Բժշկական կրթությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բժշկական կրթություն, բժշկական կադրերի պատրաստման համակարգ, ապահովում է հանրակրթական և մասնագիտական առարկաների ուսումնասիրությունը, ինչպես նաև անհրաժեշտ գործնական հմտությունների տիրապետումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում բժշկության և բնական գիտությունների դասավանդած առաջին հաստատություններից հայտնի էր Սանահինի ուսումնարանը, որի լսարանը պահպանված է մինչ այժմ, և որտեղ 11-րդ դարի հայտնի գիտնական Գրիգոր Մագիստրոսը դասավանդել է նաև բժշկություն։ Տաթևի ուսումնարանում, որը կոչվել է նաև համալսարան, դասավանդել է հայտնի գիտնական Հովհան Որոտնեցին։ Նրա մահից (1386) հետո Գրիգոր Տաթևացին (1341-1411) կազմել է անատոմիայի և բնագիտության դասագրքեր։

Բժշկություն դասավանդվել է նաև Սիս քաղաքի ՆԵրսես Լամբրոնացու հիմնադրած համալսարանում (12-րդ դար)։ Հայտնի էին նաև Անիի, Տարոնի, Կեսարիայի դպրոցները, որտեղ 11-14-րդ դարերում ուսումնասիրել են բնական գիտություններ, այդ թվում նաև բժշկագիտություն։

ԵՊԲՀ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում բժշկական կրթություն ստանում են Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ում և ոչ պետական 4 բժշկական բուհերում, բժշկական ուսումնարաններում։

ԵՊԲՀ (մինչև 1995 թվականը՝ ԵԲՀ) հիմնվել է 1930 թվականին, ԵՊՀ բժշկական ֆակուլտետի (1922 թվականից) հիմքի վրա, 1989 թվականից կոչվել է Մխիթար Հերացու անունով։ ԵՊԲՀ ունի (2000) 6 ֆակուլտետ՝ բուժական, մանկաբուժական, ռազմական բժշկության, բուժկանխարգելիչ, դեղագիտական, ստոմատոլոգիական։ Ուսման տևողությունը առաջին 4 ֆակուլտետում 6, վերջին երկուսում՝ 5 տարի է։ Ուսուցման ընթացքում ցածր կուրսերում դասավանդվում են տեսական բժշկագիտության առարկաներ (անատոմիա, հյուսվածաբանություն, ֆիզիոլոգիա, կենսաբանություն, կենսաքիմիա, ֆիզիկա և այլն), իսկ բարձր կուրսերում՝ կլինիկական բժշկագիտության առարկաներ։ Ավարտելուց հետո ուսանողները հանձնում են պետական քննություններ և ստանում բժշկի կոչում, որից հետո 1 տարվա ընթացքում ինտերնատուրայում խորանում են իրենց ընտրած կլինիկական առարկայի գծով։ Կա նաև կլինիկական օրդինատուրա՝ 3 տարվա ուսուցումով։

Բարձրագույն բժշկական բուհն ավարտող և բժշկի կոչում ստացողները տալիս են բժշկի երդում։ Դեղագետներ և ստոմատոլոգներ պատրաստում են համապատասխան ֆակուլտետներում։ ԵՊԲՀ շատ ամբիոններում կատարվում են նաև գիտական հետազոտություններ։

Ներդրված է նաև բժիշկների մասնագիտական համապատասխանության ստացման կարգ, որը տրվում է պարբերական որակավորման եղանակով։

Այլ հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին բուժաշխատողներ՝ բուժակներ, մանկաբարձներ, սանիտարական բուժակներ (հիգիենային և հակահամաճարակային հսկողության կայանում աշխատող), բուժակ-լաբորանտներ, բուժքույրեր, դեղագործներ, ատամնաբույժներ, ատամնատեխնիկներ պատրաստում են բժշկական ուսումնարաններում (8-րդ և 10-րդ դասարանի կրթությամբ)։ Ուսման տևողությունը 2,5-3,5 տարի է։ 2000 թվականին Հայաստանում գործել են 11 պետական և 37 ոչ պետական բժշկական ուսումնարաններ։ Վերջիններիս ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։