարինել մեկ այլ ռեսուրսով։ Այդ առումով հողը բացառիկ ռեսուրս է։ Հող հասկացության տակ տնտեսագետները նկատի ունեն բոլոր այն բնական ռեսուրսները, բնական բարիքները , որոնք կիրառելի են արտադրության պրոցեսում, ինչպիսիք են՝ վարելահողերը, անտառները, հանքային հանածոները և այլն։
Ձեռներեցությունը` որպես արտադրության գործոն, մարդկանց՝ արտադրություն կազմակերպելու, ռիսկի գնալու, արտադրության կառավարման, ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու ունակությունն է, որը տնտեսության զարգացման կարևոր պայմաններից է։ Եթե փորձենք պարզել արտադրության գործոնների բովանդակությունը, ապա կհամոզվենք, որ դրանք բնության տված կամ մարդու կողմից ստեղծված ռեսուրսներն են, որոնք օգտագործվում են արտադրության մեջ այս կամ այն արդյունքը ստեղծելու նպատակով։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.: Տնտեսագետ, 2008.- 172 էջ
- Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.` տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տնտեսական ռեսուրսներ» հոդվածին։ |
|