Ատամհատիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ատամհատիկի արարողություն

Ատամհատիկ (ակռահատիկ կամ էլ ատամնահատիկ), հայկական ծես, որը կատարվում է մանկան առաջին ատամը դուրս գալուց հետո։ Ըստ ծեսի, մանկան նստեցնում են սեղանի վրա, գլխի վրա պահում մի կտոր, և կտորի վրա լցնում խաշած ցորենի, լոբու, սիսեռի, գարու, և այլ հատիկներ։ Նախկինում արարողության ժամանակ, մանկան առաջ դրվում էին երեք իր՝ սանր, հայելի և դանակ։ Սանրը մանկան հավասար ատամներ ունենալու, հայելին առատության և պտղաբերության նշան էր, իսկ դանակն ուժի։ Մեր օրերում մանկան դիմաց դնում են տարբեր առարկաներ, որ առարկային մանուկը առաջինը ձեռք տա՝ խորհրդանշելու է նրա ապագա մասնագիտությունը։ Արարողությունն անցկացվում է երգերով ու պարերով:


Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:


Տարբեր հայկական շրջաններում, ծեսը տարբեր անուններով է կոչվում՝ Շիրակում և Ջավախքում անվանվում է ակռահատիկ, Մուշում՝ ակվասորիկ, Սյունիքում՝ ատամսուրիկ, Սիսիանում՝ կեղքահատիկ, Վայոց ձորում՝ կեռահատիկ, Արարատյան դաշտում հատիկ կամ ատամ սուր, Ղարաբաղում՝ կճեխաշ։

Ըստ ազգագրագետ Սամվել Մկրտչյանի, ատամհատիկը պտղաբերության և առատության խորհրդանիշ է։ Ծեսի ծագումնաբանություն դեռևս պարզ չէ, պարզ չէ նաև թե այն առաջին անգամ որտեղ է արվել[1]: Հայաստանի որոշ շրջաններում ծեսը կատարվում է երգերով, որոնք նկարագրում են երեխայի ապագա ճակատագիրը և գործունեությունը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]