Ավանդական բժշկության համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավանդական բժշկության համալսարան
ՀապավումԱԲՀ
Միջազգային անվանումUniversity of Traditional Medicine of Armenia
Հիմնադրված է1991
ՀիմնադրիրՆորիկ Սարիբեկյան
Տիպբարձրագույն ուսումնական հաստատություն
ՌեկտորՆորիկ Սարիբեկյան
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունՔ․ Երևան, Ավան վարչական շրջան
ՀասցեՄարշալ Բաբաջանյան փ․ 38ա
Կայքutm.am

Ավանդական բժշկության համալսարան (ԱԲՀ), բժշկական բուհ Հայաստանի հանրապետությունում։ Ավանդական բժշկության համալսարանը հիմնադրվել է 1991 թվականին։ Դասախոսական կազմը համալրված է մանկավարժական, մասնագիտական բազմամյա փորձառություն ունեցող, հանրապետությունում և նրա շրջանակներից դուրս ճանաչված գիտնականներով, դասախոսներով, բժիշկներով, որոնց աշխատանքի շնորհիվ ԱԲՀ-ն այսօր իր արժանի տեղն է զբաղեցնում հանրապետության բուհական համակարգում։

Համալսարանը պատրաստում է բժշկական կրթության, բժշկագիտության և առողջապահության ոլորտի նոր որակի, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բժիշկ-մասնագետներ։ Համալսարանում դասավանդվում են ժամանակակից բժշկական մասնագիտություններ, ինչպես նաև, ի հավելումն՝ ավանդական բժշկության մոտեցումներ, այսպիսով համալսարանը Հայաստանում միակն է, որտեղ համակողմանի ձևով ուսումնասիրվում է ինտեգրատիվ բժշկությունը՝ որպես ամբողջական գիտություն։ Համալսարանի գիտական ուղղվածությունն է՝ կենսաբժշկական գիտությունը։ Համալսարանը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրվել է 2001թ.-ից, շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ[1][2]։ Համալսարանը համագործակցում է հանրապետության և օտարերկրյա հաստատությունների ու կազմակերպությունների, այդ թվում՝ հիվանդանոցների, գիտական և ուսումնական կենտրոնների հետ։

Ավանդական բժշկության համալսարանը գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանում։ Այն կազմված է չորս կառույցից։ ԱԲՀ-ն ունի նյութատեխնիկական հարուստ բազա, որն ապահովում է ուսանողների առարկայական, լաբորատոր, գործնական, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը։ Համալսարանի տարածքում է գտնվում նաև Գիտաբժշկական ուսումնական կենտրոնը (ԳԲՈՒԿ), ախտորոշիչ և թերապևտիկ կլինիկա։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԲՀ կառավարման բարձրագույն մարմինը հիմնադիր անդամների ընդհանուր ժողովն է, որն ունի համալսարանի կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք։ Հիմնադիր անդամների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն ամրագրված են համալսարանի կանոնադրությունում։

ԱԲՀ կառավարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը և համալսարանի կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա`միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, ռեկտորի և գիտական խորհրդի գործառույթների իրականացմամբ, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծման դեպքում համալսարանի կոլեկտիվի մասնակցությամբ։

Համալսարանի հիմնական գործունեության ղեկավարումն իրականացնում է ռեկտորը։ Ռեկտոր նշանակվում է հիմնադիր անդամների ընդհանուր ժողովում և հաշվետու է համալսարանի հիմնադիր անդամների ընդհանուր ժողովին։ Համալսարանի ընթացիկ, ուսումնական և գիտամանկավարժական գործունեության հիմնական հարցերը քննարկվում են ռեկտորի խորհուրդում։ Խորհրդի կազմի մեջ մտնում են համալսարանի ստորաբաժանումների ղեկավարները, որոնք գործում են իրենց ստորաբաժանումների կանոնադրություններով և կանոնակարգերով։

Համալսարանի գիտական խորհուրդը` համալսարանի ռեկտորի նախագահությամբ, գործող մարմին է, որը լուծում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը։ Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի գերազանցում 25-ը։ Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են համալսարանի ռեկտորը (նախագահ), պրոռեկտորը, դեկանը, համալսարանի գիտական մասը, ռեկտորի խորհրդականը, ուսումնական մասի վարիչը, Արտաքին կապերի բաժնի վարիչը, ամբիոնների վարիչները, գիտաբժշկական ուսումնական կենտրոնի գլխավոր բժիշկը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ուսանողներ, ինչպես նաև համալսարանի ռեկտորի ընտրությամբ գիտամանկավարժական փորձ ունեցող այլ անձիք։

ԱԲՀ ռեկտորի խորհուրդը, գիտական խորհուրդը, դեկանատն ու ամբիոնները, ինչպես նաև բուհի վարչական ստորաբաժանումները ծավալում են գործառնություն` միտված ԱԲՀ առաքելությանը, դրա նպատակների և խնդիրների իրականացմանը։

ԱԲՀ-ն ունի 2 ֆակուլտետ՝ բուժական գործ և ստոմատոլոգիա[1][3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի «Բուժական գործ» ֆակուլտետը հիմնադրվել է 1991թ.՝ դեկան Ա. Կարապետյանի ղեկավարությամբ։ «Բուժական գործ» մասնագիտության ուսուցման տևողությունը 6 տարի է՝ առկա ուսուցմամբ։ «Բուժական գործ» մասնագիտության ուսումնական պլանը ներառում է՝ տեսական դասընթացների, կլինիկական դասընթացների կրթամասեր, կամընտրական առարկաներ և ուսումնական պրակտիկաներ։ Համալսարանի առանձնահատկությունից ելնելով՝ կլինիկական դասընթացների կրթամասում, ժամանակակից բժշկական առարկաներին զուգահեռ, ներառված են նաև գիտական հիմքների վրա դրված ավանդական բժշկության դասընթացներ, այդ թվում՝ ակուպունկտուրա, ասեղ-այրում թերապիա, բուսաբուժություն (ֆիտոթերապիա) և այլն։ Ուսուցումը կազմակերպվում է համալսարանի թիվ 1 մասնաշենքում, համալսարանի գիտաբժշկական ուսումնական կենտրոնում, ինչպես նաև Երևան քաղաքի առաջնակարգ կլինիկաներում, որտեղ անցկացվում են նաև ուսումնաարտադրական պրակտիկաները։

Ստոմատոլոգիական ֆակուլտետը հիմնադրվել է՝ 1996թ. դեկան հ.գ.թ., դոցենտ Կ. Վարդանյանի ղեկավարությամբ։ «Ստոմատոլոգիա» մասնագիտության ուսուցման տևողությունը 5 տարի է՝ առկա ուսուցմամբ։ «Ստոմատոլոգիա» մասնագիտության ուսումնական պլանը նույնպես ներառում է՝ տեսական և կլինիկական դասընթացների կրթամասեր, կամընտրական առարկաներ և պրակտիկաներ։ Ժամանակակից բժշկական առարկաներին զուգահեռ, ուսումնասիրվում են նաև գիտական հիմքների վրա դրված ավանդական բժշկության մեթոդներ[4][5]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտական աշխատանքները տարվում են գիտական հոդվածների, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների պատրաստման և հրատարակման ձևով։ Հետազոտական աշխատանքներին, բացի դասախոսական անձնակազմից, մասնակցում են նաև ուսանողները և շրջանավարտները։ Համալսարանի ընդհանուր հետազոտական ուղղվածությունը կենսաբժշկությունն է։ Առկա են նաև ամբիոնական գիտական ուղղվածություններ։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը լայնորեն ընդգրկված է հետազոտական գործունեության մեջ։ Գիտական աշխատանքները և հետազոտությունները համակարգվում են Գիտական մասի կողմից։ Համալսարանում ակտիվ գործում է Ուսանողական գիտական ընկերություն, որի շրջանակներում գործում են ուսանողական հետազոտական խմբեր և գիտական խմբակներ։ Ուսանողների գիտական ակտիվությունը մեծացնելու նպատակով համալսարանում նաև ներդրվել է ուսանող-ծրագրավարների համակարգը, որը հանդիսանում է նորարարություն և գործում է բավականին արդյունավետ։ Համալսարանում պարբերաբար կազմակերպվում են ներբուհական, հանրապետական և միջազգային գիտաժողովներ, սեմինարներ։

Ամբիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Հումանիտար առարկաների ամբիոն

2. Ստոմատոլոգիայի ամբիոն

3. Վիրաբուժական առարկաների ամբիոն

4. Թերապևտիկ առարկաների ամբիոն

5. Սոցիալական բժշկության ամբիոն

6. Բժշկակենսաբանական առարկաների ամբիոն

7. Բնագիտական առարկաների ամբիոն

Ուսանողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի ուսանողների ճնշող մեծամասնությունը՝ 90%-ից ավելի, միջազգային ուսանողներ են, այդ թվում՝ ուսանողներ Հնդկաստանից, Մեծ Բրիտանիայից, Իրաքից, Գանայից, Իրանից, Ուկրաինայից, Շվեդիայից, Թայլանդից, Ֆիլիպիններից, Վրաստանից, Հորդանանից, Շրի Լանկայից, Սիրիայից, Իռլանդիայից, Եգիպտոսից, Գերմանիայից։ Համալսարանում գործող ուսանողական մարմիններն են՝ Ուս․խորհուրդը և Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ)՝ վերջինիս ենթակայությամբ գործող ուսանող-ծրագրավարների հետ միասին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ավանդական բժշկության համալսարանի պաշտոնական կայք».
  2. «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) պաշտոնական կայք».
  3. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ N 1917-Ն առ 25 նոյեմբերի 2021 թվականի».
  4. ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ. ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (PDF). Երևան: Ավանդական բժշկության համալսարան. 2018.
  5. «Ավանդական բժշկության համալսարան// Կրթություն և կարիերա էքսպո 2023».