Արի ինձ տեսնելու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արի ինձ տեսնելու
ռուս.՝ Приходи на меня посмотреть...
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն և մելոդրամա
Թվական2000
Լեզուռուսերեն
ՌեժիսորՕլեգ Յանկովսկի և Միխայիլ Ագրանովիչ[1]
ՊրոդյուսերԻգոր Տոլստունով
Սցենարի հեղինակՆադեժդա Պտուշկինա
ԴերակատարներԵկատերինա Վասիլևա, Օլեգ Յանկովսկի[1] և Իրինա Կուպչենկո
ՕպերատորՄիխայիլ Ագրանովիչ
ԵրաժշտությունՎադիմ Բիբերգան
ԿինոընկերությունProfit
Տևողություն102 րոպե
IMDbID 0261184

«Արի ինձ տեսնելու...» (ռուս.՝ «Приходи на меня посмотреть...»), ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրվել է 2000 թվականին Նադեժդա Պտուշկինայի «Մինչ նա մահանում էր» (ռուս.՝ «Пока она умирала») պիեսի հիման վրա։ Դերասան Օլեգ Յանկովսկու և օպերատոր Միխայիլ Ագրանովիչի ռեժիսորական նորամուտն է։

Ֆիլմը դարձել է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Выборгский счёт» մրցույթի հաղթող (2001 թվական)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանան, որը միջին տարիքի կին է, ապրում է Մոսկվայում իր հիվանդ մոր՝ Սոֆյա Իվանովնայի հետ, որը վերջին տասը տարիների ընթացքում չի կարողանում քայլել և շատ անհանգստացած է, որ դուստրն չի ամուսնացել։ Մորը թվում է, որ մեղավորն ինքն է և Տատյանային իր մոտ պահելու ցանկությունը։

Նոր տարուց մեկ շաբաթ առաջ Սոֆյա Իվանովնան հայտարարում է, որ ինքը կմահանա առաջիկա 2-3 օրվա ընթացքում, բայց կցանկանար մեռնելուց առաջ համոզվել, որ դուստրը երջանիկ է։ Հուսահատության մեջ նա երեք անգամ մատերով հարվածում է սեղանին։ Բնակարանի լույսերը մարում են, լսվում է դռան թակոց։ Դռան շեմին կանգնած է մի անծանոթ մարդ՝ ձեռքին վարդերի փունջ և շամպայն։ Պարզվում է, որ նա ժամադրության է գնում երիտասարդ սիրուհու մոտ և սխալմամբ ուրիշ դուռ է թակել։ Տատյանայի մտքում ծնվում է այդ մարդուն որպես իր փեսացու ներկայացնելու գաղափարը։ Վերջինս, ցուցաբերելով արկածախնդրություն, համաձայնում է միանալ Տատյանայի պլանին։ Զանգահարելով իր սիրուհուն՝ Իգորն իր չգնալը պատճառաբանում է աշխատավայրում տեղի ունեցած հանկարծակի ժողովով՝ մոռանալով, որ նա ունի համարի որոշիչ։ Աղջիկը հետ է զանգահարում, հեռախոսափողը վերցնում է Տատյանան։ Իգորը փորձում է հետ զանգահարել, բայց հետադարձ կապ չկա։ Սոֆյա Իվանովնան օրհնում է դստերը և Իգորին՝ խոստանալով ապրել էլի 2-3 ամիս, որպեսզի ներկա լինի նրանց հարսանիքին։ Տատյանայի հետ կարծիքների փոխանակումից հետո Իգորը հեռանում է։

Ուրախանալով, որ դուստրը փեսացու ունի, Սոֆյա Իվանովնան ասում է, թե լավ կլիներ նաև թոռնուհի ունենալ։

Մահացող մորը մխիթարելու համար Տատյանան բանջարեղենի խանութի վաճառողուհի Դինային համոզում է խաղալ հանկարծակի գտնված դստեր դերը, որից նա իբր հրաժարվել է ծննդատանը։ Այս տեսարանը տեղի է ունենում Իգորի աչքի առաջ, որը որոշում է շարունակել պատահական ծանոթությունը, քանի որ նա շատ էր հավանել նրնց տանը տիրող հարմարավետության մթնոլորտը, որն այդքան պակասում էր իր կյանքում։ Արդյունքում Տատյանան Իգորին ներկայացնում է որպես իր ենթադրյալ դստեր հայրը. երջանիկ Սոֆյա Իվանովնան ընտանեկան զարդեր է նվիրում նորահայտ թոռնուհուն։

Նվերից ապշած «թոռնուհին» հայտարարում է, որ անհետաձգելի գործեր ունի և հեռանում է՝ տանելով զարդերը։ Իգորը կարծում է, որ Տատյանան չափն անցել է իր ստերով, որից հետո նրանք վիճում են, և Իգորն ապտակում է Տատյանային։ Բայց վերջինիս նույնիսկ դուր է գալիս դա, քանի որ ոչ մի տղամարդու հետ իր հարաբերությունները երբեք նման կրքերի չէին հասել։

Ամանորի երեկոյան մայրը պնդում է, որ Տատյանան արձակուրդն անցկացնի Իգորի հետ, և նա գնում է ձմեռային քաղաք։ Փողոցում նա անսպասելի հանդիպում է «դստերը». Դինան հենակներով Ձմեռ պապի կերպարով գնում էր Տատյանայի մոտ՝ «տատի» նվիրած ընտանեկան զարդերը վերադարձնելու նպատակով։ Տանյան Դինային առաջարկում է ամբողջ ճշմարտությունը պատմել Սոֆյա Իվանովնային, բայց Դինան Տատյանային հետ է պահում այդ մտքից, քանի որ մանկատանը և ոչ բարեկեցիկ խնամատար ընտանիքում մեծացած Դինային դուր էր եկել իր կյանքում անսպասելի հայտնված «տատի» ջերմ ընդունելությունը։ Նրանք միասին գնում են տուն, որտեղ պարզվում է, որ Սոֆյա Իվանովնան կարողանում է քայլել։ Մեկ այլ Ձմեռ պապի կոստյումով հայտնվում է Իգորը, որն առաջարկություն է անում Տատյանային և ներողություն է խնդրում ապտակի համար։ Դրան ի պատասխան Տատյանան ասում է, որ դա իր լավագույն հիշողությունն է։

«Թոռնուհին» հայտարարում է, որ հղի է։ Սոֆյա Իվանովնան երջանիկ է. այժմ նա ունի լիարժեք ընտանիք՝ դուստր, փեսա, թոռնուհի, իսկ շուտով նաև ծոռ կունենա։ Նա թոռնուհուն խնդրում է շտապել, քանի որ կարծում է, որ երկար ժամանակ չի ուրախանա նրանց հետ. «Եվ մի էլ համոզեք։ Երեք-չորս տարի։ Ո՛չ ավել»։ Նրան տխրեցնում է միայն այն, որ իր ծոռը հայր չի ունենալու։ Սոֆյա Իվանովնան երեք անգամ մատներով հարվածում է սեղանին՝ ասելով. «Իմ ծոռը պետք է հայր ունենա»։ Այդ պահին դռան թակոց է լսվում։ Զարմացած Դինան գնում է բացելու, բոլորը խորհրդավոր ժպիտներով նայում են նրա հետևից։ Ոչ ոք այլևս չի կասկածում, որ նորից հրաշք է տեղի ունեցել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եկատերինա ՎասիլևաՍոֆյա Իվանովնա
  • Իրինա Կուպչենկո – Տատյանա, Սոֆյա Իվանովնայի դուստրը
  • Օլեգ ՅանկովսկիԻգոր, Տատյանայի «փեսացուն»
  • Նատալյա Շչուկինա -Դինա, բանջարեղենի խանութի վաճառողուհի, Սոֆյա Իվանովնայի «թոռնուհին»
  • Իվան ՅանկովսկիՎանյա, հարևան տղա-«հրեշտակ», որը նետում է բանանի կեղևները
  • Մարկ Ռուդինշտեյն – շամպայնի արկղով տղամարդը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Նադեժդա Պտուշկինա
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Միխայիլ Ագրանովիչ և Օլեգ Յանկովսկի
  • Բեմադրող օպերատոր՝ Միխայիլ Ագրանովիչ
  • Օպերատոր՝ Վիկտոր Շեյնին
  • Բեմադրող նկարիչներ՝ Վլադիմիր Ֆիլիպով և Օլգա Կրավչենյա
  • Կոմպոզիտոր՝ Վադիմ Բիբերգան
  • Հնչյունային ռեժիսոր՝ Ռոլանդ Ղազարյան
  • Մոնտաժի ռեժիսոր՝ Օլգա Գրինշպուն
  • Զգեստների նկարիչ՝ Նատալյա Ձյուբենկո
  • Նկարիչ-գրիմարարներ՝ Սվետլանա Լոբանովա, Լուիզա Մաչիլսկայա
  • Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիայի նվագախումբ
  • Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա
  • Ֆիլմի ռեժիսոր՝ Վալենտինա Զայցևա
  • Գլխավոր պրոդյուսերներ՝ Իգոր Տոլստունով, Վլադիմիր Գրամմատիկով

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի տարբերություն պիեսի, ֆիլմում գլխավոր հերոսներն ավելի երիտասարդ են։ Պիեսում Տանյան և Իգորը մոտ վաթսուն տարեկան են, իսկ Դինան՝ քառասուն։ Ֆիլմում Տանյան և Իգորը մոտ հիսուն տարեկան են, իսկ Դինան՝ ընդամենը 26։
  • Աննա Ախմատովայի բանաստեղծության հիման վրա գրված «Приходи на меня посмотреть» ռոմանսը (երաժշտությունը՝ Վադիմ Բիբերգանի) հնչում է Ելենա Կամբուրովայի կատարմամբ։
  • Օլեգ Յանկովսկին ֆիլմի մասին ասել է.

Դա «փետուրի փորձարկում» էր։ Հրեշավոր-սև ֆիլմերի հոսքի մեջ ուզում էի հանկարծ ինչ-որ բարի, լուսավոր պատմություն նկարահանել, ուզում էի ինչ-որ հեքիաթ ու բարություն։ Չնայած ես այլ կինո եմ երկրպագում ու սիրում։

«День» №188, 16 հոկտեմբերի, 2002[2]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 – «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոն
    • «Выборгский счёт» մրցույթի դափնեկիր (Մ. Ագրանովիչ և Օ. Յանկովսկի)
  • 2001 – «Любить по-русски I» «սիրո մասին» ռուսական ֆիլմերի I փառատոն-ստուգատես (Խանժոնկովի տուն)[3]
    • «Ոսկե պայտ» (Օ. Յանկովսկի՝ ռեժիսուրայի համար)
    • «Ոսկե պայտ» (Օ. Յանկովսկի՝ գլխավոր դերի կատարման համար)
  • 2001 – «goEast-2001» միջազգային կինոփառատոնի ժյուրիի դիպլոմ (Վիսբադեն)
  • 2001 – «Նիկա»[4]
    • Առաջադրվել է «Կինոյում տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում (Օ. Յանկովսկի)
    • Առաջադրվել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում (Ե. Վասիլևա)
  • 2001 – «Կինոտավր»
    • Մրցանակ տղամարդու լավագույն դերի համար (Օ. Յանկովսկի)
  • 2001 – «Лістапад» փառատոնի «Золото Лістапада» գրան պրի լավագույն ֆիլմի համար (Մինսկ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Наталья Влащенко. «Олег Янковский: Другого списка судьба мне не показала» (ռուսերեն). День. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. «Названы победители фестиваля «Любить по-русски»» (ռուսերեն). Lenta.ru. 2001 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. «Номинанты Национальной кинематографической премии «НИКА» за 2000 год». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]