Արջն ու պառավը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արջն ու պառավը
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ՏեսակԻրապատում հեքիաթ
ԺանրՀեքիաթ
Բնօրինակ լեզուՌուսերեն
ԼեզուՀայերեն
Կերպար(ներ)

Արջ

Պառավ

Ծերունի
Ստեղծման տարեթիվ1910-ական թթ.
ԵրկիրՀայաստան
ՎիքիդարանԱրջն ու պառավը

«Արջն ու պառավը», ռուսական հեքիաթ՝ թարգմանված Հովհաննես Թումանյանի կողմից 1910-ական թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական ժողովրդական այս հեքիաթը թարգմանելիս՝ Թումանյանը նկատի է ունեցել նրա երկու տարբերակ՝ «Արջն ու պառավը» («Русские сказки для маленьких детей», изд. А. Ступина, М., 1900), «Արջի թաթը» («Русские сказки», изд, Сытина, М., 1913), նախապատվությունը տալով առաջինին։

Թարգմանությունը կատարվել է 1910-ական թվականներին։

Պահպանվել է հեքիաթի սևագիր ինքնագիրը, թղթի երկու մեծադիր թերթերի վրա, գրված սև թանաքով և մատիտագիր ուղղումներով (ԳԱԹ № 15)։ Առաջին անգամ տպագրվել է՝ ԵԺ 111, 415-417։ Տպագրվում է ինքնագրից[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Որտեղից էր, որտեղից չէր՝ մի պառավ իր ամուսնուն ասում է, թե գնա իր համար արջի միս բերի։ Ինքը ցանկանում է արջի միս ուտել։ Ամուսինն ասում է, որ ինքը որսկան չէ և չի կարող գնալ արջի միս բերել։ Խեղճ ամուսինը տեսնում է, որ պառավը իրենն է ասում, կացինը դնում է գոտիկը ու գնում արջի միս բերելու։ Ծերունին թաքուն թփի տակից մոտենում է ու արջի ետևի թաթը կտրում։ Արջը այնպես է գոռում, որ ծերունին վախից կացինն էլ թողնում է, արջի թաթը վերցնում է ու փախչում։ Ծերունին փախչում է տուն, արջի թաթը պառավին է տալիս և միտք է անում․ արջի համար մեղքը գալիս է։ Սակայն պառավը արջի թաթի մորթին քերթում է, մորթուց էլ բուրդը փետում, կրակը վառում ու միսը դնում կրակին, որ եփի, ինքն էլ մորթու վրա նստում է ու բուրդը մանում։ Արջը գիշերը գալիս է, տեսնում է, որ ծերունին քնել է, իսկ պառավը արջի բուրդը մանում է ու սպասում, թե թաթը երբ է եփելու։ Պառավը տեսնում է, որ արջը մոտենում է, ահից մարում է։ Պառավը ներքնատունը բաց է անում ու ընկնում այնտեղ։ Արջը սրահն է ընկնում, մթության պատճառով ընկնում է պառավի գլխին։ Ծերունին վեր է թռչում, գնում է, որ օգնություն կանչի։ Գալիս են տեսնում, որ արջը պառավի ոսկորներն է լիզում։ Արջին սպանում են, սակայն պառավը արդեն կենդանի չէր։ Պառավն էլ այնպես պառավ է լինում, որ ոչ ոք չի ափսոսում[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արջ
  • Ծերունի
  • Պառավ

Ռուսական հեքիաթների թումանյանական թարգմանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհհաննես Թումանյանը հայ ժողովրդական հեքիաթի ամենամեծ մշակողն է և Ղազարոս Աղայանի հետ ամենամեծ հեքիաթագիրն է։ Թումանյանը մեծ նշանակություն է տվել հեքիաթին, կարևորել դրա իմացաբանական, ճանաչողական նշանակությունը։ Նա գրել է.

«Հեքիաթի մասին ոչ միայն մեր «երջանիկ» աշխարհում, ավելի լավ երկրներում դեռ պարզ հասկացողություն չունեն։ Կարծում են դա հեշտ ու հանաք բան է։ Դա գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է, ուր ամբողջը հավիտենական սիմվոլներ են»։
- - Հովհաննես Թումանյան

Թումանյանը թարգմանել ու փոխադրել է ռուսական, գերմանական, ճապոնական, իտալական, իռլանդական, արաբական, հնդկական և ամերիկյան հնդկացիների հեքիաթներ։ Ռուսական հեքիաթներից թարգմանել է «Գեղեցկուհի Վասիլիսան», «Կարմիր ծաղիկը», «Արջն ու պառավը», «Երեք արջի հեքիաթը»։ Եթե «Գեղեցկուհի Վասիլիսան» և «Արջն ու պառավը» ռուսական ժողովրդական հեքիաթների թարգմանություններ են, ապա «Երեք արջի հեքիաթը» թարգմանված է Լ. Տոլստոյի «Три медведя» հեքիաթից, որն անգլիական նույնանուն հեքիաթի վերամշակումն է։ Իսկ ինչ վերաբերում է «Կարմիր ծաղիկին», ապա այս հեքիաթի թարգմանության համար հիմք է ծառայել ռուս գրող Ս. Տ. Ակսակովի «Ալվան ծաղիկը» հեքիաթը՝ ենթարկվելով որոշ կրճատումների։

Ռուսական ժողովրդական հեքիաթն ունի իրեն հատուկ քերականական յուրահատկությունները, որոնք էլ նրան առանձնացնում են այլ հեքիաթներից. դրանք կարևոր տարրեր են, որ անհրաժեշտ է հաշվի առնել՝ թարգմանությունը նույնական դարձնելու համար, որպեսզի այն պահպանի իր յուրահատկությունը, հեքիաթի ազգային բնույթը, բայց միևնույն ժամանակ հասկանալի լինի, այս դեպքում հայալեզու ընթերցողին։

Յուրաքանչյուր թարգմանություն բնագրի համեմատ կարող է պարունակել որոշակի փոփոխություններ և այդ փոփոխությունների քանակից է կախված թարգմանության ճշգրտությունը։ Դրա համար էլ այն պետք է հնարավորինս քիչ լինի։

Թումանյանը ռուսական այս հեքիաթների հայերեն կատարած իր թարգմանություններում ներմուծել է հայ ժողովրդական մտածողություն և լեզվական պատկերներ, չի կտրել դրանք հայ ազգային հողից, միևնույն ժամանակ դուրս է բերել նեղ ազգային շրջանակներից, քանի որ հեքիաթը չունի ժամանակ, չունի տարածություն։ Դա են ապացուցում հեքիաթի մտքի բանաձևը՝ «լինում է, չի լինում», տեղանքը մատնանշող «յոթ արևի ետև» արտահայտությունը, որոնք էլ փաստում են հեքիաթի և հավերժության կապը[3]։

Թումանյանական պատումի յուրահատկությունները հեքիաթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ո՞ւմ են հասցեագրված Թումանյանի հեքիաթները։ Մի առիթով հեղինակն անդրադարձել է այս հարցին. «Մենք չենք կարող գրողներին պատվիրել, թե գրեցեք էսքան կամ էնքան տարեկան երեխի համար։ Ես ինքս գրող եմ, մանկական գրվածքներ գրելիս երբեք չեմ մտածում, թե քանի տարեկան երեխի համար։ Ես ինքս գրող եմ, մանկական գրվածքներ գրելիս երբեք չեմ մտածում, թե քանի տարեկանի համար է նա։ Քանի տարեկանն ուսում է թող կարդա, ինչ հասակի համար կլինի, թող նրան տան։ Բոլոր հասակներին հարմար կլինի, ավելի լավ։ Չենք կարող սահմանավորել»[4]։

Թումանյանն այս սակավաթիվ գրողներից է, որ ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում։ Պարզ սյուժեի ետևում թաքնված է փիլիսոփայական ընդհանրացումներ պարունակող ենթատեքստ, որը հասանելի է միայն առավել հասուն տարիքի ընթերցողին։ Թումանյանի հեքիաթների ընկալումը պայմանավորված է ընթերցողի աշխարհայացքով և մտահորիզոնով։ Այնուամենայնիվ, դրանք կարելի է բաժանել տարիքային տարբեր խմբերի միջև։ Հետաքրքիր է՝ ինչպես է այդ հանգամանքն արտահայտվել հեքիաթներում ոչ միայն առանձին բառերի ու պատկերների, այլև հեքիաթային պատումի լեզվի, ռիթմի, սյուժեի շնորհիվ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու, 10 հատորով. Երևան: ՀՀ ԳԱԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ հր. էջ 817.
  2. Թումանյան, Հովհաննես. Երկերի Լիակատար ժողովածու 10 հատորով. Vol. 5. ՀՀ ԳԱԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ հր. էջ 831. {{cite book}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)
  3. (PDF) http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2020/09/AKUNQ-New.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու, 10 հատորով. Vol. 6. Երևան. էջ 538.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Գաբրիելյան, Լ. «Թումանյանական պատումի յուրահատկությունները հեքիաթներում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024-02-16-ին. Վերցված է 2024-02-16-ին.