Արգանդի վզիկի լորձենախախտ, արգանդի վզիկի հեշտոցային հատվածի ամբողջականության խախտում կամ էպիթելային ծածկույթի փոփոխություն (էրոզիա)։ Հայելու օգնությամբ զննելիս արգանդի վզիկի բացվածքի շուրջ նկատվում են վառ կարմիր հատվածներ։
Առավել հաճախ արգանդի վզիկի լորձենախախտը կապված է սեռական օրգանների բորբոքումների (օրինակ՝ արգանդի վզիկի լորձաթաղանթի բորբոքման), հեշտոցաբորբի, արգանդի հավելումների բորբոքման և այլն հետ, որոնք ուղեկցվում են լորձաթաղանթը գրգռող և փխրունացնող արտադրությամբ։ Լորձենախախտը կարող է առաջանալ ծննդաբերության և վիժումների ժամանակ արգանդի վզիկի լորձաթաղանթի վնասման, հորմոնային խանգարումների դեպքերում։ Արգանդի վզիկի լորձենախախտը կարող է լինել նաև բնածին։
Հիվանդությունը կարող է տևել ամիսներ և նույնիսկ տարիներ՝ առանց զգացնել տալու, և կինն, իրեն առողջ համարելով, բժշկի չի դիմում։ Սակայն երկարատև գոյություն ունեցող և հատկապես չբուժված լորձենախախտը կարող է ուռուցքի (այդ թվում չարորակ) առաջացման պատճառ դառնալ։ Արգանդի վզիկի լորձենախախտը որքան վաղ հայտնաբերվի, այնքան դյուրին և արագ կբուժվի։ Հիվանդության հայտնաբերման համար կարևոր են կանխարգելիչ զննումները։ Շատ կարևոր է սեռական օրգանների բորբոքումների (հեշտոցաբորբ, արգանդի վզիկի լորձաթաղանթի բորբոքում) և ծննդաբերության, վիժման ժամանակ առաջացած վնասվածքների վերացումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՀանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։