Աստենիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աստենիա
Տեսակհոգեախտաբանական ախտանիշ
MeSHIDD001247

Աստենիա (հին հուն․՝ ἀσθένεια՝ թուլություն), աստենիկ վիճակ, աստենիկ համախտանիշ, աստենիկ հակազդում, նյարդահոգեկան թուլություն, քրոնիկական հոգնածության համախտանիշ, հիվանդագին վիճակ է, որը դրսևորվում է խիստ հոգնածությամբ և սպառվածությամբ, տրամադրության ծայրահեղ անկայունությամբ, ինքնատիրապետման ցածր մակարդակով, անհամբերությամբ, քնի խանգարմամբ, տևական մտավոր և ֆիզիկական լարվածության անկարողությամբ, բարձր ձայների, վառ լույսի, սուր հոտերի նկատմամբ անհանդուրժողականությամբ։ Հիվանդների ցածր տրամադրությունը կարող է ուղեկցվել նաև քմահաճությամբ, լացով։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստենիան կարող է առաջանալ ներքին օրգանների հիվանդությունների, վարակների, թունավորումների, հուզական, մտավոր և ֆիզիկական գերծանրաբեռնվածության, աշխատանքի, հանգստի և սննդի սխալ գրաֆիկի, ինչպես նաև նյարդային և հոգեկան հիվանդությունների արդյունքում։ Աստենիայի այն տեսակը, որն առաջանում է նյարդային գերծանրաբեռնվածության, հուզմունքի, երկարատև կոնֆլիկտների և բացասական ապրումների արդյունքում, կոչվում է նևրաստենիաներ։

Աստենիան կարող է ի հայտ գալ նաև ներքին օրգանների հիվանդությունների սկզբնական փուլերում (օրինակ՝ սրտի իշեմիկ հիվանդություն), ուղեկցել այդ հիվանդությանը՝ որպես դրա դրսևորումներից մեկը (օրինակ՝ խոցային հիվանդությունները տուբերկուլոզ և այլ քրոնիկական հիվանդությունները), կամ հանդես գալ որպես սուր հիվանդության ավարտի հետևանք (թոքաբորբ, գրիպ

Աստենիան նաև համարվում է Էլեկտրամագնիսական դաշտի (ԷՄԴ) գերբարձրհաճախականության ճառագայթման դիապազոնի կլինիկական դրսևորումներից մեկը[1]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստենիայի դրսևորումը կախված է այն առաջացնող հիմնական հիվանդությունից։ Աթերոսկլերոզի դեպքում նկատվում են հիշողության խանգարումներ և լացկանություն, հիպերտոնիկ հիվանդության դեպքում՝ գխացավեր և սրտի շրջանում տհաճ զգացություններ։ Աստենիայի առանձնահատկությունների ճշգրտումը հաճախ նպաստում է հիմնական հիվանդության ճանաչմանը։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումն ուղղված է աստենիայի հիմնական պատճառի հայտնաբերմանը։ Անհրաժեշտ է նաև ընդհանուր վերականգնողական բուժում՝ գլյուկոզայի, վիտամինների ընդունում, աշխատանքի և հանգստի ճիշտ կազմակերպում, զբոսանքներ, կանոնավոր սննդակարգ, քնի վերականգնում, ֆիզիկական հատուկ վարժությունների կատարում, թեպետ ոչ բոլոր հիվանդներն են լավ ընկալում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Օգտագործում են նաև նոոտրոպներ, հակադեպրեսանտների ոչ մեծ չափաբաժիններ և այլ դեղամիջոցներ[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Астения // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907 (ռուս.)
  • Бамдас Б. С. Астенические состояния. — М.։, 1961 (ռուս.)
  • Крейндлер А. Астенический невроз. — Бухарест։, 1963 (ռուս.)
  • Кречмер Э. Астенический тип. (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Холодов Ю. А. Мозг в электромагнитных полях. — М.: Наука, 1982. — (Человек и окружающая среда) (ռուս.)
  2. Машковский М. Д. Лекарственные средства. — 15-е изд., перераб., испр. и доп. — М.:«Новая Волна», 2006. — 1206с. (ռուս.)