Արիդ կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արիդ կլիմա ( լատ.՝ aridus - չոր), չոր կլիմա, բնորոշվում է տարեկան և օրական ջերմաստիճանների մեծ տատանումներով և մթնոլորտային տեղումների համեմատ գոլորշունակության գերազանցմամբ։ ՀՀ-ում Արիդ կլիմայի ձևավորումը պայմանավորված է խոնավության աղբյուրների հեռավորությամբ և Առաջավոր Ասիայի անապատների հարևանությամբ։ Դիտվում է Արարատյան դաշտում և Արփայի ավազանում՝ մինչև 1200 մ, Սյունիքում՝ մինչև 600-700 մ բարձրություններում։ Ամռանը գերակշռում են չոր, շոգ եղանակները։ Օդի միջին ջերմաստիճանը հուլիս-օգոստոսին 24-26 °C է, առավելագույնը՝ 40-42 °C, նվազագույնը՝ -25-ից -32 °C։ Օդի հարաբեր, խոնավությունը իջնում է մինչև 30%։ Լանդշաֆտը կիսաանապատային է, հաճախակի են խորշակները։ Երկրագործությունն առանց արհեստ, ոռոգման անհնարին է։ Պայմանները նպաստավոր են ոռոգովի խաղողագործության, պտղաբուծության, հացահատիկային և ջերմասեր բույսերի մշակության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png